«Հայկական ընդդիմության կողմից երկրում բոլոր համակարգերը փոխելու պայքարի ընկալման մեջ, որը լատինաամերիկյան քաղաքական համակարգում ընդունված է անվանել «չեգեւարիզմ», ճգնաժամ է ընկած»,- երեկ նման տեսակետ է հայտնել Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի` հետընտրական դեպքերը, այդ թվում` մարտի 1-ը եւ ՀՀ-ում այդ օրերին հայտարարված արտակարգ դրությունը, լուրջ քաղաքական ճգնաժամ են ներկայացնում, որից երկիրը դուրս է գալիս, սակայն ճգնաժամային իրավիճակը դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ: Քաղաքագետի համոզմամբ` երկրում բավականին լուրջ քանակությամբ մարդիկ կան, որոնք կարծում են, որ փաստացի բոլոր քաղաքական համակարգերը լեգիտիմ չեն, եւ այդ մարդիկ միայն քաղաքական ընդդիմության կենտրոնը ներկայացնող մարդիկ չեն: «Ընդդիմությունը եւ կոնկրետ՝ Հայ Ազգային կոնգրեսը, այդ մասին ուղղակի ասում է»,- ասել է Ա. Իսկանդարյանը, ում կարծիքով` եթե երկիրը բաժանված է երկու հատվածի, եւ մի հատվածը բացարձակապես չի ճանաչում մյուսին, եւ դա արտահայտվում է ամեն ինչում, ապա դա կարելի է կոչել ճգնաժամ: «Այսօր ինձ չի թվում, որ դա կարող է ինչ-որ բանի բերել, բայց փորձը ցույց է տալիս, որ նման բան կարող է լինել, եթե կա լայն սոցիալական դժգոհություն»,- նշել է քաղաքագետն` ավելացնելով` քանի դեռ հասարակության մի մեծ հատված գործող բոլոր քաղաքական համակարգերը համարում է ոչ լեգիտիմ, կա հավանականություն, որ իրավիճակը ժամանակ առ ժամանակ կարող է լարվել։ «Իսկ բոլոր հետկոմունիստական երկրների փորձը, որտեղ տեղի են ունեցել հաջողված կամ ձախողված հեղափոխություններ, ցույց է տալիս, որ այդ երեւույթը տեղի է ունենում ընտրությունների ժամանակ»,- ասել է Ա. Իսկանդարյանը: