Ողջաբերդ գյուղում Նելլիենց տուն մտնելուն պես թանձր միզահոտն ու գարշահոտը սրտխառնոց ու գլխապտույտ առաջացրեցին: Շնչելու օդ չկար, ամեն ինչ մշուշի մեջ էր երեւում: Այդ մշուշը հանկարծ ցրվեց` երբ տան խավարոտ բոլոր անկյուններում մանկական բազմաթիվ փայլող աչքեր նկատեցի: Ուր պտտվում եմ` մանկական հայացք է: «Վա՞յ…,- զարմացած ասում եմ,- էս ի՜նչ շատ են»: Տաղտուկ խավարի մեջ ուրվագծվում է հյուծված կնոջ կորացած, չորացած մարմինը։ Նա ծանրությամբ մարմինը քարշ տալով, աթոռներից բռնվելով՝ մոտենում է ինձ: 34-ամյա Նելլի Սեւոյանն է, ում վրա ծերունական հոգնություն է իջել: Հարցնում եմ` «Քանի՞սն են երեխաները»: Պատասխանում է` «Ութը, է՜, չէ՛, ինը… վա՜յ, չէ՛, է, խե՞լք ա մնացել գլխիս… Տասն են, տասը»: Սկսում եմ ինքս հաշվել: Չէ՛, հաստատ տասն են, իսկ ավագը` 10-րդ դասարանցի Արթուրը, դուրս է փախչում, որ իրեն հարցեր չտամ: Արթուրն անհարմար զգալով` իրեն բառիս բուն իմաստով «փախցնում է» բակ. պարզվում է` քույրերի, եղբայրների կեղտոտ շորերն ինքն է լվանում, տուն է մաքրում: Մայրն անկարող հաշմանդամ է, եւ Արթուրն ամեն կերպ օգնում է մորը: Նելլիին հարցնում եմ` «Կթվարկե՞ք երեխաների անուններն ու նրանց տարիքը»: Երկար լռում է, ապա թե` «Իսկ կարելի՞ է գոնե տարիք չասեմ: Ես շատ հիվանդ եմ, չեմ կարող մտաբերել բոլոր երեխաներիս անուններն ու տարիքը: Պատկերացրե՛ք, որ ժամանակ չի լինում նստել հաշվելու…»: Փորձում է գոնե երեխաների անուններն արտաբերել: Ի տարբերություն Նելլիի` երեխաները գիտեն իրենց անուններն ու տարեթվերը, սակայն այս կյանքում նրանց միակ գիտելիքը հենց իրենց անուններն ու ծննդյան տարեթվերն են: Տասը երեխաների մայրն անշարժ գամվել է աթոռին, իսկ երեխաներն իրենց պատառոտում են՝ մոր փեշերը քաշելով: Ասում է` «Ես հիվանդ եմ, շատ վատ եմ… Էլ չեմ կարողանում քայլել, շարժվել»: Ոտքերը ծռվում են, իսկ մկաններն աննկարագրելի մաշվում են: Նելլիի մարմինն աստիճանաբար կորցնում է կենսունակությունն, ու ամբողջ ոսկորները ձեւախեղվում են: Ասում է, որ նյարդային համակարգի խեղումներ են ի հայտ գալիս: 2-րդ կարգի հաշմանդամության համար ստանում է 9000 դրամ: Անդադար շշնջում է` «Ես հոգնել եմ, շատ եմ հոգնել: Էլ ապրելու հույս չկա… Ներվերս խախտված են, լրիվ թուլացել եմ»: Նելլիի արտաքուստ խաղաղ հայացքը շատ տարօրինակ է, որովհետեւ նա խոսում է ծանրացած, հոգնած, կարծես աչքիս առաջ մարում է: Սառած, անթարթ աչքերով, անփոփոխ հայացքով պատմում է, թե ինչպես են պարտքով օրական 15 հատ հաց գնում, սակայն երեխաները օրերով սովամահ են լինում: Ցամաք հացով չեն կշտանում, անբացատրելի իներցիայի ուժով ապրում են: Դեռ ապրում են… Տունը սառն ու մի քիչ էլ վախենալու է: Բոլորը հավաքվել են մի սենյակում, որտեղ անսահման քանակությամբ մահճակալներ են իրար ետեւից շարված: Իսկական հիվանդանոց… Սենյակում հավաքվել են, որ վառարանի ջերմությունը մի քիչ երկար մնա, այլապես երեխաները ցրտահարվում են: Փոքրիկ սենյակում տասը երեխաների տեղաշարժն անհնար է, այդ պատճառով էլ 3-ամյա Աննան խոր այրվածքներ ունի: Վառարանի վրա դրված կաթսայով եռման ջուրը թափվել է երեխայի վրա, մարմինը եփվել է: Բժիշկները հույս չեն տվել, բայց երեխան հրաշքով փրկվել է: Ձմռան ցրտին երեխաներից շատերը կիսամերկ են, հագուստ չունեն: Տասը երեխաները սոված, տկլոր են, իսկ Կոտայքի մարզի Ողջաբերդի գյուղապետարանն այս բազմանդամ ընտանիքին ընտանեկան նպաստ տրամադրելը շատ է համարել: 10 երեխաներ մեծացնող այս մարդիկ հոկտեմբեր ամսից զրկվել են պետության տրամադրած 78.000 դրամ նպաստից: Նպաստառուների ցանկից նրանց անունը հանելը հիմնավորել են Նելլիի ամուսնու 150.000 դրամ աշխատավարձով: Ասել են` «Ամուսինդ բարձր աշխատավարձ ա ստանում, դրա համար էլ` ձեզ նպաստ չի հասնում»: Ամուսնու 150.000 դրամ աշխատավարձով տասը երեխա սոված, կիսամերկ ու ցրտահարված է: Պետությունը ծնելիությունը խրախուսում է, իսկ գյուղապետարանը՝ նպաստից զրկում: Գյուղապետ Նորիկ Մելքոնյանին առանձնապես չի հետաքրքրում այն հանգամանքը, որ Նելլին գյուղի միակ տասը երեխա ունեցող մայրն է, իսկ Հայաստանի բյուջեով նրանց նմանների համար հաստատ գյուղապետարանին գումար են փոխանցում: Նելլին ասում է` «Ոչ մի բանով մեզ չեն օգնում: «Փարոսով» յոլա էինք գնում, բայց դա էլ կտրեցին: Շատ ենք դիմել գյուղապետարան, խնդրել ենք օգնել` ինչի հնարավորություն որ ունեն` նրանով, բայց միշտ մերժվել ենք: Վառելափայտն առնում ենք, բայց չենք կարա անընդհատ վառենք, քիչ ա: Մի քիչ էս սենյակը տաքացնում ենք, ու վերջ»: Ողջաբերդի հողերը սահելու հատկություն ունեն, եւ բոլոր տների պատերը ճաքեր են տվել: Նելլին իր տասը անչափահաս երեխաների հետ վախով է ապրում: «Էս վերջերս դիմացի սարից մի ժայռաբեկոր պոկվեց, գլորվեց ուղիղ մեր տան պատին: Ահ ու սարսափի մեջ էինք, նենց փոշի հանեց, որ դիմացներս չէինք տեսնում: Մեզ թվաց` մնացել ենք փլատակների տակ, բայց… էլի ապրեցինք»: Ամուսնու` Էդվարդի աշխատավարձն ուշացնում են, իսկ երեխաները օրերով քաղցած են գիշերում: Հարցնում եմ` «Բայց ախր տասը երեխա դժվար է պահել-մեծացնելը… գյուղապետարանից, բարեգործական կազմակերպություններից ընդհանրապես ոտք չե՞ն դնում էստեղ»: Նելլին լաց է լինում. «Մի բան ասեմ էլի: Կարելի՞ ա անվերջ ցածրանալ, ստորանալ, խնդրել: Հինգ տղա ունեմ, բանակ տանելուց նրանց տեղը լավ գիտեն, կգան ու կկանգնեն, չէ՞, դռանս: Հինգ անգամ սիրտս կպոկեն, բայց ախր էս դժվարության պահերին ո՞ւր են: Ինչի՞ են ինձ էսքան մենակ թողել: Ես լրիվ մենակ եմ…»: Բոլոր խանութներին, ծանոթ-բարեկամներին պարտք են: Երեխաներից հինգը դպրոցական են, ովքեր տետրերն ու գրքերը հազիվ են հայթայթում: Սկեսուրը` 72-ամյա Ասյա տատը, հարսի խոսակցությանը չի միջամտում: Նստել է անկյունում ու ուշադիր հետեւում է մեր զրույցին: Ասյա տատը կորցրել է մի աչքի տեսողությունը: Ասում է` «Էլ չի տեսնում էս աչքս: Փառակալեց ու սկսեց կուրանալ: Պիտի գնամ հիվանդանոց, որ մաքրեն, վիրահատեն, բայց դաժե տրանսպորտի փող չկա էնտեղ հասնելու համար: Ոտքերիս տրոմբը պայթել ա»: Թեեւ Ասյա տատն ու Նելլին իրենց անհաշտությունն առերեւույթ ցույց չեն տալիս, բայց չարացած հայացքները վկայում են, որ ներքուստ իրար հետ կռվում են: Նելլին ասում է` «Ախր էս աղքատությունը գիտե՞ք ինչ բան ա: Շատ պահեր են եղել, որ ընտանիքս քայքայման եզրին ա եղել, վիճաբանել, չարացել ենք»: Ասյա տատն ու Նելլին ներքուստ կռվում են, որովհետեւ սկեսուրը դեմ է եղել շատ երեխաներ ունենալուն. «Ինձ ասում էր` փչացրու, հանի երեխուն, թող չծնվի, բայց չեմ կարա երեխա սպանեմ: Ես հույսս լրիվ կորցրել եմ, էլ ապրելու հույս չկա, ուժ չկա»: Նելլին տասը երեխա ունենալու համար իրեն մեղավոր է զգում: Բոլորը դատապարտում են` «Ինչի՞ ես էսքան բերել-շարել…»: Իսկ ինձ համար Նելլի Սեւոյանը պարզապես հերոս է, որն ունի հրաշք երեխաներ:
ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ հարկավոր է անել ամեն բան հանրապետությունում ծնելիության ցուցանիշը բարձրացնելու համար: Նելլին տասը երեխա է լույս աշխարհ բերել, բայց դրա համար հասարակությունը դարձել է դատավոր ու դատում է նրան: Նելլի Սեւոյանը Կոտայքի մարզի միակ բնակիչն է, որը տասը երեխա ունի: ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է` Մարդու կյանքը բարձրագույն արժեք է: Նելլիի տասը երեխաների կյանքը մեր պետության համար ոչինչ է: Տասը խեղված ճակատագրեր: Նրանց մասին միայն հիշում են ընտրությունների ժամանակ` որպես բազմազավակ ընտանիք, գլխաքանակ: