Ճգնաժամ

20/02/2009

«Panasonic»-ը պարտավորեցրել է

Էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրող՝ ճապոնական «Panasonic» ընկերությունը որոշել է «Գնի՛ր «Panasonic» արշավ անցկացնել ընկերության բարձրագույն եւ միջին օղակի ղեկավարների շրջանում: Ըստ «Մայնիտի» թերթի` ընկերության կառավարիչները, սկսած ենթաբաժինների ղեկավարներից, պետք է մինչեւ այս տարվա հուլիս ամիսը ձեռք բերեն 100.000 իենից (շուրջ 1,1 հազար դոլարից) ոչ պակաս գումարի հեռուստացույցներ եւ խոշոր էլեկտրակենցաղային տեխնիկա (օրինակ՝ լվացքի մեքենաներ կամ սառնարաններ): Ընդամենն արշավը կվերաբերի շուրջ 10 հազար աշխատակիցների:

Ղեկավարությունը պետք է ձեռք բերի 200.000 իենից (շուրջ 2,2 հազար դոլարից) ոչ պակաս գումարի՝ «Panasonic» մակնիշի ապրանքներ: Համաշխարհային ճգնաժամի պայմաններում աշխարհում էլեկտրակենցաղային տեխնիկայի պահանջարկի նվազման պատճառով սպասվում է, որ 2008թ. ֆինանսական տարում, որն ավարտվում է 2009թ. մարտի 31-ին, ընկերության վնասները կգերազանցեն 300 միլիարդ իենը (3,3 միլիարդ դոլարը): Այս պատճառով ընկերությունը հայտարարել է աշխարհում 15.000 աշխատակիցների կրճատման եւ 27 գործարանների փակման մասին: «Գնի՛ր Panasonic» արշավը կոչված է ոչ այնքան բարելավելու կոնցեռնի վիճակը, որքան ճգնաժամի պայմաններում բարձրացնելու ղեկավար կազմի գիտակցականության մակարդակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլեկտրոնիկա արտադրող «Fujitsu»-ն իր աշխատակիցներին կոչ էր արել՝ «Գնի՛ր «Fujitsu» արշավի շրջանակներում ձեռք բերել այդ մակնիշի անձնական համակարգիչներ: «Toyota» ավտոկոնցեռնում միջին օղակի ղեկավարներն իրենք են հանդես եկել այս մակնիշի նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու նախաձեռնությամբ, որպեսզի ծանր ժամանակներում աջակցեն իրենց գործատուին:

787 միլիարդանոց հակաճգնաժամային ծրագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 787 մլրդ դոլար ծավալով հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, որը միտված է ԱՄՆ-ի տնտեսությունը դուրս բերել ծանր վիճակից: «Ազգային տնտեսության ապաքինման օրենք» անվանումը ստացած փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դենվերում (Կոլորադոյի նահանգ), որտեղ ԱՄՆ նախագահը գտնվում է աշխատանքային ուղեւորությամբ:

Օրենքը նախատեսում է մասնավորապես մոտ 500 մլրդ դոլարի հատկացում ազգային ենթակառուցվածքի զարգացմանը, վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրությանը, կրթական ու սոցիալական ծրագրերի աջակցմանը, ինչպես նաեւ՝ շրջակա միջավայրի պահպանությանը: Միաժամանակ քաղաքացիների եւ գործարարության հարկային բեռը կթեթեւացվի մոտ 287 մլրդ դոլար գումարով: Այս միջոցառման նպատակներից մեկն ամերիկացիների գնողունակության վերականգնումն է, որպեսզի նրանք վերստին կարողանան գնել ավտոմոբիլներ, անշարժ գույք եւ այլ ապրանքներ՝ այդ կերպ բարելավելով արդյունաբերության համապատասխան ճյուղերի իրադրությունը:

Շոու-բիզնեսը սկսում է հարմարվել լճացմանը

ԱՄՆ-ի շոու-բիզնեսը փորձում է հարմարվել տնտեսական լճացմանը՝ կարիքավոր ամերիկացիների համար առաջարկելով զեղչեր, արտոնություններ եւ սպառավաճառքներ եվրոպացի զբոսաշրջիկների նախկին հոսքի բացակայությամբ. հաղորդում են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Նյու Յորքի ամենահռչակավոր ջազ-ակումբներից մեկը՝ B.B. King Blues Club-ը, հայտարարել է գործազուրկների համար տոմսերի զեղչերի մասին. Թայմ-սկվերում գտնվող դրամարկղում հաստատող փաստաթուղթ ներկայացնողի համար մուտքը 50 տոկոսով էժան կնստի: Ակումբը, որտեղ կամերային պայմաններում ելույթ են ունենում այնպիսի աստղեր, ինչպիսին են Ռալֆ Ստենլին եւ Ջորջ Քլինթոնը, ակցիայի անցկացումը բացատրում է արվեստը մատչելի դարձնելու ցանկությամբ՝ անկախ դրամապանակի չափից: ԱՄՆ-ում հռչակավոր շատ բեմեր, ինչպիսին են New York City Ballet-ը, Portland Opera-ն, Cetre Theatre Group-ը, Ortgon Somphony-ն, Նյու Յորքի ոչ Բրոդվեյի թատրոնները հայտարարել են տոմսերի արժեքի իջեցման մասին, որպեսզի չվանեն իրենց այն հանդիսականներին, որոնք հարկադրված են ավելի ամուր ձգելու գոտիները: «Ճգնաժամն ու ֆինանսական միտումները դրսեւորվում են ամեն ինչում: Երբ դոլարը եվրոյի նկատմամբ գնահատվում էր 1-ը 1,6-ի հարաբերությամբ, ես չէի կարող Բրոդվեյի տոմս գնել, որը պաշարված էր Գերմանիայից եւ Իսպանիայից ժամանած զբոսաշրջիկներով: Երբ խզումը կտրուկ կրճատվեց հօգուտ դոլարի, գերմանացիները գերադասում են գարեջուր խմել հայրենիքում, իսպանացիները նույնպես Բրոդվեյի տրամադրություն չունեն: Զվարճանքների բիզնեսը դեմքով շրջվել է դեպի իրականությունները»,- ՌԻԱ «Նովոստիին» ասել է Conferance Board խորհրդատվական ֆիրմայի գլխավոր տնտեսագետ Քեն Գոլդշտայնը: Տեխասում աննախադեպ քայլի է դիմել Houston Grand Opera-ն, որն իր ներկայացումների տոմսեր է առաջարկում ընդամենը 10 դոլարով դպրոցականների, ուսանողների, մշակութային եւ կրոնական միավորումների համար` հաղորդել է «Wall Street Joutnal» թերթը: Դա ամերիկյան կինոթատրոնի ոչ թանկ տոմսի գինն է: Նույնպիսի գումարով բարձր արվեստին հաղորդակցվել կարող է ամեն մի ցանկացող, ով դեռեւս երբեք չի եղել Հյուսթոնի օպերայում. նորեկի անունը չպետք է հիշատակվի թատրոնի տվյալների համակարգչային պահոցում: ԱՄՆ-ում ընդունված՝ տնտեսությունը խթանող գրեթե 800 միլիարդ դոլարի փաթեթն այդ թվում նախատեսում է 50 միլիոն դոլար՝ արվեստի եւ մշակույթի օժանդակման համար:

Ճգնաժամի հետեւանքները

ԱՄՆ Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովը (SEC) ֆինանսիստ-միլիարդատեր Ալեն Ստենֆորդին՝ Stanford Financial Group-ի սեփականատիրոջը, մեղադրում է 8 միլիարդ դոլարի ծավալով խաբեբայական գործառնությունների մեջ: Ըստ հանձնաժողովի տվյալների՝ Stanford International Bank-ը վերջին 15 տարում իրականացրել է դեպոզիտային վկայականների վաճառքի վրա հիմնված խաբեբայական սխեմա, վկայականներ, որոնք երաշխավորում էին բարձր տոկոսի եկամտաբերություն: Ներդրողները գնել են այդ թղթերը՝ հավատալով «անհավանական եւ չհիմնավորված բարձր տոկոսադրույքների» խոստումներին:

Հանձնաժողովը բողոք է ներկայացրել Դալասի ֆեդերալ դատարան, եւ դատավոր Ռիդ ՕգՔոնորը կարգադրություն է արել Ստենֆորդի ակտիվների սառեցման մասին:

Ըստ հանձնաժողովի գնահատումների՝ Ստենֆորդը, նրա ընտանիքի անդամները եւ ընկերները «կատարել են խոշոր խարդախություն՝ հիմնված կեղծ խոստումների» եւ սարքված անցյալ տարիների տվյալների վրա՝ ներդրողներին խաբելու նպատակով:

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ՀՀԲ-ն հետաքննում է Միացյալ Նահանգների ընկերություններում խարդախության ավելի քան 500 դեպք, որոնք կատարվել են սաստկացող համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին կամ դրա ժամանակ: Վերջին ժամանակներս շատ վերլուծաբաններ հրապարակել են իրենց կարծիքները սաստկացող ճգնաժամի մեղավորների մասին: «Մեղադրյալների» թվում հնչել են աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաների եւ ֆինանսական կորպորացիաների ու ինստիտուտների ղեկավարների ամենատարբեր ազգանուններ:

Սակայն ամենաաղմկահարույց ֆինանսական սկանդալը դարձել են Բերնարդ Մեդոֆի մեքենայությունները, որոնք աշխարհի զանգվածային լրատվամիջոցներն արդեն անվանել են «դարի շահախարդախություն», որի հետեւանքով վնասները կազմում են շուրջ 50 միլիարդ դոլար:

Հարկային համաներո՞ւմ

Արգենտինան հարկային համաներման ընթացքում, որի իրականացումը Հարավային Ամերիկայի այս պետությունում կսկսվի մարտի 1-ից, մտադիր է օրինականացնել ոչ քիչ միջոցներ, քան 2007 թվականին Ռուսաստանը. ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել է Պետական բյուջեի եկամուտների համերկրային վարչության (AFIP) ղեկավար Ռիկարդո Էչեգարայը: «Մենք հուսով ենք, որ շուտով սկսվող համաներման ընթացքում մեզ կհաջողվի օրինական շրջանառության մեջ վերադարձնել բնավ էլ ոչ քիչ ֆինանսական միջոցներ, քան օրինականացվել է Ռուսաստանում 2007թ. նման բարենորոգության ժամանակ, այսինքն՝ ավելի քան 1,12 միլիարդ դոլար»,- հայտարարել է Էչեգարայը: Նրա խոսքով, չի բացառվում, որ օրինականացված փողերի ծավալը կարող է զգալիորեն գերազանցել նշված թիվը՝ հաշվի առնելով վերջին տարիներին Արգենտինայից կապիտալների արտահոսքը: Բացի դրանից, AFIP-ի ղեկավարը նշել է, որ ըստ որոշ տվյալների՝ միայն բանկային դարակախորշերում արգենտինացիները պահում են 12-ից մինչեւ 14 միլիարդ դոլար:

Էչեգարայն այն կարծիքին է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում պետությունը պարտավոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի այդ փողերն աշխատեն ի բարօրություն երկրի:

Առաջիկա օրերին հարկերի պոտենցիալ չվճարողներին AFIP-ն կուղարկի 15.000 նամակ՝ ընձեռված հնարավորությունից օգտվելու առաջարկությամբ:

Էչեգարայն ընդգծել է, որ արտասահմանից կապիտալների վերադարձը եւ եկամուտների հայտարարագրումը տեղի կունենա «միջազգային պրակտիկային խստիվ համապատասխան», որը բացառում է հանցավոր ուղիով վաստակած միջոցների «լվացումը»:

Արգենտինայում ֆինանսական համաներումը կսկսվի մարտի 1-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 31-ը: Այն քաղաքացիները (բացառությամբ պետական ծառայողների), ովքեր որոշել են օրինականացնել արտասահմանում գտնվող, իսկ երբեմն էլ «ներքնակի տակ» պահվող փողերը, կարող են դա անել մի քանի միջոցներով. կա՛մ հաշիվը հայտարարագրել արտասահմանյան բանկում՝ բյուջե վճարելով 8 տոկոս մուծում, կա՛մ ձեռք բերել պետական պարտատոմսեր (հարկը՝ 3 տոկոս), կա՛մ ներդնել իրական արտադրությունում՝ գանձարան մուծելով հայտարարագրված գումարի 1 տոկոսը:

Ըստ անկախ փորձագետների գնահատումների՝ արգենտինացիներն արտասահմանում պահում են ավելի քան 120 միլիարդ դոլար, ինչը զուգադրելի է երկրի արտաքին պարտքի հետ:

Նշենք, որ հարկային այս համաներումն իրականացվում է «հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի» շրջանակներում, որը երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներն առաջարկել է անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին։