Երեկ մեր խմբագրություն էին զանգահարել մի խումբ քաղաքացիներ, որոնք վրդովված պատմում էին, թե ինչպես են նախօրեին ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) դահլիճից անվտանգության աշխատակիցները դուրս հանել աշխատանքի ընդունվելու համար ՀայԷկոնոմբանկի կազմակերպած մրցույթի մասնակիցներին:
«Իմ երեխան պետք է ՀայԷկոնոմբանկի կազմակերպած թեստային քննությանը մասնակցեր` աշխատանքի ընդունվելու կապակցությամբ, որը տեղի էր ունենալու ՀՊՏՀ դահլիճում: Արդեն հավաքված են եղել, երբ հանկարծակի մտել են ոստիկաններ, շատ կոպիտ ձեւով ստիպել, որ ազատեն դահլիճը: Երեխաները վախեցած՝ չեն հասկացել, թե ինչ է կատարվել: Մոտ մի ժամ սպասելուց հետո նրանց հայտնել են, որ այդ մրցույթը անհայտ պատճառներով չի կայանալու»,- մեզ հետ զրուցելիս նշեց տիկին Լիաննան: Մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀայԷկոնոմբանկից եւ համալսարանից: ՀայԷկոնոմբանկի աշխատակազմի ղեկավար Զորայր Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքի ընդունման այդ թեստային քննությունների մասնակիցները եղել են մոտ 400 հոգի:
«Քանի որ մեզ տարածք էր հարկավոր, պայմանավորվածություն կար, որ անցկացվեր ՀՊՏՀ-ի դահլիճում: Ուղղակի հետո եկել են անվտանգության աշխատակիցները եւ դուրս հանել մասնակիցներին: Ամեն դեպքում քննություններն այդ մարդիկ հանձնելու են, կազմակերպչական հարց է դա, կքննարկենք, կտեսնենք, թե ինչպես ենք անելու: Առայժմ ժամկետներ չենք կարող ասել, բայց բոլորին էլ կզանգահարենք ու կտեղեկացնենք»,- պատասխանեց Զ. Սարգսյանը: ՀՊՏՀ ռեկտորի տեղակալ Վարդան Սարգսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: «Ընդհանրապես մենք բանկերի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք, ուսանողներ ենք ուղարկում պրակտիկայի, շատ հաճախ իրենք միջոցառումներ են կազմակերպում մեզ մոտ: Ինչ վերաբերում է երեկվա խնդրին, նշեմ, որ մեր միջին օղակներում ինչ-որ թյուրիմացություն է եղել, եւ որեւէ պայմանավորվածության վերաբերյալ համալսարանի ղեկավարությունը տեղյակ չի եղել: Սովորաբար ժամը եւ օրը պայմանավորվելու համար նամակ են ուղարկում ռեկտորին, եւ այս դեպքում այդ կարգը չի պահպանվել, այսինքն` նամակ նախապես չի ուղարկվել: Կարծում եմ` այստեղ բանկի կամ համալսարանի ղեկավարության մեղավորությունը չկար, պարզապես իրենք իմացել են, թե պայմանավորվածություն կա, իսկ իրականում չի եղել: Ամեն դեպքում ռեկտորն արդեն խոսել է բանկի նախագահի հետ, կարծեմ նույնիսկ ներողություն է խնդրել, եւ հաջորդ շաբաթվա համար արդեն պայմանավորվել են»,- նշեց Վ. Սարգսյանը:
ՀայԷկոնոմբանկի աշխատակազմի ղեկավարը հաստատեց, որ ՀՊՏՀ ռեկտորն ու բանկի նախագահը խոսել են: «Բայց մենք արդեն նպատակահարմար ենք գտնում ուրիշ բուհում այդ թեստային քննությունը անցկացնել»,- նշեց Զ. Սարգսյանը: