Երեւանի Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում բացվել է գրքերի երկօրյա տոնավաճառ-ցուցահանդես: Այդ գաղափարը պատկանում է մի քանի հրատարակչությունների, որոնք համատեղ ուժերով որոշել էին ներկայացնել վերջին տարիների իրենց արտադրանքը` միաժամանակ համագործակցության մեխանիզմներ մշակելով Հայաստանի մարզային գրադարանների հետ: Մանկական գրքերը, որոնք ներկայացնում էին «Անտարես», «Մաքմիլան», «Զանգակ», «Էդիտ պրինտ» հրատարակչությունները, վաճառվում էին 20 % զեղչով ու գունեղ փաթեթավորմամբ: Գնորդներին առաջարկվում էին նաեւ նվերներ (էջանիշներ, օրացույցներ, բացիկներ ու այլ անհրաժեշտ ու գեղեցիկ տպագիր մանրուքներ): Սեփական տպագիր արտադրանքը հրատարակչությունները շատ բարեհամբույր էին ներկայացնում, նրանք պատրաստ էին զրուցել, առաջարկել ու խորհուրդներ տալ: Փոքր հետազոտություն անցկացնելով, կարելի էր պարզել, որ հիմա երեխաների մոտ մեծ պահանջարկ ունեն Հովհաննես Թումանյանի հեքիաթները, բառարանները, ուսումնական ձեռնարկներն ու Շեքսպիրի պիեսները: Եվ ո՞վ ասաց, որ մեր մանուկները գիրք չեն կարդում, նրանց պարզապես գիրք առաջարկել է հարկավոր: Շատերն, օրինակ, ուզում էին Վիլյամ Սարոյանի պատմվածքները ձեռք բերել, եւ դա մեկ անգամ էլ պետք է հուշի հրատարակիչներին, թե ի՞նչ է իրենցից ուզում մանկական շուկան: Միգուցե դեռահասներին նաեւ լավ պոեզիա՞ է հարկավոր:
Մանկական գրադարանը լի էր այցելուներով, գիրք վաճառող տաղավարները վաղուց այդքան մարդաշատ չէին եղել, եկել էին երեխաները, ուսուցիչները, գրադարանների աշխատակիցները: Հրատարակչությունները մարզային գրադարանների համար հատուկ առաջարկներ ունեին` եթե գնում են մեկ գիրք, ապա երկրորդը ստանում են անվճար:
Գրքերի տաղավարներում շրջել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ողջունել է նման նախաձեռնությունը: Վարչապետին հետաքրքրել են «Հայաստանի հրաշալիքները» եւ շախմատին նվիրված գրքերը: Նա նկատել է, որ Հայաստանի հրաշալիքների շարքում են դասվում նաեւ հայկական ձեռագործ գորգերը, եւ մեկ անգամ էլ վերահաստատել է գորգերի արտադրությունը շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից ազատելու որոշման կարեւորությունը: Այնինչ գիրքը նույնպես որպես դաստիարակչական ու կրթական նշանակություն ունեցող արտադրանք՝ սպասում է, որպեսզի ավելի ազատ «շունչ քաշի» հարկային բեռի տակ ու մեր մանուկների կենցաղ մտնի որպես «արտոնյալ» ապրանք: Շատ երեխաներ, օրինակ, հենց գրադարանից դուրս գալով սկսում էին կարդալ նոր ձեռք բերած գրքերը: Շատ խորհրդանշական պատկեր էր. երեխաները գիրք են կարդում: Միգուցե հենց այսպիսին էլ պետք է լինի Հայաստանի Հանրապետության նոր իմիջը: