Կյանք` կրակոցների ներքո

22/02/2009

Տավուշի մարզի Չինարի գյուղը դատարկվում է` պարբերաբար հնչող կրակոցների, աշխատատեղերի ու 21-րդ դարին վայել միջնակարգ կրթություն ստանալու բացակայության պատճառով:

Եթե «Հայկական սովետական հանրագիտարանում» Չինարի գյուղի մասին տեղեկություն փնտրեք, կարող եք գտնել հետեւյալը. «Չինարի, գյուղ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում, Ախինջա գետի աջ ափին, շրջկենտրոնից 14 կմ հարավ-արեւելք: Կոլտնտեսությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկի մշակությամբ եւ անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինոթատրոն, կենցաղասպասարկման տաղավար, դեղատուն, բուժկայան»:

Այսօր, սակայն, այս ամենն ընդամենը հանրագիտարանային տեղեկատվություն է եւ հուշեր: Տավուշի մարզի Չինարի գյուղն այսօր չունի ո՛չ մշակույթի տուն, ո՛չ գրադարան, ո՛չ բուժկայան, ո՛չ էլ` առավել եւս, կինոթատրոն: Թվարկվածներից միակ կանգուն մնացածը միջնակարգ դպրոցն է:

Չինարի գյուղի դպրոցում ամենակարեւորը, թերեւս, մանկավարժների պակասի խնդիրն է:

«Տարվա սկզբից մեր քիմիայի ուսուցչուհին ամուսնացավ, գնաց: Որպեսզի այդ ժամերը չկորեն, ես դրանք բաժանեցի մաթեմատիկայի ուսուցիչների վրա, որ գոնե, կոպիտ ասած` յոլա տանեն»,- ասում է Տավուշի մարզի Չինարի գյուղի Վահրամ Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Պապյանը: Ըստ նրա` սա սահմանամերձ գյուղերի դպրոցների համար օրինաչափ երեւույթ է:

Այսպիսի դպրոցներում շատ քիչ է նաեւ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների թիվը: Ալբերտ Պապյանը խոստովանում է, որ պակասը լրացնելու համար իրենք ստիպված են լինում աշխատանքի ընդունել գոնե միջնակարգ կրթություն ունեցող մարդկանց:

Չինարի միջնակարգ դպրոցի ճակատագիրն է կիսում նաեւ սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր գյուղի դպրոցը: Այստեղ, օրինակ, հայոց լեզու դասավանդում է Վանաձորի մանկավարժական համալսարանի ակումբագրադարանային բաժնի հեռակա ուսուցում ստացած Բաբայանը, իսկ կենսաբանության ուսուցիչը գյուղի անասնաբույժն է:

Այս դպրոցներում մասնագետների պակասը բացատրվում է նրանով, որ այսօր քչերն են համաձայնում 70.000 դրամ աշխատավարձով դասավանդել մի դպրոցում, որտեղ չկա ջեռուցում, որը չունի համապատասխան գույք, դեռ ավելին` գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու` ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա եւ ամեն վայրկյան հրետակոծության վտանգի տակ է: Ուսուցիչները հավաստում են, որ, չնայած դժվարություններին, իրենց սաների մեծ մասը կարողանում է ուսումը շարունակել Երեւանի համալսարաններում:

«Մանես այս տարի ընդունվեց Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: Շատ էինք վախենում, որ չի ընդունվի, բայց դե կարողացավ: Հիմա էլ մտածում ենք՝ մեր ուսանողին քաղաքում ոնց պահենք»,- ասում է Չինարի գյուղի բնակչուհի Գոհար Աղասյանը:

Սակայն այս գյուղերից` շրջանավարտների թիվը տարեցտարի պակասում է: Այս տարի Ներքին Կարմրաղբյուրի դպրոցն ունի 17 տասներորդցի եւ 4 առաջին դասարանցի, իսկ աշակերտների ընդհանուր թիվը 137 է: Պատկերը մխիթարական չէ նաեւ Չինարի դպրոցում: Երեք տարվա մեջ աշակերտների թիվը 270-ից հասել է 159-ի:

Նվազում է նաեւ գյուղի բնակչությունը. հեռացած երիտասարդներից քչերն են ցանկություն ունենում նորից վերադառնալու: Այդ քչերից է 15-ամյա Գեղեցիկը, ով որոշել է ուսումը շարունակել Երեւանում եւ մանկավարժ դառնալ: Նա պատրաստ է վերադառնալ գյուղ եւ դասավանդել սիրելի դպրոցում, միայն թե իր հարազատները ապրեն բարեկեցիկ կյանքով, իսկ Չինարիի լուսաբացները լինեն խաղաղ:

Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանում հնչող կրակոցները Չինարիում հուշեր չեն` այլ իրականություն:

«Տենց օր չկա, որ մի հատ, երկու հատ չկրակեն: Գյուղում շատ վտանգավոր ա ման գալը: Երեխեքը փողոց դուրս չեն գալիս»,- ասում է Գոհար Աղասյանը:

Ինչպես նշում է գյուղապետ Սամվել Սաղոյանը, հողատարածքների 90 տոկոսը գտնվում է ադրբեջանական կողմի նշանառության տակ, նաեւ ականապատված է, եւ միայն 10 տոկոսն է, որ օգտագործվում է մշակելու համար: Նրա կարծիքով, այսօր ամենակարեւորն անվտանգության խնդիրն է: «Ցանկացած պահի հակառակորդը կարող է մեզ վնաս հասցնել: Այդ պատճառով էլ գյուղը օր օրի դատարկվում է: Համայնքն այս պահին ունի 400 տուն, որոնց 1/3-ը դատարկ է, 1/3-ում միայն ծերեր ու միայնակներ են, եւ միայն 1/3-ում` երեխաներ: Եթե այսպես շարունակվի, գյուղը կվերածվի ծերանոցի»,- ասում է գյուղապետը:

Ռուզան ԳԻՇՅԱՆ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ