ՀՀ կառավարությունը զբաղված է քարոզչական հնարքներով

20/02/2009

Հայաստանի տնտեսության անկման մասին բոլոր կանխատեսումները փաստացի իրականություն են. երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Նա համոզված է, որ տնտեսության կայունության պատրանք ստեղծում է միայն դրամի անփոփոխ կուրսը, որը կարճաժամկետ առումով ապահովում է կայունություն, սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով մոտավորապես հիշեցնում է մի իրավիճակ, երբ թմրամոլին թմրանյութ են տալիս, այդ պահին նրան լավ է, բայց բոլորին է հայտնի, թե ինչ է լինում հետո: Ա. Թեւանյանի կարծիքով` ՀՀ կառավարությունը, բացի այլ երկրներից վարկ ուզելուց եւ փոքր բիզնեսին ՀԴՄ պարտադրելուց եւ մեկ էլ հանրությանը «լոտոմանիայով» վարակելուց, չի անում հակաճգնաժամային որեւէ այլ էական քայլ: Մինչդեռ ՀՀ տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ինչի մասին է խոսում այն, որ կայունության միակ պատրանք դրամի կուրսը պահելու համար իշխանությունը ծախսում է Հայաստանի դոլարային պահուստը: Ընդ որում, ըստ Անդրանիկ Թեւանյանի, երբ այդ պահուստը հավասարազոր է լինում ներմուծման մեկ տարվա ծավալին, ապա դա նշանակում է, որ երկիրը բարվոք եւ ապահով վիճակում է, սակայն, երբ հասնում է ներմուծման կես տարվա ծավալին, ապա իրավիճակը վտանգավոր է: Մինչդեռ, ըստ Ա. Թեւանյանի` ՀՀ դոլարային պահուստն այսօր համապատասխանում է ներմուծման ընդամենը 3-4 ամսվա ծավալին, քանի որ ներմուծվում է մոտ 3-4 միլիարդի ապրանք, սակայն մեր դոլարային պահուստը ընդամենը մեկ միլիարդից մի քիչ է ավելի: Իրական գործողությունների փոխարեն` կառավարությունն, ըստ տնտեսագետի, զբաղված է քարոզչական հնարքներով եւ չունի հակաճգնաժամային հայեցակարգ: Անդրանիկ Թեւանյանը նշում է, որ կառավարությունն, օրինակ, ինքնագովազդով ներկայացնում է, հեռուստատեսային լուրերի միջոցով, թե իբր գորգագործությունն ազատել է շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից, բայց դա պարզունակ քարոզչություն է, որը չունի ոչ մի առարկայական օգուտ: Ա. Թեւանյանն ասում է, որ վերջին տարիների տվյալով, գորգագործությունը ՀՀ-ում միշտ աշխատել է վնասով, այսինքն՝ երբեք էլ չի մուծել շահութահարկ, հետեւաբար ուղղակի ծիծաղելի է, երբ առանց այն էլ շահութահարկ չմուծող ոլորտը ազատվում է շահութահարկից: Բացի այդ, գորգագործությունը ՀՀ-ում արտահանվող ուղղություն է, ինչը նշանակում է, որ այն, այսպես թե այնպես, չի մուծում ավելացված արժեքի հարկ, ազատված է դրանից, քանի որ արտահանումը ՀՀ-ում ազատված է եղել ԱԱՀ-ից: Տնտեսագետը նշում է, որ գորգագործության համար եթե հումք են ներկրում, ապա մուծում են ավելացված արժեքի հարկ, սակայն հետո, երբ վերջնական արտադրանքը արտահանում են, այդ մուծածը հետ են ստանում, ըստ օրենքի: Ընդ որում, այդ վերադարձը հաճախ չեն էլ ստանում, չնայած օրենքի պահանջին: Այսինքն, ստացվում է, որ, օրինակ, գորգագործությունը խրախուսելու մասին կառավարության որոշումներն ուղղակի քարոզչական նպատակ ունեն եւ որեւէ էական հարց տնտեսության համար չեն լուծում:

Ա. Թեւանյանը ճգնաժամը կանխելու եւ տնտեսության աճը խթանելու համար առաջարկում է նախ փոխել հարկային օրենսդրությունը եւ էապես նվազեցնել հարկերը, ժամանակավորապես կասեցնել փոքր ու միջին բիզնեսին ՀԴՄ-ների պարտադրումը, թեթեւացնելով հարկային բեռը, քաղաքական լուծման գնալ խոշոր բիզնեսի դաշտում եւ ապահովել հավասար մրցակցության ապահովումը, ընդունել հակամենաշնորհային օրենսդրություն եւ ստեղծել համապատասխան անկախ հանձնաժողով, վարել էժան դրամի, այսինքն ցածր տոկոսադրույքների քաղաքականություն, դրամի կառավարելիության պայմաններում աստիճանաբար անցնել լողացող փոխարժեքի քաղաքականության, սուբսիդավորել գյուղատնտեսությունը:

Ըստ Lragir.am-ի