Մարտի մեկին՝ ինչպես մարտի մեկի՞ն

22/02/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Յուրաքանչյուր հերթական սխալից հետո քաղաքական գործիչներն ու հատկապես պատմաբանները սիրում են կրկնել, թե մենք պատմությունից որեւէ դաս չենք առել: Այդ դեպքում կարելի է պատճառ բերել մի քանի դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին խունացած հիշողությունները կամ պարզապես պատմության չիմացությունը: Սակայն գոնե մեկ տարվա վաղեմության իրադարձությունները հիշելն ու դրանից դասեր առնելը պիտի որ առանձնապես դժվար չլիներ: Հատկապես որ՝ գործող անձինք պատմական նույն պերսոնաժներն են:

Մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում դժգոհությունը հասավ կուլմինացիային: Եվ մարտի մեկին, ժանրի բոլոր օրենքներով, այն հանգուցալուծվեց. առավոտ կանուխ դաժանաբար ցրվեց Ազատության հրապարակի խաղաղ նստացույցը, օրվա վերջին արդեն սպանվեց ՀՀ տասը քաղաքացի, մոտ երկու հարյուրը վիրավորվեց, 20 օր երկիրն արտակարգ դրության պայմաններում էր, մեզ ուղղվեցին եվրոպական կազմակերպությունների սառը գնահատականները: Արդեն մեկ տարի է՝ երկիրը ներքաղաքական ճգնաժամի մեջ է, ձերբակալված են ընդդիմադիր գործիչներ:

Մեկ տարին պետք է որ բավական ժամանակ լիներ՝ գնահատելու այն սխալները, որոնք հանգեցրին ողբերգության: Այս իրադարձություններից հետո գոնե շատերին պարզ էր, որ մարտի մեկի հայտնի սցենարը գուցեեւ չիրագործվեր կամ այլ ընթացք ունենար, եթե իշխանություններն այդքան փոքրոգի եւ ագրեսիվ չլինեին, կամ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, մինչեւ մարտի մեկի օրվա ավարտը, անգամ իր անձի անվտանգությունը ստորադասելու գնով, լիներ շարժման գլխին:

Սակայն եղավ այն, ինչ եղավ:

Առջեւում արդեն 2009թ. մարտի մեկն է: Թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ մինչեւ այդ օրը տեղի ունենալիք հանրահավաքը չի ցանկանում ներկայանալ հասարակությանը՝ իրեն տեսնելու եւ լսելու միակ հնարավոր վայրը համարելով Մատենադարանի մատույցները, սակայն ակնհայտ է, որ նա այս անգամ գոնե մինչեւ հանրահավաքի վերջին րոպեն կլինի իր համակիրների հետ՝ նույն վայրում, եւ այս անգամ արդեն Սերժ Սարգսյանի թիկնապահները նրան բռնի չեն ուղեկցի իր բնակավայր: Սակայն խիստ կասկածելի է, որ այս մեկ տարվա ընթացքում, ինչ-ինչ եզրակացություններից հետո, իշխանությունները պատրաստվում են փոխել իրենց ոճը: Դատելով թե՛ քաղբանտարկյալների հանդեպ կոշտ վերաբերմունքից, թե՛ ընդդիմության հանրահավաքը չարտոնելով եւ դրանով ոստիկանական մահակներին (եւ ոչ միայն) ազատություն շնորհելու անհասկանալի որոշումից, թե՛ փետրվարի 19-ի՝ ԿԸՀ-ի առաջ ընդդիմադիր երիտասարդներին կոպտորեն ցրելու «վճռականությունից»՝ ամենեւին էլ չի բացառվում, որ այս տարի էլ մարտի մեկը կարող է իշխանությունների ոչ մտածված քայլերի պատճառով ունենալ ողբերգական ընթացք: Ի դեպ, ոստիկանները, ՆԳ եւ ԱԱ ստորաբաժանումներն, արդեն երկու ամսից ավելի է` նախապատրաստվում են մարտի մեկին, եւ չեն էլ թաքցնում, որ աշխույժ պարապում են. վարժություններից մեկն էլ ուղիղ թիրախին կրակելն է: Ինչի՞ համար է նման նախապատրաստությունը:

Խելամիտ ղեկավարը պիտի որ չգնա ծայրահեղությունների, հատկապես որ՝ արդեն ունենք Ռոբերտ Քոչարյանի նախադեպը, ով հեռանալուց առաջ ոչինչ կորցնելու չուներ, եւ հատկապես մարտի մեկին լիարժեքորեն հագուրդ տվեց ամիսներով կոնսերվացրած իր քինախնդրությանը: Այդպիսով՝ իր հաջորդին թողնելով խիստ երկիմաստ մի իրավիճակում եւ իր հանդեպ պարտավորվածության բարդույթով:

Իշխանությունները, մասնավորապես՝ երկրի նախագահը, կոչված են ամեն գնով պահպանել երկրի անդորրը: Սերժ Սարգսյանն ինքն էլ մի առիթով հրապարակայնորեն հայտարարեց, թե ինքը նախագահն է ոչ միայն իրեն ընտրած, այլեւ չընտրած քաղաքացիների, իսկ դա նշանակում է, որ հավասարաչափ պատասխանատու է նաեւ իր լեգիտիմությունը կասկածի տակ դնող մարդկանց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար:

Մեր երկրի դեպքում գործում է մեկ օրինաչափություն՝ բոլոր նախագահների լեգիտիմությունը (Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետը) նրանց աշխատանքի ողջ ընթացքում ուղեկցվել է եւ հիմա էլ ուղեկցվում է վիճարկելով: Այսինքն՝ ոչ մի արտառոց բան չկա, երբ հինգշաբթի օրը, փետրվարի 19-ին, մի խումբ երիտասարդներ փորձում էին ԿԸՀ-ի առաջ ակցիա անել՝ ցույց տալով, որ իրենք, այնուամենայնիվ, հիշում են, որ ՀՀ երրորդ նախագահի լեգիտիմությունը եւս 100-տոկոսանոց չէ: Ինչո՞ւ են իշխանությունները ոստիկանական ստորաբաժանումների միջոցով այդքան ագրեսիվորեն փորձում ճնշել վերհիշելու կամ սեփական տեսակետն ունենալու նրանց իրավունքը: Սա մտավախություն է առաջացնում, որ մարտի մեկին եւս հնարավոր են լուրջ միջադեպեր՝ անկանխատեսելի հետեւանքներով:

Նախորդ անգամ մեղքի մի մասն ընդդիմության վրա բարդելը հեշտ էր: Իրո՛ք, ընդդիմությունն ունի մի շատ խոցելի տեղ՝ առաջնորդը կրիտիկական պահին, ստացվեց այնպես, որ տնային կալանքի տակ էր: Սակայն առաջնորդների արժանիքն այն է, երբ սեփական անձի անվտանգության համար մտահոգությունը էական է նույնքան, որքան մտահոգությունն իր համախոհների կյանքի համար:

Այս անգամ իրադարձությունները ընդդիմության դեպքում գուցե թե նույն սցենարով չզարգանան, քանի որ ընդդիմության ասելիքի տոնայնությունն ավելի մեղմ է, քանի որ ունի մեկ տարի նույնությամբ կրկնվելու թող որ փոքրիկ, բայց թերություն. այո՛, նախագահի լեգիտիմությունը կասկածելի է, այո՛, մարտի մեկի իրական մեղավորները եւ տասը մարդասպանները բացահայտված չեն, ընդդիմության ներկայացուցիչները ձերբակալված են կամ հետախուզման մեջ են, տնտեսական ճգնաժամի դեմ կառավարության պայքարն, ըստ տնտեսագետների, այնքան էլ խելամիտ չէ: Այս թեմայով գրվում է ամեն օր՝ մամուլով, այս մասին գիտեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Այդ դեպքում իշխանություններին ինչո՞ւ են մտահոգում զանգվածային միջոցառումները եւ մասնավորապես՝ մարտի մեկի հանրահավաքը:

Ճնշել բողոքի ակցիաները եւ ոստիկանական ստորաբաժանումները հանել ընդդեմ սեփական ոչ հնազանդ քաղաքացիների՝ հաջողության հասնելու ճանապարհ չէ. Դա է ասում գոնե վերջին մեկ տարվա պատմությունը: Հասարակությանը խաղաղ եւ համերաշխ պահելու մեկ ընդունված եւ արդյունավետ միջոց կա՝ ազատ եւ արդար ընտրություններ, օրենքի գերակայություն, քաղաքական հայացքների համար չհետապնդվող մարդիկ:

Սակայն սա արդեն մեր պետության մասին չէ: