ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել շինարարության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հանդես են գալիս եւ՛ իբրեւ կառուցապատողներ, եւ՛ իբրեւ ներդրողներ: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քննարկվել են ոլորտում առկա կարողություններին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ներդրումային հնարավորություններին ու հեռանկարներին, ստեղծված իրավիճակում պետություն-մասնավոր հատված համագործակցությանն առնչվող հարցեր: Խորհրդակցության նպատակն, ըստ Տ. Սարգսյանի` այն է, որ վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ տնտեսական աճի կարեւորագույն շարժիչներից մեկը եղել է շինարարության ոլորտը: Այդ շինարարությունն իրականացվել է հիմնականում մասնավոր ներդրումների միջոցով, որի մի զգալի մասն ապահովվել է արտասահմանյան գործընկերների միջոցների հաշվին:
«Այն գնահատականները, որ դուք ունեք, այն սպասումները, ծրագրերը, որոնք առկա են, մեզ համար, իհարկե, էական նշանակություն ունեն, որպեսզի ճիշտ կանխատեսենք 2009-2010թթ. մեր ֆինանսական հոսքերը՝ մի կողմից, եւ մյուս կողմից` տնտեսական աճի հնարավոր սցենարները: Դուք շատ լավ գիտեք` ինչպիսի՞ն է իրավիճակը շուկայում, ի՞նչ ծավալի պատվերներ կան, որոնք գալիս են ներքին շուկայի պահանջարկից ու նաեւ դրսից»,- ասել է Տ. Սարգսյանը` առաջարկելով խորհրդակցությանը մասնակցող կառուցապատող-ներդրողներին իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնել ստեղծված իրավիճակում պետության կողմից աջակցության ձեւերի վերաբերյալ` շինարարության ոլորտում որոշակի աշխուժացում ապահովելու եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեր շուկայի վրա համատեղ ուժերով հնարավորինս մեղմելու համար: Վերջում Տ. Սարգսյանն ընդգծել է, թե առաջին անհրաժեշտ միջոցառումը հիպոթեքային շուկայի զարգացումն է, որը թույլ կտա լուծել կառուցապատողների կողմից առաջ քաշված խնդիրները: Երկրորդը, ըստ նրա` պետական ծրագրերի շրջանակներում նախատեսվող շինարարությունը, այդ թվում` աղետի գոտում շարունակելն ու ավարտին հասցնելն է, որն ամեն դեպքում պետք է իրականացվի: Դրա շրջանակներում եւս հնարավոր է դիտարկել մասնավոր հատվածի ընկերությունների կարողությունների օգտագործմամբ` նրանց աջակցելու հարցը: Նա առաջարկել է կառուցապատողներին` այս ընթացքում սերտորեն համագործակցել նաեւ ՀՀ ԿԲ-ի հետ եւ, վերջինիս կողմից մշակվող համապատասխան հայեցակարգը պատրաստ լինելուց հետո, նախաձեռնել նմանատիպ եւս մեկ քննարկում: