Երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ԼՂՀ-ում հանդիպել է ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ բանակի հրամանատարական կազմի հետ: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ծանոթացրել է պաշտպանական բանակի կառուցվածքին, տեղաբաշխմանն ու մարտական պատրաստականությանը: Ներկայացրել է նաեւ զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրներ, որոնց լուծման համար Հ. Աբրահամյանը Մ. Հակոբյանին առաջարկել է ներկայացնել գրավոր հիմնավորումներ, որպեսզի հարցը քննարկվի ՀՀ ԱԺ-ում եւ օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարվեն: Ի դեպ, Մ. Հակոբյանը Հովիկ Աբրահամյանին պարգեւատրել է նախարարության հուշամեդալով: Այնուհետեւ Հ. Աբրահամյանը պատվիրակության հետ եղել է սահմանային շփման գոտու պաշտպանական կառույցներում: «Հ. Աբրահամյանը ծանոթացավ զինվորների ծառայությանը եւ իր իսկ բնորոշմամբ` համոզվեց, որ երկիրը հուսալի ձեռքերում է»,- ասված է ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: