Երեւան քաղաքի Եզնիկ Կողբացի 18 հասցեի բնակչուհի Արմենուհի Մանուկյանը «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի կիրառումն ու դրանից բխող Երեւանի քաղաքապետարանի գործողությունները որակում է «լկտիություն»: Բանն այն է, որ Ա. Մանուկյանն իրացման գոտու բազմաթիվ բնակիչների նման՝ դարձել է այդ օրենքի կիրառման «զոհը», որով փորձում են այս ընտանիքին եւս վտարել բնակարանից` առաջարկելով ծիծաղելի դրամական փոխհատուցում: Ա. Մանուկյանը 2005թ. դիմել է քաղաքապետարան` հարցում կատարելով` արդյոք Կողբացի 18 հասցեն գտնվո՞ւմ է իրացման գոտում, քանի որ նա ցանկացել է իր բնակարանում շինարարական աշխատանքներ կատարել, եւ փորձել է ճշտել` քաղաքապետարանն այդ տարածքի հետ կապված ծրագրեր ունի՞: «Ինձ պատասխանեց Արսեն Լալայանցը, եւ նրա պատասխանը եղավ այն, որ` ոչ, ձեր տարածքն իրացման գոտու տակ չի գտնվում, ինչի արդյունքում մենք շինարարական ահռելի աշխատանք կատարեցինք, բարելավեցինք մեր բնակտարածքը, եվրովերանորոգում կատարեցինք եւ մեծ գումարներ ծախսեցինք»,- պատմում է Ա. Մանուկյանն` ավելացնելով, որ շինարարության արդյունքում 10.64 քմ ընդգրկել են բնակարանի տարածքում։ Կենտրոն համայնքի կադաստրային ստորաբաժանումը, սակայն, մերժել է պետական մուծում կատարելու եւ ավելացրած տարածքը գրանցելու վերաբերյալ Ա. Մանուկյանի խնդրանքը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ նախապես` 10.64 քմ ավելացնելուց առաջ չեն դիմել Կադաստրի պետական կոմիտե, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Մենք նախապես դիմեցինք, Կադաստրի աշխատող Հայկ Կարապետյանը եկավ, զննություն կատարեց եւ ասաց, որ` ոչ, դուք պետք է նախ կառուցեք, որից հետո նոր մենք պետք է գրանցենք: Փաստորեն, հսկայական այդ աշխատանքներից հետո` մերժեցին, եւ պարզվեց, որ Կողբացի 18-ը գտնվում է իրացման գոտու տակ»:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ (Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ) ոչ առեւտրային կազմակերպությունը Կողբացի 18 հասցեի կառուցապատող է ճանաչել «Մակարետ» ՍՊԸ-ին, որն էլ Ա. Մանուկյանի ընտանիքին առաջարկում է 13 մլն 979.000 դրամ: «Եկել, կեղծ չափագրումներ են կատարել, ինչի արդյունքում մեզ առաջարկում են մի գումար, որով շուկայական ներկայիս պայմաններում նույնիսկ ավտոտնակ չես գնի: Ամեն ինչ արվում է ՀՀ քաղաքացուն փողոցում թողնելու համար. ախր էս ի՞նչ օրենքներ, էս ի՞նչ գործողություններ են անում, որի դեմ պայքարել չես կարող, որովհետեւ բոլորը միասին են անում: Բակում մնացել ենք երկու հարեւաններով: Երկու կանանց դեմ պայքարում են` քաղաքապետարանը, ԾԻԳ-ը, Կադաստրի պետական կոմիտեն եւ կառուցապատողը»,- դժգոհում է Ա. Մանուկյանը` վստահեցնելով, որ 3 սենյականոց, եվրովերանորոգված իր բնակարանի դիմաց առաջարկում են այդքան չնչին փոխհատուցում: Ի դեպ, գնահատումը կատարվել է 2006թ., հետեւաբար հաշվի չի առնվել անշարժ գույքի ներկայիս շուկայական գները: Ա. Մանուկյանը վստահեցնում է, որ ինքը ԾԻԳ-ի եւ կառուցապատող «Մակարետ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր չի կնքել եւ չի կնքելու այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանն իր գործողությունները չվերանայի: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի «Մակարետ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ա. Մանուկյանի` «Հասարակության եւ պետական կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունը օտարելու պահանջի մասին», բավարարվել է: «Մակարետ» ՍՊԸ-ն պահանջում է տարածքն օտարել, եւ Ա. Մանուկյանին ստիպում է կնքել փոխհատուցման պայմանագիրը, որից հետո, բնականաբար, Ա. Մանուկյանի ընտանիքին կվտարեն Կողբացի 18 հասցեից:
Ի դեպ, Ա. Մանուկյանը հավաստիացնում է, որ դատարանը վկաներին չի կանչել, իսկ Կողբացի 18 հասցեում ապրող բնակիչներին, ովքեր ցանկացել են վկայություն տալ, դատարանն ընդհանրապես թույլ չի տվել մասնակցել դատական նիստին: Մինչ այդ, սակայն, Ա. Մանուկյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2008թ. կայացրած վճռի դեմ բերված բողոքով դիմել է ինչպես Վերաքննիչ, այնպես էլ Վարչական դատարաններ: «Կառուցապատողին ասացի` իմ բնակմակերեսին համապատասխան տարածք տվեք: Բարձրահարկ շենք են կառուցելու, թող այնտեղ ինձ համապատասխանաբար տարածք հատկացնեն: Ասացի` տունս քանդում ես եւ իմ տան տեղը բնակելի շենք ես կառուցում, իմ տան բնակմակերեսով քանի՞ հատ տուն ես կառուցելու: Ասաց` է՞լ ինչ կուզես, մի հատ էլ չվազե՞մ քո հետեւից քեզ բռնեմ: Այսինքն` տուն չեն տալիս, գումար չեն տալիս: Ո՞ւր գնանք ապրենք… Սա մի ուրիշ լկտիություն է»,- ասում է Ա. Մանուկյանը` վստահեցնելով, որ անկախ դատարանի կայացրած վճռից, ինքը չի պատրաստվում լքել իր բնակարանը:
Հ.Գ. Նկարում պատկերվածը Կողբացի 18/1 հասցեում գտնվող Ա. Մանուկյանի տունն է, որի ամրաններն արդեն քանդվում են կառուցապատողի կողմից կատարվող շինարարական աշխատանքների արդյունքում: «Մակարետ» ՍՊԸ-ի քանդման աշխատանքների հետեւանքով ավերվել է տարածքի կոյուղու գլխավոր խողովակատարը, մինչդեռ այստեղ դեռեւս մարդիկ են ապրում: