«Քոչարյանը ետ գալու հնարավորություն չունի»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

22/02/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– 2001 թվականից սկսած ընդդիմությունը փորձում է իշխանափոխություն իրականացնել, սակայն այդպես էլ չի ստացվում: Չստացվեց նաեւ 2008թ., երբ ընդդիմությունը վայելում էր ժողովրդի հզոր աջակցությունը: Ինչո՞ւ չի ստացվում, ինչ-որ սխալ եք թույլ տվե՞լ, թե՞ լիարժեք չեք պայքարել:

– Հայաստանում որպեսզի իշխանություն փոխվի, մի քանի գործոնների համադրում է անհրաժեշտ: Մեկ գործոնով նման փոփոխությունները քիչ հավանական են այս կարգի երկրներում, որտեղ արտաքին քաղաքական ազդեցությունը շատ մեծ է: Բայց դրա ականատեսը մենք լինելու ենք ճգնաժամի այս փուլում ու շատ շուտով: Գործոններից առաջինը ժողովրդավարական գործընթացներն են: ՀՀ-ում իշխանությունն ընտրություններով չի փոխվում, հետեւաբար` հետընտրական պրոցեսները տանում են հասարակական բողոքների, եւ դրանք ՀՀ-ում դեռ շարունակվելու են: Երկրորդը` տնտեսական խնդիրներն են: Երբ ժողովրդավարությունը բացակայում է, տնտեսական խնդիրները դառնում են շատ գլոբալ: Եվ այս իրավիճակում դժվար է տարանջատել` մարդը տնտեսական խնդրի՞ համար է պայքարում, թե՞ իր իրավունքի: Տաքսու վարորդը պայքարում է իր իրավունքի՞, թե՞ օրվա հաց աշխատելու համար: Իմ կարծիքով` աշխատելու, ապրելու, բուժվելու իրավունքի համար: Եվ երրորդ գործոնը, որով կարող է երկրում իշխանություն փոխվել, աշխարհաքաղաքական, մեր ազգային` ԼՂՀ խնդիրն է: Այս 3 ուղղություններն էլ այս ընթացքում սրընթաց զարգանում են: Եվ այս 3 ճանապարհների հատումը բերելու է իշխանափոխության: Որեւէ մեկն ի վիճակի չէ լինել այս 3 ուղղությունների կիզակետում եւ պահել իշխանությունը:

– Իսկ իշխանության ձեռնարկած միջոցառումները բավարար չե՞ն համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար:

– Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար ՀՀ-ին անհրաժեշտ է 4 մլրդ դոլարից ոչ պակաս գումար: Տեսեք, թե ԱՄՆ-ը կայացած ժողովրդավարության, շուկայական տնտեսության պայմաններում ինչ գումարներ է դնում, ՌԴ-ն ինչ գումարներ է դնում եւ ինչ քայլերի է գնում տնտեսությունը փրկելու համար: Հայաստանը չունի այդ հնարավորությունը, որովհետեւ նախորդ իշխանությունները` իրենց ձեռքը վերցնելով սպառման բոլոր ապրանքների դաշտն ու ցանկը, մոնոպոլացնելով տնտեսությունը, ստվերային դաշտ են ստեղծել, որտեղ պետության բյուջեից ավելի գումարներ են գնացել իրենց գրպանը: Եվ ՀՀ-ն այս ծանրության մեջ ընկել է ոչ թե համաշխարհային տնտեսական ճգնաժամի, այլ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա իշխանության կողմից երկիրը սիստեմատիկ թալանելու պատճառով: Սա ազգային ու տնտեսական ահաբեկչություն է: Եվ պատմությունը ցույց է տալիս, որ տնտեսական ճգնաժամերի ժամանակ հիմնականում այս կարգի երկրների տնտեսության թղթի վրա գրած աճը պղպջակի նման պայթում է: Իսկ ժողովրդավար երկրներում տնտեսական խնդիրները հաղթահարվում են շատ ավելի հանգիստ: Անհնար է բերել մի օրինակ, երբ ժողովրդավար երկրում մարդիկ ապրեն ծայրաստիճան վատ: Ինձ համար տնտեսության զարգացման թիվ մեկ խնդիրը ժողովրդավարությունն է, ինչի հիմքում էլ դրված է ազատական տնտեսությունը: Եվ միայն այդ պատճառը բավարար է, որ երբ դոլարի փոխարժեքը դառնա 500 դրամ, այս երկրում իշխանությունը կփոխվի: Հերիք է քաղբանտարկյալներից 15-ին միանգամից բաց թողնեն, իշխանությունը կփոխվի: Քոչարյանն ինչո՞ւ մարտի 1-ի հրամանը տվեց, երբ իրեն ընդամենը 40 օր էր մնացել: Ինքը պետության վարկանիշի, պետության կայացման հաշվին գնաց պահելու սեփական իշխանությունը, ստեղծած սեփական համակարգը, որով հույս ուներ այդ կոռումպացված դաշտը, թալանված Հայաստանն իրենով անել: Մեր երկրի այս վիճակի հիմնական մեղավորը նախկին նախագահն է:

– Չե՞ք կարծում, որ ՀՀ-ում իշխանափոխություն լինելու համար ներքին գործոններից ավելի շատ գերտերությունների ու միջազգային կառույցների ցանկությունն է պետք: Եվ այդ կառույցներն աջակցում են ոչ թե ընդդիմությանը, այլ գործող իշխանություններին:

– Բացարձա՛կ: Ես համոզված եմ, որ Ռ. Քոչարյանը, ում գործունեությանը 6 ամիս ականատես եմ եղել, քաղաքական քցողի փայլուն կերպար է: Նա 10 տարի տարբեր բանակցություններով գնաց իմիտացիայի ոչ թե Ղարաբաղի հարցի լուծման, այլ լուծման ցանկություն ցուցադրելով եւ հարցը չլուծելով: Իսկ որքան խաբում ենք, այնքան մեր հանդեպ վստահությունը կորում է, եւ այնքան ԼՂՀ հարցում առաջարկվող պայմանները վատանում են: Դրա օրինակները բազմաթիվ են` սկսած տարածքներն օկուպացված համարվելուց, վերջացրած Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարություններով, Թուրքիայի` բանակցությունների մեջ մտնելով եւ այլն: Այնպես որ` թող տպավորություն չլինի, թե Ս.Սարգսյանին արտաքին աշխարհն աջակցում է, իսկ ընդդիմությանը` ոչ: Հակառակը, աշխարհն ուզում է այս տարածաշրջանը տեսնել խաղաղ, որպեսզի այստեղ էներգետիկ նոր ենթակառուցվածքներ ձեւավորի: Իսկ դրան խանգարում է ԼՂՀ հարցը: 10-11 տարում այս խնդրի չլուծումը զզվեցրել է բոլորին՝ բացառությամբ 1-2 երկրների, որոնց ձեռնտու է այդ ձգձգումը: Ու այս առումով Ս.Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը փայլուն չէ, կատարում է նույն սխալները, ինչն արել է Քոչարյանը: Եթե Քոչարյանն այն ժամանակ «Հոկտեմբերի 27»-ով եւ այլ բաներով որոշակի ժամանակ ստացավ, ապա Ս.Սարգսյանը դա չունի: Մարտի 1-ի դեպքերը նման կերպով իշխանության եկած բանակցային կողմի դիրքերը թուլացնում են: Հանուն Ղարաբաղի այստեղ արդար ընտրություններ են պետք:

– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ պատժամիջոցներ չեն կիրառում, չէ՞ որ ՀՀ-ն չի կատարում այդ կառույցների մոտ ստանձնած պարտավորությունները:

– Եթե ԵԽ ԽՎ-ում ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառում, նշանակում է` իշխանություններն ինչ-որ աշխատանք կատարում են, նման արդյունքներ ստանալն իշխանության վրա բավական ծանր է նստում: Պատվիրակության կամ պետությունների ղեկավարների, վարչապետերի, խորհրդարանների ղեկավարների միջոցով պատվիրակության վրա ազդեցությունների աշխատանքը շատ ծանր է: Դա երբեմն սեփական ինքնասիրության, տրված խոստումի հաշվին է լինում: Մյուս կողմից էլ` ՀՀ պատվիրակությանը ձայնից զրկելով` ԵԽ ԽՎ-ն իր ազդեցությունը ԼՂՀ հարցով փոքրացնում է: Այս առումով Եվրոպային ձեռնտու է ՀՀ-ին անընդհատ մոնիտորինգի տակ պահել, սեփական տեսակետն անցկացնել, անընդհատ հանդիպել իշխանությունների հետ ու վախեցնել նրանց: Նրանք ունեն հստակ գործիք ու ՀՀ իշխանություններին կարողանում են կառավարել: Այս առումով իրենց ձեռնտու չէ պատժամիջոց կիրառելը: Քանի դեռ ԼՂՀ հարցով վերջին շրջանի լավատեսությունը չի ավարտվել, Հայաստանը լինելու է մոնիտորինգի տակ: Նույնիսկ, եթե քաղբանտարկյալներին բաց թողնեն, ՀՀ-ին մոնիտորինգի տակ են պահելու, ասելու են՝ այն 10 մարդուն ո՞վ է սպանել, դրանց գտեք: Դա ակնարկել են:

– Իսկ ինչո՞վ եք բացատրում իշխանությունների կողմից հանրահավաքների եւ բողոքի այլ ակցիաների արգելումը:

– Իշխանությունները հանրահավաքից վախենում են, դրա համար էլ թույլ չեն տալիս: Թույլ տալը համարում են պարտություն: Չվախենային, կասեին` 700.000 ձայն մենք ենք հավաքել, 350.000 էլ՝ դուք, գնացեք` արեք, հո 700.000 չե՞ք հավաքելու: Ընդհանրապես Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի իշխանությունը վախենում է շատ մարդուց: 2004թ. ապրիլի 12-ին եկան առավոտվա 5-ին, երբ մարդկանց քանակը քիչ էր, մարտի 1-ին եկան առավոտյան 6-ին, նորից մարդկանց քանակը քիչ էր:

– Կիսո՞ւմ եք այն տեսակետը, թե Ռ. Քոչարյանը երկար չի հանգստանա եւ շուտով իշխանության վերադառնալու փորձեր կանի:

– Շատ ավելի լավ մեզ համար, այդ դեպքում միանշանակ իշխանական թիմը բաժանվելու է: Հիմա էլ կա այդ բաժանումը, բայց դրան հակադրվելը հեշտ է գործող նախագահի համար, որովհետեւ ինքը ռեալ իշխանություն ունի: Արդեն իրենք իրենց ներսում եւ համագումարներում են Քոչարյանին ասում թոշակառու: Գալու է ժամանակ, որ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացի խուսափելու է, հրաժարվելու Քոչարյանի հետ նախկինում ունեցած շփումներից: Այդ տենդենցն արդեն երեւում է: Նա ոչ որպես գործող ղեկավար էր լավ, ոչ էլ ստվերային գործիչ: Որոշակի առումով իր բախտն է բերել` ԱՄՆ-ում Սեպտեմբերի 11 եղավ, թե չէ այն ժամանակ արդեն իշխանությունը փոխվում էր: Բախտը բերեց, սկսվեց Իրաքյան պատերազմը, թե չէ էլի լարվածությունը հասել էր նրան, որ իշխանությունը փոխվում էր, Ղարաբաղյան հարցում ճնշումները ուժեղ էին: Բայց հիմա ետ գալու հնարավորություն չունի, իմ խորին համոզմամբ` շատ է ուզում, բայց բոլորն էլ հասկանում են, թե նա ինչ ինտրիգների ու հոգեկերտվածքի տեր մարդ է:

– Կարծիք կա, թե այս գարունն ընդդիմության համար վճռորոշ է լինելու. կամ պայքարն ավելի հզոր թափ է առնելու, կամ էլ` վերջնականապես մարելու է: Այս առումով ի՞նչ ծրագրեր կան:

– Չեմ ուզում առաջ ընկնել, նաեւ հանրահավաքն իր հավաքական տեսակետով ու Լ.Տեր-Պետրոսյանի ելույթով կպատասխանի այդ հարցին: Այսօր տակտիկական քայլերը բացահայտելը ճիշտ չեմ համարում: Հայաստանը որպես կոռումպացված, սուտ թվերով ձեւավորված, որեւէ ռեսուրս, կայունացնող ֆոնդ չունեցող երկիր է, որը փորձում է կոշտ միջոցներով դրամի արժեքը պահել: Փորձում է բուհերում հանգստություն եւ ուսանողներին կախվածության մեջ պահել: Բայց ուսանողները նույն տնտեսական ճգնաժամի պատճառներից ելնելով` վճարելու հնարավորություն չունեն: Եվ իրենց ապագային վերաբերող անվճարունակությունը նրանց հոգում ծանր ազդեցություն է թողնում, որի մեղավորը տեսնում են իշխանությանը: Եվ այս առումով շատ ծանր գարուն է լինելու: Ընդդիմությունը պետք է կարողանա իշխանության ծանր վիճակից օգտվել եւ հեռացնել իշխանությունից, բայց նաեւ ընդդիմությունը պետք է կարողանա այնքան շրջահայաց լինել, որ դա չանի այնպիսի մեխանիզմներով, որ վնասի Հայաստանի պետականությանն ու անվտանգությանը: Առավելեւս՝ ԼՂՀ հարցի լուծմանը: