«Այդ պարազիտներին օգնեցինք, որ լափեն»

20/02/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` անդրադառնալով անցած տարեվերջին «ԱԺ կանոնակարգում» իր իսկ առաջարկով արված այն փոփոխությանը, համաձայն որի` ԱԺ պատգամավորը կարող է ունենալ 2 օգնական, որոնցից մեկը՝ հասարակական հիմունքներով, այսինքն` անվճար, մյուսը` 100.000 դրամ աշխատավարձով, որն էլ, բնականաբար, պետք է վճարվի պետբյուջեից:

Նաեւ նշենք, որ Ա. Բախշյանի ներկայացրած նախագծի նախնական տարբերակում ներառված է եղել նաեւ պատգամավորի օգնականին աշխատասենյակով եւ տեխնիկական միջոցներով ապահովելու մասին պահանջը: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է նախագծից հանել այդ դրույթը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի շենքում գոնե տեխնիկապես դեռեւս հնարավոր չէ օգնականների համար նախատեսել առանձին աշխատասենյակներ: Միայն սրանից հետո է Ա. Բախշյանը վերախմբագրված տարբերակում ամրագրել, որ օգնականը «կօգտվի պատգամավորի համար նախատեսված աշխատասենյակից, ինչպես նաեւ՝ տեխնիկայից եւ կապի միջոցներից»:

Ի դեպ, խորհրդարանի պատմության մեջ այս օրինագիծը եզակի էր նաեւ նրանով, որ ընդդիմության կողմից ներկայացված նախագծին կողմ քվեարկեց նաեւ իշխանական ուժերից ձեւավորված կոալիցիան: Միակ պատգամավորը, ով դեմ էր քվեարկել այս նախագծին, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էր: Օրենքն այս փոփոխությամբ ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, բայց այս օրերին էլ որոշ պատգամավորներ շարունակում են դիմումներ ներկայացնել ԱԺ կադրերի բաժին` իրենց օգնականներին աշխատանքի ընդունելու համար: Չնայած սրան` որոշ պատգամավորներ արդեն իսկ սկսել են դժգոհել, որ այս օրենքը եւս մեկ հնարավորություն է` պետական բյուջեն «անտեղի թալանելու համար»: Հիշեցնենք, որ ԱԺ-ն ունի 131 պատգամավոր, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի այսուհետ մեկական 100.000 դրամ աշխատավարձով օգնական ունենալ: Պատգամավորները օգնականներ ունեին նաեւ մինչ այս օրենքի ընդունումը, այլ բան է, որ մենք նրանց մասին գրեթե ոչինչ չգիտենք: «Նրանց արածն ու չարածը այն ժամանակ որեւէ մեկին չէր հետաքրքրում, քանի որ նրանք ոչ թե պետբյուջեի հաշվին էին ԱԺ միջանցքներում պարապ ման գալիս, կամ` լավագույն դեպքում պատգամավորի համար սուրճ եփում, այլ` տվյալ պատգամավորը` իր գրպանից: Այսինքն` տվյալ պատգամավորն ինքն էր իր հայեցողությամբ վճարում իր օգնականին, իսկ հիմա իր փոխարեն կվճարի պետությունը, ի՞նչ վատ»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորներից մեկը: ԱԺ-ում նաեւ խոսակցություններ են շրջանառվում, թե պատգամավորները` օգտվելով «ԱԺ կանոնակարգ-օրենքում» կատարված այս փոփոխությունից, որպես օգնականներ են ձեւակերպում իրենց ինչ-որ ազգականի` քույր, եղբայր, մորաքրոջ կամ հորաքրոջ երեխաներին, սակայն նրանց աշխատանքի չեն կանչում, որպեսզի այդ 100.000 դրամներն իրենք ստանան:

Այս փոփոխության հեղինակ Անահիտ Բախշյանից երեկ հետաքրքրվեցինք` արդյոք ինքն այս փոփոխությունը ներկայացնելիս մտավախություն չունե՞ր, որ այն եւս մեկ անգամ բյուջեն անիմաստ վատնելու առիթ է ստեղծելու: «Անկեղծ ասած` ոչ, ու հիմա ինքս էլ եմ մի տեսակ ինձ վատ զգում, որովհետեւ ես էլ եմ հիմա նման դժգոհություններ լսում: Այն պահին, երբ օրինագիծը ներկայացրինք, մեզ իսկապես օդ ու ջրի պես օգնական էր պետք, եւ չմտածեցինք, որ հերթական անգամ այդ պարազիտները, հենց այդպես էլ ասում եմ, պիտի դա էլ օգտագործեն ուրիշ-ուրիշ նպատակներով: Իմ մտքով չէր անցնում, այդ աստիճան երեւակայություն չունեի, թե ինչպես կարելի է պետբյուջեի փողերը մսխել: Ես էլի եմ լսել նման գնահատականներ, որ մեր միջոցով փողեր են գնում բյուջեին: Ես շատ մտահոգ եմ, բայց ոչինչ անել չեմ կարող: Մենք իրապես առանց օգնականների խեղդվում էինք, հիմա մի քիչ ավելի թափով ենք սկսել աշխատել»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նա նաեւ մեզ հորդորեց գնալ եւ անձամբ տեսնել, թե ինչպես են իրենց խմբակցության պատգամավորների օգնականները «բզեզի պես վազվզում». «Դուք կարող եք գալ, կանգնել մեր դռների մոտ եւ տեսնել, թե ինչպես են մեր օգնականները բզեզի պես էս սենյակից էն սենյակ վազում, իմ կամ մյուս պատգամավորի հանձնարարականները կատարում, նամակներ գրում, ուղարկում, օրենքը հանում, եզրակացություն գրում… Միայն մեր ելից-մտից մատյանները նայեք, տեսեք, թե փետրվար ամսին մենք ինչքան նամակներ ենք գրել: Այսօր հինգ հատ նամակ ենք գրել, օգնականիս ասացի` նստի, թերթը կարդա, նամակ գրի վարչապետին: Հետո ես կարդացի` շտկումներ արեցի, հետո ուղարկեցինք: Բայց եթե այդ հինգ նամակը ինքս նստեի-հավաքեի, ինչպե՞ս կարող եմ այլ գործ անել»: Նա նաեւ նկատեց, թե խնդիրը ոչ թե իրենց առաջարկությամբ ընդունված փոփոխության մեջ է, այլ` «շատ ավելի ակնհայտ տեղում». «Շատ լուսավոր, ակնհայտ տեղում է խնդիրը. թե ինչպես պետական բյուջեն ով հասնի` լափի»: Ա. Բախշյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, թե ինքն անձամբ վատ է զգում, որ «Ժառանգությունն» օգնել է ԱԺ մեծամասնությանը բյուջեի գումարները վատնելու համար: «Փաստորեն մենք օգնեցինք մեծամասնությանը բյուջեն ավելի լավ գռփելու համար: Ցավում եմ, շատ եմ ցավում: Սակայն ստացվում է, որ արդյունավետ աշխատող խմբակցության առաջարկով ընդունված օրենքը վնաս է բերում բյուջեին, եւ մարդիկ մեզ են մեղադրում դրանում: Հասարակությունը կարող է մեզ մեղադրել, որ մենք ավելորդ ծախս արեցինք, բայց նույն հասարակությունը պետք է հակընդդեմ հայց ներկայացնի այն պատգամավորներին, ովքեր չեն օգտագործում այդ կարեւոր ինստիտուտն ու առավել արդյունավետ չեն աշխատում: Այս «մեղադրանքը» մեր հասցեին, պետք է առանց չակերտների ուղղել պարազիտների դեմ, որոնք օգտվում են դրանից եւ բյուջեն յուրացնում են»,- ասաց Ա. Բախշյանը: