Աղացած սուրճը կոֆեին ավելի քիչ է պարունակում

03/07/2005

JAZZVE ընկերությունն օրերս ներկայացրեց սուրճի նոր տեսակ՝ «Ջազվե»
անունով: «Սա էլիտար սուրճ է»,- ասաց ընկերության ներկայացուցիչը: Սուրճի
գինը, իրոք, էլիտար է. 1 կիլոգրամն արժե 10.000 դրամ: Իսկ բարձր որակի
մասին պատմում է Ռոգելյա Միտյան, որը JAZZVE սուրճի բաղադրությունը
հայտնագործող իտալական «San Giusto Caffe» ընկերության սեփականատերն է:
Հենց այդ ընկերությունում էլ արտադրվում եւ փաթեթավորվում է JAZZVE
սուրճը: Մեր հարցերին պատասխանում է Ռոգելյա Միտյան:

– Սուրճի 4 «Արաբիկա» եւ 2 «Ռոբուստա» տարատեսակների խառնուրդի
արդյունքում է ստեղծվել JAZZVE-ն: Երկրի վրա քիչ են այն վայրերը, որտեղ
հնարավոր է աճեցնել JAZZVE սուրճի հումքը: Դրանք են Սումատրա կղզին,
Նիկարագուա լեռը եւ Եթովպիայի հինավուրց Իրագաչիվ լեռը: Մենք ստացանք
բարձր որակի մի խառնուրդ, որը, կարծում եմ, կբավարարի սուրճի սիրահար հայի
ճաշակը:
– Հայաստանի սուրճի շուկան ուսումնասիրե՞լ եք, հայերն ինչպիսի՞ սուրճ են խմում:
– Ես ճանաչել եմ հայ սպառողի ճաշակն այնքանով, որքանով ինձ ներկայացրել է
«Ջազվե սուրճ» ընկերությունը: Ուղղակի կարող եմ ասել, որ Հայաստանում հեշտ
չէ սուրճի լավ խառնուրդ գտնել: Գոյություն ունեցող տեսակներն էլ շատ էժան
ու ցածր որակի են: Եթե ուզում ես որակյալ սուրճ խմել, սուրճից հաճույք
ստանալ, պետք է թանկ վճարես: Եթե քիչ ես վճարում, ունենում ես ցածր որակ:
Ցանկացած ոլորտում այդպես է: Մենք՝ «Ջազվե սուրճ» ընկերության հետ միասին
ուզում ենք սուրճ խմելու կուլտուրան Հայաստանում զարգացնել:
– Հայաստանում կա էլիտար մեկ այլ՝ Փարիզյան սուրճը: «Էլիտար շուկան» դժվար չի՞ լինի ձեզ համար:
– Այո, իհարկե: Բայց ես վստահ եմ, որ JAZZVE-ն սպառողների իր բանակը կունենա:
– JAZZVE-ն հայ սպառողին դուր եկա՞վ:
– Ես ուշադիր հետեւեցի եւ նկատեցի, որ այս սրճարանի հաճախորդները սուրճից
գոհ էին: Եթե դուք էլ փորձեք, կզգաք, որ JAZZVE սուրճի համի մեջ գերիշխողը
թթվությունն է, ոչ թե դառնությունը:
– Բայց հայերին դառնությունն է դուր գալիս:
– Մեր սուրճի մեջ կա հավասարակշռված թթվություն եւ դառնություն, եւ դա շատ
ավելի նուրբ համ է տալիս: Խմելուց հետո դուք չեք զգա այն դառը համը, որ
սովորաբար մնում է ձեր բերանում: Ներկրող ընկերության հետ մենք
նախապատրաստական աշխատանքներ կատարեցինք: Ես նրանց տվեցի որոշ
քանակությամբ նմուշներ, եւ նրանք ընտրեցին այն, որը ավելի կհամապատասխանի
ձեր ճաշակին: Երբ առաջարկվում է լավ ապրանք, վստահ եղեք, որ դա սպառողին
դուր կգա:
– Կարծեմ Եվրոպայում ավելի շատ ընդունված է լուծվող սուրճը:
– Այո, ճիշտ եք, բայց Եվրոպայում արդեն տենդենց կա դեպի աղացած սուրճը,
որովհետեւ այն կոֆեին ավելի քիչ է պարունակում: Եվ հետո աղացած սուրճն
ավելի հարուստ է համային տարրերով, այսինքն, քեզ մոտ տպավորություն չի
մնում, թե սեւ հեղուկ ես խմում: Ես հատուկ ուշադրություն եմ դարձրել
լուծվող սուրճի արտադրության տեխնոլոգիաների վրա. այն պատրաստվում է
աղացած սուրճի մնացորդներից: Աղալուց եւ բովելուց հետո մնացած թափոններից
է պատրաստվում լուծվող սուրճը: Բացի այդ, արդեն նկատվում է, որ սուրճ խմող
հասարակությունն ավելի շատ նախընտրում է բնական, աղացած տեսակը: Ի դեպ,
գնալով աճում է պահանջարկը նաեւ «Էքսպրեսո» սուրճի նկատմամբ:
– Ինչո՞ւ եք JAZZVE սուրճն աղում եւ փաթեթավորում Իտալիայում:
– Հայաստանում համապատասխան սարքավորումներ ու տեխնոլոգիա չկա:
– Արտահանելու մտադրություններ ունե՞ք:
– Դա ընկերությունն է որոշում, եթե ցանկություն կունենա, թող արտահանի: JAZZVE բրենդը պատկանում է «Ջազվե սուրճ» ընկերությանը:
– Մտավախություն չունե՞ք, որ շուկայում նույն ապրանքանիշով կեղծ ապրանք կհայտնվի:
– Ես որոշ մտավախություններ, իհարկե, ունեմ, եւ դա բնական է,
մրցակցությունը կարող է նաեւ դրան հանգեցնել: Իմ նպատակն է՝ աշխատել լուրջ
եւ ճիշտ, եւ միշտ պահպանել իմ արտադրանքի բարձր որակը, որպեսզի չկորցնեմ
թեկուզ այս նոր շուկան: Դժվար է գտնել այնպիսի մի սպառող, գործընկեր, որը
«Ջազվե սուրճ» ընկերության նման կազմակերպված լինի:
– Հայ եւ իտալացի սուրճ խմողներն իրարից շա՞տ են տարբերվում։
– Այո, բայց հավատացեք, որ անկախ ազգությունից՝ բարձր որակի սուրճ կխմեն
բոլորը: Մեր երկու ազգերը նաեւ շատ նման են: Դա սկզբում ես չգիտեի, ինձ
այստեղ ասացին: Հետո նկատեցի, որ դուք էլ իտալացիների նման շատ հյուրասեր
եւ ընդունելություն կազմակերպող ժողովուրդ եք:

Զրուցեց Ա.ԱՎԵՏՅԱՆԸ