Սեփական ոճ ունես, ուրեմն ապրում ես

22/02/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Այս տարվա խոշոր կինոիրադարձություններից էր Վալերի Տոդորովսկու «Ստիլյագի» ֆիլմը, որը երաժշտական մյուզիքլների շատ հստակ կանոններով է ստեղծված, բայց ենթատեքստում ըմբոստ մանիֆեստ է թաքցնում:

Ֆիլմի գործողությունները կատարվում են 1950-ականներին, այսինքն՝ այն տարիներին, երբ սոցիալիզմի կառուցումն արդեն իրականություն էր դարձել, ու բոլորովին նոր` խրոխտ ու միանման մտածող երիտասարդական խավ էր ձեւավորվել: Գորշ կոստյումներ հագած երիտասարդները, որոնք իրենց ծնված օրից սկսած՝ այլ բան, քան սովետական լոզունգներն ու գորշ կենցաղը, չեն տեսել, պարբերաբար «որս» են կազմակերպում` պատժելու համար վառ հագնված, ամերիկյան երաժշտություն լսող ու ռոք-ըն-ռոլ պարող արտառոց մարդկանց: «Ստիլյագի»` այսինքն` ոճը ապրելակերպ դարձնող մարդկանց բնութագրող այդ բառը հակասովետական հնչերանգ է ստանում: Եթե մեզ նման չես, ուրեմն պետք է պատժվես: Ընդ որում, «պատիժը» տարբեր է, կարող են մազերը կտրել, հագուստը մկրատներով պատառոտել, կամ էլ` հեռացնել կոմսոմոլից ու ինստիտուտից: Սակայն «ստիլյագա»-ների գունեղ ու ազատ աշխարհն այնքան գրավիչ է, որ շարքային սովետական երիտասարդ Մէլսը (անունը շատ սիմվոլիկ է, այն Մարքսի, Էնգելսի, Լենինի ու Ստալինի ազգանունների առաջին տառերից է կազմված) չի կարող դիմանալ գայթակղությանը, նա սիրահարվում է դեկոլտեներով, կարմիր կոշիկներով ու շրթներկով գեղեցկուհի Պոլիին (Օկսանա Ակինշինա) ու «դավաճանում» է իր ընկերներին: Նա գիշերները վագոններ է բեռնաթափում, որպեսզի հնարավորություն ստանա նեղ տաբատներ, վառ շապիկներ ու փողկապներ գնել, բարձր` բրիոլինապատ սանրվածքներ կրել, արգելված ձայնապնակներ ու սաքսոֆոն ձեռք բերել: Նրան զգուշացնում են, որ ԽՍՀՄ-ում այդ երաժշտական գործիքը սառը զենքի է հավասարեցված, եթե տանը սաքսոֆոն ունես՝ կարող ես բանտում հայտնվել, սակայն այլակարծության «ցեցն» արդեն իր բույնն է դրել Մէլսի գիտակցության մեջ: Նա իր անունից դուրս է շպրտում վերջին տառը` դառնալով ամերիկյան Մէլ, եւ այդպիսով վերջնականապես անցնում է «հակառակորդի» բանակը: Ֆիլմի սկզբում նա մկրատով էր, իսկ հետո արդեն ինքն է գունավոր փողկապներ կրում: Եվ երջանիկ է իրեն զգում: Ստացվում է, որ անձնական երջանկությունն ավելի կարեւոր է, քան երկրի բարեկեցությունը: Այդ միտքը նույնքան սրբապիղծ է, որքան եւ կենսունակ է: Եվ հենց այդ մասին է առաջին ռուսական մյուզիքլը: Ֆիլմի հեղինակները միտումնավոր չեն շեշտել 50-ականների ճշգրտությունը, ֆիլմի ոճը շատ ազատ է, եւ պետք չէ այնտեղ պատմական ճշմարտություն որոնել: «Ստիլյագի»-ն Վ.Տոդորովսկին որպես որպես «ֆիլմ-տոն» է ներկայացրել: Նա ասել է, որ փորձել է ստեղծել ֆիլմ այն մարդկանց մասին, որոնք պայքարում էին` ուրիշներին նման չլինելու իրենց իրավունքի համար: Իսկ այդ իրավունքը բոլոր ժամանակներում էլ թանկ է: «Թող աշխարհը փուլ գա, բայց ես պետք է իրավունք ունենամ հագնել իմ կանաչ գուլպաները, եթե այդպես ինձ ավելի հարմարավետ եմ զգում»,- ասել է ֆիլմի ռեժիսորը: Իհարկե, եղել են լուրջ պրոբլեմներ, մարդիկ ջազ լսելու համար բանտերում ու աքսորում են հայտնվել, շատ ճակատագրեր են «կոտրվել» հենց միայն «սխալ» սանրվածք ունենալու համար, բայց այդ ամենը ֆիլմում տեղ չի գտել: Այդ մասին միայն շատ նրբորեն ակնարկվում է: Ներքին ազատությունը միշտ էլ «կանաչ գուլպաներից», կամ էլ` նման` առաջին հայացքից մանրուք թվացող, բայց շատ կարեւոր էլեմենտներից է սկսվել: «Ոճավորվածները» պայքարող չէին, նրանք պարզապես առաջինն էին, որոնք ցանկացան տարբերվել: Ֆիլմը շատ գեղեցիկ է ու լի է տպավորիչ մանրուքներով: Փողոցները, մարդիկ, տրամվայները, կոտլետներն ու կոկտեյլները, կեղտոտ գարեջրատներն ու նրանց ինտելեկտուալ ու չհասկացված այցելուները. այդ բոլորը մանրակրկիտ մշակված ֆոն ու հմայք են ստեղծում: Հերոսների համար 800 ոճավորված զգեստներ են կարվել, մասնավոր հավաքածուներից ռետրո-ավտոմեքենաներ են բերվել, իսկ էպիզոդիկ դերերում հիանալի ռուս դերասաններ են նկարահանվել: Խորամանկ դիվանագետ Օլեգ Յանկովսկին, վախը սրտում ապրող հրեա Լեոնիդ Յարմոլնիկն ու կոմունալ բնակարանում շատ հարմարավետ ապրող հասարակ բանվոր Սերգեյ Գարմաշը այն երիտասարդների հայրիկներն են, որոնք փորձում են չնմանվել մնացածներին:

Ֆիլմի սկզբնական անվանումը եղել է «Բուգի ոսկորների վրա», քանի որ նոր սուբկուլտուրան մշակվել է` օգտագործելով անպետք ռենտգենային լուսանկարները, որոնք շատ լավ հարմարեցվել են վինիլային սկավառակները տնային պայմաններում ձայնագրելու համար: Ֆիլմում երաժշտությունն ու սյուժեն շատ հետաքրքիր են միանում: Երգերը սյուժեի իլյուստրացիան չեն, այլ` էմոցիոնալ հավելում են, որոնք պատկերավոր են դարձնում սյուժետային գծերը: Բոլոր երգերը 1980-90-ական թթ. գրված ռոք-կոմպոզիցիաներ են: Հենց այդ տարիներին են ստեղծվել ստերեոտիպերի դեմ պայքարի մեջ մտնող ու տոտալիտար էպոխայի շունչը փոխանցող Ցոյի, «Բրավո» ու «Նաուտիլուս Պոմպիլիուս» խմբերի երգերը: Կոմունալ բնակարանում դերասան Սերգեյ Գարմաշը կատարում է «Մարդն ու կատուն» երգը` ինքն իրեն ձայնակցելով կաթսաների ու թավաների վրա, «Մի շղթայով շղթայված» երգը հնչում է ինստիտուտի դահլիճում՝ որպես դատավճիռ, ու հիշեցնում է Փինք Ֆլոյդի հայտնի «Պատը» մյուզիքլի հատվածը։

Ֆիլմի ֆինալում շքերթ է, Գորկու անվան փողոցով (որն, ի դեպ` Բրոդվեյ են անվանում) քայլում են բոլոր ժամանակների ըմբոստ սուբկուլտուրաների կրողները` պանկերը, էմոները, ռոքերն ու այլ տարօրինակ արտաքին ունեցող երիտասարդները, որոնց շարքերում են եւ «ոճավորվածները»:

«Ստիլյագի» ֆիլմը առաջին ռուսական մյուզիքլ-կինոն է, որը մեծ բյուջե ու լայն գովազդային կամպանիա է ունեցել: Եվ այն շատ ռուսական ու շատ համամարդկային է: Այն իրոք տոնի ու ամենօրյա փոքր սխրանքների մասին է, որոնց շնորհիվ էլ կյանքում հմայք ու «համ» է հայտնվում: Ֆիլմի հերոս Մէլսը ֆինալում տեղեկանում է, որ իսկական Բրոդվեյում ոչ միայն իրենց նմանները չկան, այլեւ` ընդհանրապես բացակայում են սիրամարգերի նման պճնված մարդիկ, քանի որ դա վատ ճաշակի ցուցանիշ է: Սակայն նա դրան հավատալ չի ուզում, մի՞թե իզուր է գույնով պայքարել անգույնի դեմ: Ոչ, նա հավատարիմ է մնում եւ՛ իր սիրած աղջկան (որը հանկարծ սեւամորթ տղայի մայր է դառնում), եւ՛ իր «գունավոր» գաղափարին: Երեւի Մէլսի որդին էլ սեւամորթ է ծնվել հենց այն պատճառով, որ նա շատ է լսել Չարլի Պարկերին: Եթե հավատում ես երազանքիդ, կյանքդ երբեք չի իմաստազրկվի: Նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն հասուն մարդ ես ու փոխում ես ոճդ: Կարեւորը, որ ինքնակամ ես փոխվում, այլ ոչ թե՝ քեզ ստիպում են դա անել: