Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում համատեղ ջանքերով պայքարել տնտեսության մեջ դիտվող հովանավորչության դեմ: «Հովանավորչությունը մեր պատասխանը չէ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին: Շուկաների բաժանումը միայն կսրի ճգնաժամը»,- ասել է Բարոզուն դաշնային կանցլերի հետ կայացած ասուլիսում: Կանցլերի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարի հանդիպումը նվիրված էր աշխարհի խոշորագույն տնտեսական տերությունների քսանյակի մեջ մտնող երկրների ներկայացուցիչների նախապատրաստական հանդիպմանը, որը փետրվարի 22-ին տեղի է ունենալու Բեռլինում: «Մեծ քսանի» գագաթաժողովը, որի գլխավոր թեման կդառնա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնում, ապրիլի 2-ին տեղի կունենա Լոնդոնում: