Նոր էջ քրեագիտության մեջ

22/02/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը պետք է կոշտացնի, խստացնի իր դիրքորոշումը»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

Կոշտացում ասելով` նա հասկանում է «ուսումնասիրության շրջանակների, կիրառվող գործիքների ընդլայնումը»: «Ժամանակն է, որ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ հրավիրվեն հանձնաժողով: Դա վերաբերում է առաջին հերթին այն ժամանակվա ոստիկանապետին եւ պաշտպանության նախարարին, որոնք պետք է բացատրություններ տան այդ օրվա իրադարձությունների հետ կապված: Երկրորդ` հանձնաժողովը պետք է ավելի պահանջկոտությամբ դիմի համապատասխան պետական մարմիններին»,- իր ցանկությունները ներկայացրեց Գ. Արսենյանը: Նա ցույց տվեց, թե վիրավորվեց, երբ լրագրողներից մեկը հարցրեց. «Դա հասկանալու համար Ձեզ մեկ տարի՞ էր պետք»: Պարոն Արսենյանը վստահ էր, որ հանձնաժողովն այս մեկ տարվա ընթացքում արդյունավետ է աշխատել: «Ի դեպ, ասեմ, որ շատ դժվար է հանձնաժողովի համար աշխատել, որովհետեւ կա խուլ, համառ դիմադրություն: Բայց քանի որ հանձնաժողովն իր աշխատանքը չի ավարտել, ես չեմ կարող մանրամասնել, թե կոնկրետ` ում կողմից»,- պատասխանեց Գ. Արսենյանը: «Այս հանձնաժողովին զեկուցվեց այն մասին, որ հնարավոր չէ որոշել, թե որ կարաբինից արձակված կրակոցի հետեւանքով են զոհվել մարդիկ: Մենք կարողացանք ժամանակակից քրեագիտության մեջ նոր էջ բացել: Ունենք 3 սպանված, 4 կարաբին, 4 կրակող եւ չենք կարող որոշել, թե որ կրակոցներից է վրա հասել մահը: Սա ինձ համար անընդունելի փաստ է: Եթե իշխանությունը զոհված քաղաքացիների նկատմամբ վերաբերվում է որպես խռովարարների, դա անընդունելի է: Եթե, ասենք, երեք մահն էլ վրա է հասել մեկ կարաբինից արձակված կրակոցների հետեւանքով, այդ դեպքում մենք ունենք Ոստիկանությունում ծառայող մոլագար, որը հաճույք է ստանում իր քաղաքացիներին սպանելուց»,- նշեց Գ. Արսենյանը: Նրա խոսքով` ցանկացած միջոցով` լինի դա փորձագիտական, տեխնիկական, վերլուծական, պետք է պարզել սպանողներին: «Եթե մենք չկարողանանք դա անել, մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը կդառնա անիմաստ»,- ասաց Գ. Արսենյանը: Նա անդրադարձավ նաեւ Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ)` մարտի 1-ի դեպքերին բանակի մասնակցության վերաբերյալ ներկայացրած զեկույցին: «Եթե բանակը մասնակցել է մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, ապա դրանք գործողություններ են, որոնք դուրս են գալիս ՀՀ օրենսդրության շրջանակներից»: Իսկ արտակարգ դրության ժամանակ կարելի՞ է բանակն օգտագործել: «Արտակարգ դրության հայտարարումից հետո ՀՀ իրավական դաշտը որոշակի սառեցում է ապահովում: Դա մի իրավիճակ է, երբ սահմանափակվում են քաղաքացիների որոշ իրավունքներ»,- իր կարծիքով՝ պատասխանեց Գ. Արսենյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի այս վերջին զեկույցում նշված էր, որ բանակի օգտագործում Սահմանադրությամբ նախատեսված չէ նաեւ արտակարգ դրության ժամանակ: Գ. Արսենյանը նշեց, որ բանակի մասնակցությունն ապացուցող տեսանյութեր ինքը դեռ չի դիտել, դիտելուց հետո այն կքննարկեն նաեւ հանձնաժողովում ու կփորձեն բացահայտել իրականությունը: Նա հասցրեց նաեւ փնովել ընդդիմությանն ու գովերգել Ռ. Քոչարյանին` նշելով, թե նրա իշխանության տարիներին կային խաղի որոշակի կանոններ, որոնք ոչ ոք չէր համարձակվում խախտել: «Իսկ հիմա խախտվել են այդ խաղի կանոնները, իսկ Սերժ Սարգսյանը չի հետեւում, որ դրանք պահպանվեն»,- դժգոհեց Գ. Արսենյանը: Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ խաղի կանոնների մասին է խոսք գնում` նա սկսեց խոսել ներմուծման պայմանների վատացման, մասնավորապես` մաքսատուրքը 15 տոկոս սահմանելու մասին: «Հայաստանում սպառվող ապրանքների 93 տոկոսը ներմուծվում է, 7-ը` արտադրվում: Եթե բարձրացնում են մաքսատուրքը, ապա գներն էլ կբարձրանան: Բոլորը խոսում են արտահանողների, ներմուծողների շահերից, բայց ոչ ոք չի մտածում սպառողների մասին»,- մտահոգ կեցվածքով հայտարարեց Գ. Արսենյանը: Իսկ խոսելով ընդդիմության մասին` նա ասաց, թե ընդդիմությունը սխալ է անում, երբ բողոքարկում է ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները ու դա դարձնում հետագա քաղաքական գործունեության հիմք: «Փորձը ցույց է տալիս, որ դա պայքարի արդյունավետ միջոց չէ: Պետք է կենտրոնանալ ընթացիկ խնդիրների, մարդկանց հոգսերի լուծման վրա»,- նշեց Գ. Արսենյանը: Թե որ փորձի մասին է ակնարկում Գ. Արսենյանը` հայտնի չէ, սակայն ակնհայտ է մի բան, որ նա եւ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ այլ փորձ-մեթոդի, բացի ընտրություններից առաջ փող բաժանելը` չեն տիրապետում: Եվ արդյունքում` պարտվելով` հայտնվում են ընդհատակում՝ մինչեւ հաջորդ ընտրություն: