Նոստալգիկ համերգ

03/07/2005

Հունիսի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճում կայացավ
«Երգում է 70-ականների Երեւանը» խորագրով գեղեցիկ համերգը: Միջոցառմանը
մասնակցում էին ՀՀ ժողովրդական արտիստներ Ջիվան Գասպարյանը, Ռուբեն
Մաթեւոսյանը, վաստակավոր արտիստներ Ռաիսա Մկրտչյանը, Սյուզան Մարգարյանը,
Էդգար Կարապետյանը, Աշոտ Ղազարյանը, Լեոնիդ Դավթյանը, Սամվել Մկրտչյանը:
Ինչպես նաեւ՝ վաստակավոր գործիչներ Մարտին Վարդազարյանը, Ստեփան
Շաքարյանը, Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացի Լեւոն Մալխասյանը, Նադեժդա
Սարգսյանը, Երվանդ Երզնկյանը, Ակսել Բակունցը, Դավիթ Բեջանյանը, Լեւոն
Սեւանը, Արմեն Թութունջյանը, Վազգեն Ասատրյանը եւ այլք: Համերգը վարում էր
70-80-ականների սիրված հաղորդավարուհի Սուսաննա Շահինյանը: Նախագծի
հեղինակ եւ կազմակերպիչ, երաժիշտ Վազգեն Ասատրյանը համերգի մասին ասել է.
«70-ական թվականներ… Այդ տարիներն ինձ համար հայկական երաժշտարվեստի
զարգացման նշանակալից ժամանակաշրջան եղան: Դա մեր երկրի պատմության մասն է
կազմում»: Վ. Ասատրյանը կոչ է անում՝ չմոռանալ այդ տարիների տաղանդավոր եւ
հրաշալի արվեստագետ-կատարողներին՝ ցավով նշելով, որ շատերն այսօր մեզ հետ
չեն, սակայն նրանց երաժշտությունն ու արվեստը միշտ մեզ հետ է. «Երախտապարտ
եմ ճակատագրին, որ առիթ ընձեռեց ինձ՝ հանդես գալ լավագույն երաժիշտների
կողքին, լինել նրանց ընկերը»,- ասաց նա:
Ափսոս, որ համերգը մեկ անգամ էր նախատեսված, իսկ մուտքի տոմսերը չէին վաճառվում: