Հանցագործություններն աճում են, բացահայտումը` նվազում

20/02/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2007թ. համեմատ 2008թ. ՀՀ-ում հանցագործությունների քանակն ավելացել է 10 տոկոսով: 2008թ. հանցագործությունների թիվը հասել է 9271-ի` 2007թ. 8428-ի դիմաց: Այս մասին ասված է երեկ կայացած Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ լրագրողներին տրամադրված տեղեկանքում:

Արձանագրված հանցագործությունների մեջ 113 դեպքով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները: Սպանության դեպքերը 2008թ. կազմել են 78` 2007թ. արձանագրված 71-ի համեմատ, սպանության փորձերը կազմել են 30` 2007թ. 28-ի համեմատ, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը կազմել են 215` 2007թ. 185-ի համեմատ, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են 63 դեպք` 2007թ. 33-ի համեմատ: Նվազել են միայն դիտավորությամբ առողջությանն այլ վնաս հասցնելու դեպքերը: Անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անձի դեմ ուղղված հանցագործությունների մեծ մասը գրանցվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքներում գտնվող ժամանցի վայրերում, չնչին առիթներից առաջացած վիճաբանությունների արդյունքում: Ըստ Գլխավոր դատախազության, Ոստիկանության ստորաբաժանումները գործնական միջոցներ չեն ձեռնարկում ժամանցի վայրերում հասարակական կարգը պահպանելու եւ հանցագործությունները կանխարգելելու համար: «Ոստիկանության աշխատանքում դեռ նկատելի են լուրջ թերություններ, որոնք հիմնականում արտահայտվում են հանցագործությունների նախականխման աշխատանքների անբավարար վիճակի եւ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ոչ բոլոր հնարավորություններն օգտագործելու մեջ»,- նշված է տեղեկանքում: Սակայն պարզվում է, որ հանցագործությունների քանակի այդ 10 տոկոս աճն էլ ցույց չի տալիս իրական պատկերը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հավաստմամբ` վերջին երկու տարվա ընթացքում խուլիգանական բնույթի հանցագործությունների կտրուկ նվազումն օբյեկտիվ պատկերը չէ եւ պայմանավորված է ոչ թե խուլիգանության դեպքերի կտրուկ նվազմամբ, այլ այդպիսիք ընդամենը որպես մարմնական վնասվածքներ որակելով, կողմերի հաշտության հիմքով քրեական գործերի հարուցումը մերժելով ու կարճելով: «Ոչ ոք չի կարող մեզ համոզել, որ օրինակ` Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքում ամբողջ 2008թ. ընթացքում կատարվել է խուլիգանության 3 դեպք, Քանաքեռ-Զեյթունում` 4, Շենգավիթում` 6, Շիրակում` 6, երբ Արարատում այդ թիվը կազմել է 54, Լոռիում` 53: Փաստորեն, Արարատում եւ Լոռիում գրանցված խուլիգանության դեպքերն ավելին են, քան այլ մարզերում եւ համայնքներում միասին վերցրած, այդ թվում` Շենգավիթ, Էրեբունի-Նուբարաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, Արմավիր, Տավուշ»,- ասաց Ա. Թամազյանը: Ըստ նրա՝ խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ մարմնական վնասվածքների տակ քողարկված եւ հաշտության հիմքով մերժված կամ կարճված այս բնույթի նյութերն ու գործերը որպես հանցագործության դեպք Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում հաշվառման չեն վերցվում եւ, արդյունքում լինում է թե ընդհանուր, թե ծանր հանցագործությունների, թե անձի եւ հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոչ ստույգ վիճակագրական պատկեր` իր բոլոր բացասական հետեւանքներով: «Հարցերի լուծման այդպիսի ճանապարհը հակասում է օրինականության ապահովմանն ու ամրապնդմանը, Դատախազության կոլեգիայի որոշումներին, գլխավոր դատախազի ցուցումներին եւ հրամաններին: Առաջիկայում կանդրադառնանք վիճակի առավել խորը վերլուծությանը, որի արդյունքում կձեռնարկվեն կոնկրետ միջոցառումներ»,- վստահեցրեց Ա. Թամազյանը: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճի այս տխուր ֆոնին նվազել է նաեւ բացահայտումների քանակը: Մարդու դեմ ուղղված հանցատեսակներից 2008թ. բացահայտվել է 85,5 տոկոսը՝ 2007թ. 87,8 տոկոսի փոխարեն: Նշենք նաեւ, որ ըստ Ա. Թամազյանի` 2008 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման եւ բացահայտման նվազում: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները գրեթե կրկնակի աճել են քրեակատարողական հիմնարկներում (արձանագրվել է 70 դեպք` նախորդ տարվա 36-ի դիմաց): Մյուս կողմից էլ, ըստ Ա. Թամազյանի` քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակիցներ դատապարտվել են, այդ թվում` քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը, որը կալանավորվել եւ այնուհետեւ դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով: Իսկ ընդհանուր առմամբ հանցագործությունների թիվը քրեակատարողական հիմնարկներում ավելի քան կրկնակի աճել է` 2007-ի 45 դեպքի փոխարեն՝ 2008թ. կազմելով 98 դեպք, այդ թվում` սպանության` 1, փախուստի` 3, փախուստի փորձի` 3, միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու` 1, խուլիգանության` 2, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու` 1, պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությունը խոչընդոտելու` 3, գողության` 2, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության` 70: