Ազգային ժողովում ձեւավորված աշխատանքային խումբն, ամենայն հավանականությամբ, այսօր ԱԺ նախագահին կներկայացնի Քրեական օրենսգրքի (ՔՕ) 225 եւ 300, ինչպես նաեւ դրանից բխող երկու այլ հոդվածներում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:
Այս ընթացքում աշխատանքային խումբն ընդունել է մի տարբերակ: Հիշեցնենք, որ փոփոխություններ կատարելու խոստում տրվել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողներին:
Երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հոդվածների փոփոխության կապակցությամբ քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էր «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Ըստ փաստաբանի` 300-րդ հոդվածում ամրագրված հանցատեսակները` պետական իշխանությունը յուրացնելը, պահելը, սահմանադրական կարգը տապալելը, ամենածանր հանցագործություններն են եւ դրանց համար պետք է առավելագույն պատիժ սահմանվի: «Պարզապես այստեղ հարց է առաջանում. այդ հանցանքն ի՞նչ կապ ունի «7-ի գործով» բանտարկյալների հետ»,- հարցնում է Տ.Տեր-Եսայանը:
Քրեական օրենսգրքի (ՔՕ) 300-րդ (իշխանությունը յուրացնելու) հոդվածը, նրա կարծիքով, կարելի էր մասնակի փոփոխել: «Հոդվածի «պետական իշխանության յուրացում» բառակապակցությունից պետք էր հանել «պետական» բառը, քանի որ «իշխանության յուրացում» ասվածն արդեն ենթադրում է պետական իշխանություն: Իսկ ընդհանուր առմամբ` 300-րդ հոդվածը ինչպես եղել է, այնպես էլ մնում է: Միայն 300/1 պրիմ է ավելացվել, որտեղ Ազգային ժողովը (ԱԺ), ՀՀ նախագահը, կառավարությունը, Սահմանադրական դատարանը հավասարեցրել են իրար, որն անընդունելի է»,- հայտարարեց Տ. Տեր-Եսայանը:
300-րդ հոդվածի փոփոխության համար ԱԺ աշխատանքային խումբն առաջարկել է 10-15 տարով ազատազրկել բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը: Նաեւ նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել հանցագործության նախապատրաստական փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին: Այս փոփոխության մասով Տ. Տեր-Եսայանը որոշ անհամաձայնություն ունի: Նրա կարծիքով` նշված ցանկում հանրապետության նախագահից եւ ԱԺ-ից բացի՝ պետական մյուս մարմինները պետք է դուրս մղվեն: Հակառակ դեպքում կարելի է այդ ցանկը մեծացնել` ավելացնելով Դատախազությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ի՞նչ պակաս մարմիններ են որ…: «Կառավարությունը չի կարելի հավասարեցնել հանրապետության նախագահին ու ԱԺ-ին: Ի վերջո, ԱԺ-ն է ձեւավորում կառավարությունը»,- ասում է փաստաբանը:
Ինչ վերաբերում է 225-րդ հոդվածին, ապա Տ. Տեր-Եսայանի կարծիքով` այդտեղ զանգվածային անկարգությունների ժամանակ ներկա գտնվողին պետք է առանձնացնել կազմակերպչից, հրահրողից կամ անմիջական իրականացնողից ու պատժաչափն էլ առանձին սահմանել: Անկարգություններին ուղղակի ներկա գտնվողի համար նոր տարբերակով սահմանված 3-ամսյա կալանք պատժաչափը եւս փաստաբանն անընդունելի է համարում: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր զանգվածային անկարգության ժամանակ բռնություն չեն գործադրել, գույք չեն ոչնչացրել, հրկիզումներ չեն արել կամ հրազեն ու պայթուցիկ նյութեր չեն գործադրել եւ իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց չեն տվել: «Զանգվածային միջոցառման ժամանակ հազարավոր մարդիկ են մասնակցում ու, ենթադրենք, տեղի է ունենում անկարգություն, որը սադրիչներն են սադրել: Ու պահի տակ սադրիչները սկսում են քար նետել, կռիվ հրահրել, ուրեմն զանգվածը պետք է թողնի հեռանա՞: Կամ ինչպե՞ս կարող են տարանջատել, թե ո՞վ` ե՞րբ հասցրեց հեռանալ այդտեղից, ո՞վ է գնահատելու, թե քար նետելուց հետո նա տո՞ւն է գնացել, թե՞ մնացել է: Նոր փոփոխությունների ամբողջ գաղափարախոսությունն այն է, որ անձը շուտ թողնի, գնա տուն, այսինքն` իր ներկայությամբ չոգեւորի բռնարարքներ անողներին: Նախաքննական մարմնին դրանով մարդուն վերացական դատելու հնարավորություն ենք տալիս»,- ասում է Տ.Տեր-Եսայանը:
Առաջարկվող տարբերակում նաեւ այս բոլոր դեպքերում քրեական պատիժ է նախատեսվում: Փաստաբանը, սակայն, ընդունելի է համարում այն միտքը, որ հոդվածից հանվել է «սպանությամբ զուգորդված» արտահայտությունը, քանի որ ՔՕ-ում դրա համար կա առանձին` 104-րդ հոդվածը: Իսկ ինչ վերաբերում է այդ երկու հոդվածները փոփոխելուն, ապա Տ. Տեր-Եսայանն ամենեւին էլ դա չի կապում «7-ի գործի» հետ: Նրա խոսքերով՝ այդ հոդվածները նույնիսկ առնչություն չունեն ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի պահանջների հետ: Ի վերջո, նա չի հասկանում, թե այդ փոփոխություններով իշխանություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:
ՀՀ Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն, ՔՕ 225 եւ 300 հոդվածների համար առաջարկված տարբերակները «նորմալ» է համարել: «Ըստ էության նորմալ փոփոխություններ են` իրավական որոշակիության տեսակետից: Սահմանազատել են դիսպոզիցիայի որոշ հարցեր, որոնք ավելի տարածական էին»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՄԻ պաշտպանը: Նա նաեւ կասկած է հայտնել, թե արդյոք սրանով անուղղակի չե՞ն փաստում այն հանգամանքը, որ որտեղ տարածական մեկնաբանության հնարավորություն կա, իրավակիրառական պրակտիկայում դա ոչ ի օգուտ մարդու իրավունքների է: Դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում, որ փոփոխությունների այնպիսի տարբերակ է առաջարկվում, որը բարելավում, մեղմացում չի նախատեսում, պատժաչափերը չեն փոխվում, այսինքն` չի բացառվում, որ փոփոխությունները հետադարձ ուժ չունենան, Արմեն Հարությունյանն այսպես է պատասխանել. «Ճիշտ ասած, ես անձամբ պատժաչափերն էլ կփոխեի եւ կփոխեի դեպի ավելի նվազեցում բոլոր դեպքերի համար»: