Բոլորին է հայտնի, որ պատմությունը ուսուցիչ է: Բավական տարօրինակ ուսուցիչ, ումից ոչ ոք ոչինչ չի սովորում: Զուտ այս պատճառով հասարակական կյանքին հետեւողների մոտ պարբերաբար դեժավյուի զգացում կա: Հենց այդ տպավորություններով եմ հետեւում մերօրյա քաղաքական դատավարություններին: Խոսքն, առաջին հերթին, Գագիկ Ջհանգիրյանի ու «Յոթի գործի» մասին է: Ամիսներ շարունակ ինձ չէր լքում զգացումը, որ այդ դատավարությունների մասին ինչ-որ տեղ կարդացել եմ: Պատմության խառնակ ժամանակները իրար նման են: Հատկապես հեղափոխական իրավիճակները: Մեր մոտ էլ, հակառակի պես, անցումային փուլ կոչվածն ու պետականության կառուցումը, 18 տարի է, չի ավարտվում: 18 տարի է, մեր հասարակությունը պարբերաբար վերապրում է այն մղձավանջները, որ բնորոշ են խառնակ ժամանակներին: 200 տարի առաջ ճիշտ մեր նման՝ Ֆրանսիական հեղափոխության միջոցով իշխանության եկած տղերքը որոշեցին, որ պետությանը պինդ տղերք են պետք: Որոշեցին ու գրագետ իրավաբանի համբավ ունեցող Դանտոնին հանձնարարեցին ձեւավորել նոր դատաիրավական համակարգ: Դանտոնը մեծ եռանդով կպավ գործի: Նախկին ավտորիտար դատաիրավական համակարգը ոչնչացնելով՝ ստեղծեց նորը: Իր պատկերով ու նմանությամբ: Նոր դատարանը կոչվեց «հեղափոխական տրիբունալ»: Տրիբունալն անողոք պայքար սկսեց հանցագործության ու ընդհանրապես բոլորի դեմ: Սակայն Դանտոնին բախտ չվիճակվեց երկար հիանալ իր ստեղծագործությամբ: Պետության փաստացի ղեկավար Ռոբեսպիերը մի քանի ամիս չէր հանդգնում ձերբակալել արդեն ընդդիմադիր դարձած Դանտոնին: Որովհետեւ վստահ չէր, որ տրիբունալն ի վիճակի կլինի դատական մրցակցության պայմաններում դատապարտել իր իսկ հեղինակին: Բայց իշխանությունն, ինչպես միշտ, եւ, ինչպես ամենուր, ամենահզորն է: Ռոբեսպիերին հաջողվեց տրիբունալի օրենքով պահանջված 12 դատավորի փոխարեն գտնել վստահելի 7 դատավորի: Եվ Դանտոնը կանգնեց իր ստեղծած տրիբունալի առջեւ: Կանգնեց արդեն մեղադրյալի փորձառությամբ գնահատելու իր հեղինակած դատաիրավական համակարգը: Դատական առաջին նիստերը լրջորեն մտահոգեցին իշխանություններին: Իրավաբանի փառահեղ կրթությամբ ու բարձրագույն իշխանավորի փորձառությամբ Դանտոնը նվաստացնում էր մեղադրական կողմին: Դատավարությունը տեղ-տեղ քննություն հանձնելու պես մի բան էր: Նախկին իշխանավորը մեկիկ-մեկիկ ստուգում էր իր մեղադրողների քայլերի հիմնավորվածությունը, քննող դասախոսի նման գնահատում նրանց արարքներն ու գիտելիքները: Որովհետեւ մեղադրողները Դանտոնի նախկին աշակերտներն էին ու ենթակաները: Այս դրվագը մանրամասների ճշտությամբ կրկնվում է Գագիկ Ջհանգիրյանի դատավարության ընթացքում: Ջհանգիրյանն էլ է ստիպված մեղադրվողի կարգավիճակում այսօր պայքարել իր իսկ ստեղծած իրավահամակարգի դեմ: Նա սառնասրտորեն հարցաքննում է դատավարության բոլոր մասնակիցներին: Դատավորը վեհերոտ ձայնով է մասնակիցներին հիշեցնում, որ նախագահողն ինքն է ու միայն իր թույլտվությամբ կարելի է հարցեր տալ: Կամ պատասխանել հարցերին: Որպես վկա հանդես եկող Ոստիկանության «խրոխտ» սպաները դողդոջ ձայնով մեղադրյալին հիշեցնում են, որ իրենք էլ են իրավաբան: Որ մեղադրյալն ինքն է դասավանդել այս կամ այն առարկան (կամ բացատրել դիսկուրսը): Հիշեցնում ու լսում է «Ապրես, դե պատասխանի՛ր»՝ ոչ այն է՝ ուսուցչի, ոչ այն է՝ ղեկավարի առաջարկ-հրամանը: Վերադառնանք Դանտոնի դատավարությանը: Մանավանդ, որ այն, ի տարբերություն Ջհանգիրյանի ու «Յոթի գործի», վաղուց է ավարտվել: 7 դատավորները Ռոբեսպիերին երդվել էին, որ Դանտոնի մեղադրական վճիռը կայացնելու են, անկախ դատաքննությունից: Որքան էլ Ռոբեսպիերը վստահեր նրանց, միեւնույն է, օրենսդրական փոփոխություններով աջակցում էր նրանց: Կոնվենտն, օրինակ, որոշում ընդունեց, որ տրիբունալն այլեւս նիստերը չպիտի ընդհատի: Մեղադրյալներին պաշտպանվելու ժամանակ տալ պետք չէ: Հետեւաբար՝ տրիբունալը սկսեց գործել անդադար նիստի ռեժիմով: Բայց միեւնույն է, ակնհայտ էր մեղադրվող Դանտոնի ու մեղադրողների տարբերությունը: Այն սառնասիրտ դաժանությամբ ու սրամտությամբ, որով ամիսներ առաջ Դանտոնը գիլյոտինի էր դատապարտում հեղափոխության թշնամիներին, հիմա պայքարում էր «հեղափոխական տրիբունալի» դեմ: Ռոբեսպիերը կրկին օգնության եկավ դատավորներին: Կոնվենտը նոր օրենք ընդունեց: Այն նորից մեկին մեկ համընկնում է մեր Ազգային ժողովի ընդունած օրենքի հետ: Նոր օրենքը սահմանում էր, որ «դատարանի նկատմամբ անհարգալի վերաբերմունքի, կամ դատավորին վիրավորանք հասցնելու դեպքում դատարանն իրավունք ունի դահլիճից հեռացնել մեղադրյալներին ու դատն անցկացնել առանց նրանց»: Թե որտեղ ավարտեց իր կյանքը Դանտոնը, գիտեն բոլորը: Հուսով եմ, որ այստեղ համընկնումները կավարտվեն: Մեր դատավարությանը հետեւող եվրոպական դիտորդներին անհանգստացնում է այն փաստը, որ մեղադրանքները հիմնված են բացառապես իրավապահների ցուցմունքների վրա: Սա էլ պատմական աղերս է հիշեցնում: 18-րդ դարի սկզբի Ռուսաստանում եւս խառնակ ժամանակներ էին: Պետրոս Մեծի հեղափոխության աստիճանի բարեփոխումների շրջանն էր: Պետրոսի կայսերական կամքով Ռուսաստանի դատարանները պարտավոր էին չընդունել որսորդների վկայությունները: Մասնագիտություններ կան, որ մարդուն փչան են դարձնում: Բոլորին է հայտնի, որ պատմությունը ուսուցիչ է: Բավական տարօրինակ ուսուցիչ, որ ոչ ոք ոչինչ չի սովորում: Բայց անխնա պատժում է իր դասերը չյուրացնողներին: