«Որեւէ մեկը չի կարող ինձ վախեցնել կամ ստիպել»

22/02/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ Ռ. Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ վերահաստատել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանն աճուրդով գնելու փաստը: «Ես ձեզ բոլորիդ խորհուրդ եմ տալիս տուն-տունիկ չխաղալ: Սա պետություն է, եւ պետության հետ տուն-տունիկ չեն խաղում: Ես դա գնել եմ պետությունից եւ իմ կարծիքով՝ գնել եմ բավական բարձր գնով, եւ այն մարդիկ, որոնք խոսում են բարոյականությունից, թող մի հատ հետ գնան եւ տեսնեն իրենց գնածները, որոնք ժամանակին խլել են»,- երեկ հայտարարեց Ռ. Հայրապետյանը: Պատասխանելով հարցին, թե` իր կողմից «Բջնին» գնելն արդյոք բարոյակա՞ն է, Ռ. Հայրապետյանն ասաց. «Թող մարդիկ հետ նայեն ու տեսնեն, թե ի՞նչ միջոցներով են իրենց սեփականությունը ձեռք բերել: Թող տեսնեն իրենց գնածները, որ ժամանակին գնել են կամ խլել են: Տեսնենք` բարոյակա՞ն է, թե՞ ոչ: Եթե կընդունեն, որ իրենք անբարոյականություն են արել, ուրեմն` ես էլ եմ արել: Խոսքը վերաբերում է հենց «Սիլ» կոնցեռնի ղեկավարներին, որ ինչպես են ձեռք բերել իրենց ունեցվածքը»: Նա նաեւ նշեց, թե ճիշտ է արել, որ գործարանը գնել է, քանի որ դրանով լուծում է աշխատատեղերի չփակվելու հարցը։ «Ինչո՞ւ են այդքան ցավագին տանում: Մի տարի հետո բոլորիդ կհրավիրեմ «Բջնի» գործարան, կտեսնեք, թե ինչպես եմ պետության պարտավորությունները կատարում»,- ասաց Ռ. Հայրապետյանը` վստահեցնելով, թե գործարանի աշխատողները` անկախ իրենց քաղաքական հայացքներից, չեն ազատվի աշխատանքից, իսկ գործարանը հավանաբար արտադրանք կթողարկի արդեն հաջորդ ամսվանից: «Ով ցանկանա իմ հետ աշխատել` կաշխատի: Նրանք աշխատանքային փորձ ունեն, եւ չեմ ցանկանում նրանց փոխել: Դեռեւս ՀՖՖ-ում էլ եղել են մարդիկ, որ ընդդիմադիր են եղել, սակայն ես նրանց աշխատանքից չեմ ազատել»,- ասաց նա: Ռ. Հայրապետյանի խոսքով` հանքային ջրերի բիզնեսով զբաղվելն ամենեւին էլ իր մանկության երազանքը չի եղել, պարզապես «բիզնես է եղել», որն էլ ինքը գնել է: «Բիզնես է, գնել եմ այդ բիզնեսը: Հիմա էլ, եթե կլինի բիզնես, որ ես ուսումնասիրեմ եւ տեսնեմ, որ շահավետ է եւ շահույթ է բերում` էլի կգնեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որի` իշխանություններն են պարտադրել իրեն գնել «Բջնի» գործարանը, Ռ. Հայրապետյանն ասաց. «Ուրեմն, ժողովուրդ ջան, ասեմ, որ երբ իրենց սիրելի իշխանությունը, այսպես կոչված` ՀՀՇ-ն, 9 տարի փորձել է ինձ վախեցնել, որպեսզի խոնարհվեմ իրենց առաջ, չեմ խոնարհվել, այն էլ իրանց հանցագործ իշխանությունների, որ իրենց բոլոր խնդիրները լուծում էին սպանություններով, նրանց չէի ենթարկվում: Եթե նրանց չէի ենթարկվում, չեմ վախեցել, առավել եւս իմ յուրայիններից չեմ վախենա, ոչ մեկն ինձ չի ստիպի: Հաստատ որեւէ մեկը չի կարող ինձ վախեցնել: Բոլորիդ հայտնի է իմ կենսագրությունը: Ու ես որեւէ մեկից ոչ մի անգամ ոչ վախեցել եմ, ոչ էլ ցանկություն կա կաշկանդվելու կամ ինչ-որ նման բաներ: Վախս մանկուց հանված է: Ես ընդհանրապես չեմ վախենում: Կարող ա դա բացասական բան ա, այնուամենայնիվ, տեսակս այդ ա, տենց եմ ծնվել»: Ի դեպ, Ռ. Հայրապետյանի գնահատմամբ` «Բջնիի» հետ կատարվածն ամենեւին էլ Խ. Սուքիասյանի դեմ քաղաքական հետապնդման հետեւանք չէ: Ըստ նրա` եթե դատարանը վճռի, որ «Բջնին» իրավունք չունեին վաճառելու, ապա ինքը կենթարկվի դատարանի վճռին. «Կդիմեն Եվրոդատարան, թե կդիմեն այլ մոլորակի վրա ինչ-որ դատարան, կհայտնաբերեն, դա իրենց գործն է: Դատարանի վճիռ կլինի, պարտավոր ենք դատարանի վճիռը կատարել: Քաղաքականացնել պետք չի, մի տարի հետո կտեսնենք՝ խնդիրը քաղաքակա՞ն է, թե՞ տնտեսական»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի` գործարարներին ուղղված այն խորհրդին, թե ինքը «Բջնին» չի գնի եւ խորհուրդ կտա բոլորին չգնել այն, Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Ուզում եմ բոլորիդ միանգամից հիասթափեցնեմ: Գ. Ծառուկյանի հետ ընդհանրապես կոնֆլիկտ չեմ ունեցել, նա իմ ընկերն է, եւ մենք շարունակում ենք լինել ընկեր: Թե նա ինչ է հայտարարել, դա նրա անձնական գործն է, ինքը երեւի մտերմություն է ունեցել այդ մարդու հետ, նպատակահարմար չի գտել, որ ինքը գնի այդ գործարանը: Այն չարչարանքները, տանջանքները, որով լրատվամիջոցները փորձում են ինձ ու Գ. Ծառուկյանի միջեւ կոնֆլիկտ ստեղծել` անհնարին է»: Նա անդրադարձավ նաեւ այս ընթացքում որոշ լրատվամիջոցների հրապարակումներին` հեգնելով. «Նույնիսկ փորձում են ասել, որ ես գումարներ չունեի գործարանը գնելու համար: Այդ ինչպե՞ս եղավ, որ «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը 2 միլիոնանոց տուն կունենա, իսկ Ռուբեն Հայրապետյանն, ով ամբողջ կյանքում աշխատել է, տարբեր բիզնեսների մեջ է եղել, գումար չի ունենա «Բջնին» գնելու համար: Ծիծաղելի է այդ ամենը»: Իսկ հարցին էլ, թե ինչո՞ւ նա, իբրեւ գնորդ, չսպասեց մինչեւ աճուրդի հաջորդ փուլի կայանալը, քանի որ այդ ժամանակ գործարանի գինն ավելի ցածր կլիներ, Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Եթե գործարանը մի անգամ էլ հանվեր աճուրդի, ապա այն սնանկ կճանաչվեր եւ երկար ժամանակ պարապուրդի կմատնվեր»: Հարցին էլ, թե` ինչպե՞ս է նա գնել «Բջնի» գործարանը, երբ պատգամավորներն իրավունք չունեն զբաղվել բիզնեսով, նա պատասխանեց, թե ինքը ոչ թե զբաղվում է բիզնեսով, այլ գնել է այն:

Ռ. Հայրապետյանից, ով նախկին իշխանություններին համարում է հանցագործ, լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ո՞ր իշխանությունն է ավելի հանցագործ. ա՞յն, որ Ղարաբաղյան պատերազմ է հաղթել, թե՞ այն, որ մարտի 1-ի սպանդն է կազմակերպել: Ի պատասխան՝ նա ասաց. «Իմ կարծիքով` իշխանությունը, որն ի սկզբանե հանցագործությունը սկսեց, մարտի 1-ը հենց այդ իշխանությունն է արել: Գործող իշխանությունը չէր կոչ անում վառել մեքենաները, գործող իշխանությունը չէր կոչ անում ջարդել եւ թալանել խանութները: Կոչ էր անում ձեր աչքի առաջ: Ոնց էր Նիկոլ Փաշինյանը կոչ անում, ասում` ջարդեք, փշրեք, երկաթները կոտրեք, թալանեք»: Լրագրողների հիշեցմանը, թե ինքը` Ռ. Հայրապետյանը, նախկին իշխանությունների օրոք եղել է Ավանի թաղապետ, ինչպե՞ս է պատկերացնում, որ այս իշխանությունների օրոք որեւէ ընդդիմության ներկայացուցիչ կարող է որեւէ պաշտոն զբաղեցնել, նա պատասխանեց. «Ճիշտ եք ասում, նոյեմբերի 10-ին թաղապետի ընտրություն է եղել, նոյեմբերի 6-ին փախած տեղից դուրս եմ եկել, ընտրվել եմ թաղապետ: Դուք չեք հիշի, թե ինչ մեթոդներ են կիրառել իմ դեմ: Այո, Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքից անկախ՝ ընտրվել եմ թաղապետ: Միակ թաղապետն եմ եղել, դրանից հետո եղավ մահափորձ իմ դեմ: Իսկ պաշտոն զբաղեցնել հնարավոր է, իմ կարծիքով, այսօր կան բազմաթիվ օրինակներ: Երբ որ ընտրովի պաշտոն է, ապա դա Սերժ Սարգսյանի կամքը չէ, դա ժողովրդի կամքն է»:

Նա նաեւ անդրադարձավ տարիներ շարունակ շրջանառվող լուրերին, թե իր եւ Ս. Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի միջեւ ինչ-որ կոնֆլիկտ գոյություն ունի։ «Ուրեմն Հայաստանում ամենամոտ հարաբերությունների մեջ եղել եւ կա Սաշիկը իմ հետ: Ես եւ Սաշիկ Սարգսյանը ընդհանրապես պրոբլեմ չենք ունեցել: Եվ որեւէ մարդ չէր կարող դրա մեջ մտնել: Ես երդվում եմ, որ որեւէ մարդ չէր կարող մտնել մեր մեջ»,- վստահեցրեց նա:

Հ.Գ.
Ի դեպ, Ռ. Հայրապետյանը երեկ հաստատեց այն լուրը, թե իր քրոջ որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել` սառը զենք կրելու համար: «Այո, նման բան կա: Իմ քրոջ որդին արարք է կատարել, որի պատիժը կստանա: Ես չեմ էլ փորձել միջամտել եւ ոչ էլ կմիջամտեմ: Եթե արել է, ապա պետք է ստանա իր հասանելիք պատիժը»: