«Մարտի 1-ի իրադարձությունները կարելի է որակել որպես ռազմական պետական հեղաշրջում»,- երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ իրենք ունեն բանակի ապօրինի օգտագործման վերաբերյալ անհերքելի փաստեր ինչպես հայտարարված արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ` դրանից առաջ:
ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ ներկայացրեց 2008թ. մարտի 1-ին ՀՀ բանակային ստորաբաժանումների օգտագործման վերաբերյալ հասարակական հանձնախմբի զեկույցը: «ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է բանակի/զինված ուժերի (ԶՈՒ) օգտագործումը միայն ռազմական դրության պայմաններում: Արտակարգ դրության պայմաններում բանակի օգտագործումը չի նախատեսված (ՀՀ օրենք արտակարգ դրության մասին գոյություն չունի) եւ այս հարցը նույնպես պատկան մարմինների կողմից գնահատվելու կարիք ունի»,- նշված է զեկույցում: Երեկ երեկոյան կողմ ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշ պարզաբանումներ ներկայացրեց այս հարցի կապակցությամբ, որտեղ, սակայն, նշված է, որ «արտակարգ դրության պայմաններում բանակն օգտագործվել է` որպես հիմք ընդունելով նախագահի հրամանագիրը». «ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, մինչեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենքով սահմանումը, սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին: ԶՈՒ օգտագործման համար հիմք է ծառայել ՀՀ նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ` համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերի: Վերոնշյալ հրամանագրի 3-րդ կետի համաձայն` արտակարգ դրության իրականացման ապահովումը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանը եւ Պաշտպանության նախարարությանը»: Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք մարտի 1-ին սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ կա՞ր, կամ` արդյոք Ռ. Քոչարյանը խորհրդակցե՞լ է ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ եւ ուղերձով դիմել ժողովրդին: Նկատենք, սակայն, որ «իրավիճակից թելադրվող միջոցառումներ» արտահայտությունը չի ենթադրում Զինված ուժերի օգտագործում, ճիշտ այնպես, ինչպես ԶՈՒ օգտագործում չի թույլատրվում նաեւ հենց արտակարգ դրության ժամանակ: Սակայն ասուլիսի ժամանակ Լ. Զուրաբյանը եւ Վ. Կարապետյանը ցուցադրեցին նաեւ մի տեսաերիզ, ըստ որի` ԶՈՒ օգտագործվել է ոչ միայն արտակարգ դրության ժամանակ, այլեւ դրանից առաջ: Տեսաերիզը պատկերում էր մարտի 1-ի երեկոյան 20:00 սահմաններում Վանաձորից դեպի Երեւան ուղեւորվող (կադրերը տրամադրել է Reuters-ը) եւ մարտի լույս 2-ի գիշերը 1:30-ի սահմաններում Երեւանի կենտրոնում մարտական ծանր զրահատեխնիկան: «Մոտակա մարզերը, որտեղից հնարավոր էր այդ ճանապարհով բերել ըԾկ-1` Լոռիի կամ Տավուշի մարզերն են, ուր տեղակայված է ՀՀ բանակային երրորդ կորպուսը: Ռազմական փորձագետների վկայությամբ, Երեւան հասնելու համար նման թրթուրավոր տեխնիկայի համար անհրաժեշտ է առնվազն 8 ժամ, հետեւաբար զրահամեքենաները դուրս են եկել սահմանամերձ շրջաններից մինչեւ արտակարգ դրության հայտարարումը»,- ասված է զեկույցում: ՊՆ պարզաբանման մեջ սրա վերաբերյալ նույնպես առարկություն կա: «Պետական հատուկ նշանակության օբյեկտները պահպանության տակ վերցնելու նպատակով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների տեղաբաշխումը, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն, սկսվել է ժամը 22:25-ից` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի հայտարարումից հետո: Պետական հատուկ նշանակության օբյեկտները պահպանության տակ վերցնելու գործընթացը ՀՀ զինված ուժերը սկսել են ժամը 22:25-ից` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի հայտարարումից հետո` այդ հրամանագրի կատարումն ապահովելու նպատակով»,- նշված է պարզաբանման մեջ:
Վ. Կարապետյանը անդրադարձավ նաեւ այն տեսաերիզին, որտեղ քաղաքացիական հագուստով անձը զինվում էր` զինված զինվորականների ներկայությամբ: «Ինչպես հայտնի է` պատկան մարմինները, այս դեպքում ՀՔԾ-ն, հունվարի կեսին արձագանքեց այս տեսանյութին, ընդ որում` տեսաերիզի հրապարակումից շուրջ կես տարի անց (սա նույնպես խոսուն վկայություն է ՀՔԾ աշխատանքի որակի մասին): Այդ հայտարարությամբ ՀՔԾ քննիչ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հաստատեց ՀՀ ՊՆ զինված ներկայացուցիչների ներգրավվածությունը` մարտի 1-ի կեսօրից հետո: ՀՔԾ-ն նշել էր, որ տվյալ դեպքում պատկերված է ՊՆ վարորդը, որն, անհասկանալի պատճառներով, քաղաքացիական հանդերձանքով, ժամանակավորապես կրել է ՊՆ շարասյան ավագին կցված զենքը: Մեզ նաեւ հաջողվեց պարզել, որ վարորդը ծառայել է սահմանամերձ շրջաններից մեկում գտնվող զորամասում»,- նշեց Վ. Կարապետյանը: Զեկույցում նաեւ նշված է, որ տեսանյութում քաղաքացիական հագուստով զինվող երիտասարդի հետեւում կանգնած է հրազենով զինված ստորաբաժանում: «Համազգեստի տարբերանշանները մատնացույց են անում, որ դա ՊՆ ենթակայության տակ գտնվող ստորաբաժանում է: Հայտնի է, որ ՀՀ Ներքին զորքերը, ըստ ՀՀ կառավարության որոշման, չունեն կանաչ համազգեստ եւ սաղավարտ, ավելին, Ներքին զորքերի ստորաբաժանումներին զենքը բաժանվել է երեկոյան (գեներալ Գ. Գրիգորյանի վկայությամբ): Կան նաեւ այլ վկայություններ, որոնք հաստատում են, որ դա ՊՆ ստորաբաժանում է»,- նշված է զեկույցում: Սրա վերաբերյալ նույնպես մի պարբերություն կա ՊՆ պարզաբանման մեջ: «Երեւանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներին տրվել է ուժի կիրառումից ձեռնպահ մնալու հրաման: ԶՈՒ ստորաբաժանումները ոչ միայն հրազեն չեն կիրառել, այլեւ չեն իրականացրել հասարակական կարգի վերականգնման որեւէ գործողություն: Այդպիսի գործողություններ իրականացրել են ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումները, այդ թվում նաեւ՝ ՀՀ Ոստիկանության զորքերը: Վերջիններիս անձնակազմը կրում է նույն դաշտային համազգեստը` ինչ ՀՀ զինված ուժերի անձնակազմը: Այդ պատճառով ոմանց մոտ առաջանում է ՀՀ զինված ուժերի` հասարակական կարգի վերականգնման գործողություններին մասնակցելու մասին թյուր կարծիք»,- նշված է պարզաբանման մեջ: Լրագրողներին ներկայացված հաջորդ տեսանյութում պատկերված էին Ռազմական ոստիկանության (ՌՈ) ներկայացուցիչները, որոնք, ըստ Վ. Կարապետյանի, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի կոպտագույն խախտումով զինված գործողություն են իրականացնում: Ավելին, ըստ այդ տեսանյութի, ՀՀ կառավարության մասնաշենքի հարեւանությամբ տեղակայված է եղել ըՀԺԾ մակնիշի զրահամեքենա, որը գտնվում է ՌՈ տրամադրության տակ:
Հ.Գ. «Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնախումբը կոչ է անում Մարդու իրավունքների պաշտպանին` Սահմանադրական դատարանում վիճարկելու մարտի 1-ին բանակի եւ զինված ուժերի օգտագործման հրամանների սահմանադրականությունը»,- երեկ հայտարարեց Լ. Զուրաբյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ պաշտպանը հրաժարվի այդ հարցով դիմել ՍԴ, Վ. Կարապետյանը պատասխանեց, որ ժողովրդի դեմ բանակի օգտագործման փաստերն այնքան ակնառու են, որ Արմեն Հարությունյանն ուղղակի չի կարող չդիմել ՍԴ: «Եթե հրաժարվի դիմել դատարան, կրկին կխնդրեմ, եթե էլի չդիմի, ամեն օր կխնդրեմ»,- նշեց Վ. Կարապետյանը: Նա, սակայն, դժվարացավ ասել, թե ինչ իրավական հետեւանքներ կարելի է սպասել, եթե ՍԴ-ն որոշի, որ Ռ. Քոչարյանի հրամանագիրը հակասահմանադրական է: «Եթե ՍԴ-ն ինչ-որ որոշում կայացնի, որտեղ կհաստատի մեր ճիշտ լինելը, ես չեմ պատկերացնում, որ քաղաքական իշխանությունները կարող են անտեսել սա: Այսինքն, քաղաքական եզրակացություններին պետք է հետեւեն իրավական գնահատականները, բայց ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա այդ դեպքում»,- ասաց նա: