«Անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը շատ է նվազել», «Բնակարանների գները արդեն նվազում են, սպասվում է, որ ավելի են նվազելու», «Շուկան այսօր «կայուն ծանր» վիճակում է»: Սրանք այն պատասխաններն են, որոնք տալիս էին անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները` շուկայում այսօր տիրող վիճակի վերաբերյալ մեր հարցերին պատասխանելիս:
«Սպասողական վիճակը վաճառողների ու գնորդների մոտ դեռեւս շարունակվում է»,- ասում է «ԷՍԿո-Կոնցեռն» անշարժ գույքի գործակալության գնումների բաժնի ղեկավար Տիգրան Բաղյանը: «Ընդհանուր առմամբ, միջինում գները մի 2.7-3%-ի չափով անկում են ապրել 2008թ. դեկտեմբերի համեմատ: Սակայն բնակարանները շտապ վաճառել ցանկացողները ստիպված են ավելի շատ իջեցնել գները: Կենտրոնում գտնվող անշարժ գույքը, օրինակ, արագ կարելի է վաճառել` գները իջեցնելով մոտ 15%-ով: Քաղաքի ծայրամասերում կիսակառույցների, ոչ լիկվիդային (համեմատաբար ցածր պահանջարկ ունեցող) անշարժ գույքի գները նվազել են 15-17%-ով»,- նշեց Տ. Բաղյանը: Իսկ «ԷՄ ընդ ԷՄ» անշարժ գույքի գործակալության գնահատումների բաժնի ղեկավար Ռուբիկ Դեղոյանի ասելով` գների անկումը միջինում 20-30% է: «Եթե, օրինակ, մի որեւէ բնակարանի 1 քմ-ի դիմաց դեկտեմբերին վաճառողները պահանջում էին, ասենք, 1000 դոլար, ապա այսօր այն առաջարկում են 700-800 դոլարով: Լսել ենք նույնիսկ, որ 20 հազ. դոլարով մեկ սենյականոց բնակարան է վաճառվել Հարավ-Արեւմտյան թաղամասում»,- ասաց Ռ. Դեղոյանը:
Իսկ որքա՞ն կարող է տեւել այս իրավիճակը: «Կարծում եմ` քանի որ սա տնտեսական ճգնաժամի հետեւանքն է, հետագա փոփոխությունները միանշանակորեն կապված են դրսի հետ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասում է «Realty» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Թորգոմ Հովհաննիսյանը: «Կարծում եմ` գարնան վերջին ներկայիս «կայուն ծանր» վիճակից կանցնենք, պատկերավոր ասած` «միջին ծանրության կայունության»: Կայուն ասելով, նկատի ունեմ այն, որ խուճապային տրամադրություններ չկան: Ինչպես նախորդ տարիների փորձն է ցույց տալիս` ամռանը համեմատաբար պասիվ վիճակ է լինում, բնակարանների գնումների համար լավ ժամանակաշրջան չէ, մարդիկ ուրիշ հոգսերով ավելի շատ են տարված: Այս տարին եւս բացառություն չի լինի այս առումով: Իսկ գործարքների թվի աճ, կամ, համենայնդեպս, նվազման դադար սպասում ենք արդեն սեպտեմբեր ամսից: Մյուս կողմից էլ՝ նշեմ, որ փորձագետները աշնանը տնտեսության մեջ փողի քանակի ավելացման վտանգ են տեսնում (էմիսիայի միջոցով), եւ կարծում եմ` բնակարանների գների աճ կարող է լինել նաեւ դրա հաշվին»,- նշեց «ԷՍԿո-Կոնցեռնի» գնումների բաժնի ղեկավարը:
Որոշ գործակալությունների ներկայացուցիչներ էլ դժվարացան կանխատեսումներ անել: «Դեռեւս անորոշ վիճակ է, ոչինչ չենք կարող ասել»,- նշում էին նրանք: Իսկ այսօր բնակարանների գները, ընդհանուր առմամբ, ավելի շատ են տատանվում միջին գնից, քան նախկինում: Այսինքն` որեւէ թաղամասում նույնատիպ, բայց տարբեր գներով վաճառվող բնակարաններից առավելագույնի եւ նվազագույնի գների միջեւ եղած տարբերությունն այսօր աճել է: «Կենտրոնում կան մի քանի որակական մակարդակի շենքեր` ստալինյան ժամանակաշրջանի նախագծեր, նորակառույցներ եւ այլն: Ընդհանուր առմամբ` 1 քմ-ի գները Կենտրոնում 1500-2000 դոլար են: Իսկ պահանջարկ ունեցող բնակարանների արժեքը ծայրամասերում միջինում 1 քմ-ի դիմաց մոտ 800 դոլար է, թեեւ, իհարկե, ասենք, Դավթաշենում, Չարբախում, Բանգլադեշում այդ գները տարբերվում են իրարից»,- նշեց Տ. Բաղյանը: Անհատ բրոքերները ավելի հստակ թվեր էին նշում: Օրինակ, Երրորդ մասում 1 սենյականոց բարեկարգ բնակարանների 1 քմ-ի չսակարկված գներն այսօր տատանվում են 800-1100 դոլարի սահմաններում: Այստեղ մոտ 9 մլն դրամով (29.500 դոլար) կարելի է ձեռք բերել 31 քմ տարածքով 1 սենյականոց բնակարան (1քմ-ի միջին գինը կկազմի մոտ 290 հազ. դրամ կամ 950 դոլար): Զեյթունում 8.75 մլն-ով կարելի է ձեռք բերել 40քմ մակերեսով 1 սենյականոց բնակարան (1 քմ-ի միջին գինը կկազմի մոտ 720 դոլար): Ընդ որում` այդ գները սակարկման արդյունքում կարող են իջնել: Արաբկիրում գները համեմատաբար բարձր են` 1 քմ-ի համար 1300-1500 եւ ավելի դոլար: Կոմիտաս փողոցում 19.8 մլն դրամով (65 հազար դոլար) կարելի է ձեռք բերել 70 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան, թեեւ ընդհանուր առմամբ այստեղ 1քմ-ի գները ավելի բարձր են` 1100-1600 դոլար: Ավանում գտնվող բնակարանների գները կարելի է դասել ամենացածրերի շարքին: Այսօր այստեղ 1 քմ-ի դիմաց 650-800 դոլար վճարելով՝ կարելի է ձեռք բերել 58-66 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարաններ: Թանկ են նաեւ Բաղրամյան պողոտայի բնակարանների գները` 1200-1500 դոլար 1քմ-ի համար (20-30 մլն դրամով կամ 65-100 հազար դոլարով կարելի է ձեռք բերել 80-120քմ մակերեսով 3 սենյականոց բնակարաններ): Սակայն այստեղ եւս համեմատաբար ավելի ոչ բարենպաստ պայմաններում գտնվող բնակարան կարելի է ձեռք բերել` 1քմ-ի դիմաց վճարելով, ասենք, 1000 դոլար: Բնականաբար, ավելի էժան է նաեւ շատ շտապ վաճառվող անշարժ գույքը:
Այսպիսով, ինչպես սպասվում էր, անշարժ գույքի գները Հայաստանում արդեն կայուն նվազում են: Հիշեցնենք, որ Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2008թ. վերջին եռամսյակում նվազել էին միայն Երեւանում գտնվող բնակարանների գները, այն էլ` ընդամենը 1.9%-ով (Երեւանի եւ մարզերի անհատական բնակելի տների, ինչպես նաեւ՝ մարզերի բնակարանների գներն աճել էին, թեեւ՝ համեմատաբար ավելի փոքր չափերով): Ընդ որում` այդ նվազումը այնքան քիչ էր, որ 2008թ. ողջ տարվա կտրվածքով բնակարանների գների նվազում պաշտոնապես չարձանագրեց: Այժմ, փաստորեն, այդ նվազումը ավելի առարկայական է, եւ շատ հավանական է, որ գործարքների թվի երկնիշ նվազմանը զուգահեռ՝ առաջիկա ամիսներին ունենանք նաեւ անշարժ գույքի գների երկնիշ անկում: