ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը, կիսելով հեռուստառադիոհաղորդումների որակի վերաբերյալ վերջին շրջանում արձանագրված հասարակական մտահոգությունները, ընդգծել է որակական փոփոխությունների անհրաժեշտությունը, կարեւորել է նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել նպաստել այդ գործընթացին: Նա Ամալյանին հանձնարարել է առաջարկել ձեւաչափ, որը հնարավորություն կտա քաղաքացիական եւ հասարակական կառույցներին ներազդել հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակային բաղադրիչի վրա: