Նոր խումբ ԼՂՀ ԱԺ-ում

20/02/2009

Լեռնային Ղարաբաղի ԱԺ 5 պատգամավորներ ձեւավորել են նոր պատգամավորական խումբ` «Արցախատուն»: Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» խմբակցությունից հրաժարված 5 պատգամավորների դիմում-տեղեկանքը երեկ հրապարակել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը. «Մենք` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի թվով հինգ պատգամավորներ` Գարիկ Գրիգորյան, Ռուդոլֆ Մարտիրոսյան, Արծվիկ Սարգսյան, Գառնիկ Միրզաբեկյան եւ Սերգեյ Սեյրանյան, հայտարարում ենք «Արցախատուն» պատգամավորական խմբի ստեղծման մասին:

Պատգամավորական խմբի ղեկավար է ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր Գարիկ Գրիգորյանը»: Ա. Ղուլյանը, ով նաեւ «Ժողովրդավարություն» կուսակցության նախագահն է, ասել է, որ իրենց կուսակցությունը ցանկացած փոփոխությունից վեր է համարում իր իսկ հռչակած ժողովրդավարության սկզբունքը, ինչը, նրա խոսքով, «ենթադրում է նաեւ իր անդամների ազատ քաղաքական կողմնորոշում»:

«Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պատգամավոր Ռուդոլֆ Մարտիրոսյանը խումբ ստեղծելու անհրաժեշտությունն այսպես է բացատրել. «Անկախ պատգամավոր լինելը մի շանս է տալիս, որպեսզի համագործակցես ոչ միայն խորհրդարանի ներսում գտնվող ուժերի, այլեւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ: Մենք կուսակցական որեւիցե կողմնորոշում չունենք: Շատ հարցերում մենք կքվեարկենք ոչ թե միասնական որոշմամբ, այլ մեր կարծիքը կարող ենք առանձին, հստակ արտահայտել»: Ի դեպ, այժմ արդեն ԼՂՀ ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունը «Հայրենիքն» է: