Հարցազրույց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ
– Վերջերս Արարատյան թեմը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Երուսաղեմի Սուրբ վայրերը: Ի՞նչ վայրեր եք այցելել, եւ երբվանի՞ց եւ ի՞նչ հաճախականությամբ է մեր եկեղեցին կազմակերպում ուխտագնացություններ:
– Պարզ է, որ խորհրդային տարիներին` երկաթյա վարագույրի պատճառով, ուխտագնացություն տեղի չէր ունենում: Սակայն ետխորհրդային շրջանում արդեն, անկախության տարիներին Վեհափառ հայրապետը ՀՀ նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի եւ մի շարք այլ նախարարների եւ գործարարների հետ առաջին թռիչքը կատարեցին դեպի Երուսաղեմ, որը կարծես մի շավիղ բացեց մեր հավատացյալների համար: Դրանից հետո արդեն ակտիվ ուխտագնացություններ են կազմակերպվում թե՛ Սուրբ Սարգիս եկեղեցու, թե՛ Սուրբ Հովհաննես եկեղեցու, Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ թե՛ մնացած թեմերի կողմից: Այսինքն` այս գործընթացը, կարծես, գնալով թափ է վերցրել: Կոնկրետ կարող եմ խոսել մեր խմբի անունից. լավ կլիներ, որ Հայաստանից թռիչքներ լինեին: Մենք այժմ մեկնելուց օգտվում ենք Վրացական ավիաուղիների ծառայություններից: Հասկանալի է, ուղիղ թռիչքները հավանաբար տնտեսապես շահութաբեր չեն, սակայն, կարծում եմ, որ այսպիսի ուխտագնացությունների համար պետք է հատուկ պայմաններ ստեղծվեն:
– Ի՞նչ սուրբ վայրեր ունենք Երուսաղեմում:
– Շատ կարեւոր է, որ մենք խոսենք այն բանի մասին, թե ինչ գանձեր եւ հարստություններ ունենք Սուրբ երկրում, եւ, թե այն ում է շատ անհանգստացնում, եւ մենք ինչ պետք է անենք այդ կապակցությամբ: Մենք ի սկզբանե ունենք սրբություններ Սիոնի լեռան վրա, եւ դեռեւս հիշատակվում է, որ առաջին դարերին հայ եպիսկոպոս կար Սուրբ երկրում, եւ դրանից հետո արդեն Գրիգոր Լուսավորչի ժամանակ, երբ Հայաստանը դարձավ քրիստոնեական պետություն, եւ հաստատվեց մահմեդականությունը, մենք գիտենք, որ մեր Աբրահամ եպիսկոպոսը Երուսաղեմում պիտի այցելեր Մուհամեդին, բայց նա մահացավ, եւ դրանից հետո նա այցելեց Օմարին, ով, փաստորեն, նրա ազգականն էր, եւ Օմարին այցելելով՝ ստացավ մեծ հնարավորություններ, եւ, փաստորեն, մեր պատվիրակությունը հիշատակվեց: Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներից հետո, Հակոբոս առաքյալից հետո, ով Տյառնեղբայրն էր, իր պատրիարքությունը շարունակում են մեր պատրիարքները: Սա շատ կարեւոր է, քանի որ այնտեղ հատուկ աթոռ կա, Հակոբոս առաքյալի գահը, եւ պատրիարքը տարին մեկ անգամ է բարձրանում այդ գահին, այն էլ՝ Հակոբոս Տյառնեղբոյր տոնի ժամանակ, երբ կանթեղներ են վառվում: Մենք ունենք Սիոնի լեռը, որը սաղմոսներում երգվում է որպես սրբազան լեռ: Սիոնի լեռը, որից երկինքն է բացվում. այն կետն է, որտեղից սկսվելու է փրկությունը, Սիոնը Հիսուսի հանգրվանն է, եւ այդ ամբողջ լեռը հենց հայկական է` իր Սուրբ Հակոբյանց վանքով, վարժարանով, ընծայարանով, Սրբոց թարգմանչաց դպրոցով, Հրեշտակաց եկեղեցով, Փրկչի եկեղեցով, եւ վերջապես՝ հայոց գերեզմաններով, եւ Փրկչի եկեղեցու բակում գտնվում է պատրիարքների գերեզմանոցը: Այսինքն՝ մենք դարերի հիշողություն ունենք այնտեղ, ինչը որոշ առումներով ձեռնտու չէ տեղացիներին. մենք գիտենք Իսրայել պետության մասին եւ՝ թե ինչ նշանակություն ունի Սիոնի լեռը հենց Իսրայելի համար՝ որպես սրբություն: Երեւի հատուկ քաղաքականության արդյունք է, որ միայն հայկական թաղով են մեքենաներ ընթանում, ուղղակի հռնդում են, իսկ հին քաղաքում ընդհանրապես տրանսպորտ չկա: Երեւի դա քաղաքականություն է, որպեսզի դուրս գա հայոց խավը: Եթե համեմատություն անենք անցած դարի հետ, կտեսնենք, թե ինչ արագությամբ է պակասում հայկական խավը: Հայերն աստիճանաբար դուրս եկան, եւ այդ տեղը զբաղեցվեց արաբների եւ իրենց կողմից: Այս առումով մենք խնդիրներ ունենք, բայցեւ ունենք մեծ սրբություն` Սուրբ Հարության տաճարը, որտեղ գտնվում է Տիրոջ գերեզմանը, Գողգոթան, եւ բանտը, որտեղ վերջին անգամ փակվեց Հիսուսը, եւ Գրիգոր Լուսավորիչ տաճարը, եւ վերջապես՝ մեր Կյուրեղ արքեպիսկոպոսի կատարած պեղումների ժամանակ գտնված առաջին հիշատակությունը` առաջին դարի այն նավակը, որի վրա գրված էր՝ «վերջապես տեղ հասանք»: Հարության տաճարի զգալի մասը հայերի ձեռքին է, եւ հայերը այնտեղ շաբաթ եւ կիրակի օրերին ունեն թափորի իրավունք: Հատկապես Խաչի եւ Խաչվերացի տոներին ունենք մեծ թափորի իրավունք, եւ ուղղակի դա հայկական է. դարերի ընթացքում գրվել են ֆերմաներ, որոնք Օմար խալիֆի ժամանակից ի վեր անընդհատ հաստատագրվել են, եւ դրանք մեր միակ կռվանն են, երբ դարերի այդ փաստաթղթերը բերվում են առաջին պլան: Կարծում եմ, որ պետք է մշակվի ժամանակակից մեթոդներ, որպեսզի կարողանանք պահել այդ սրբությունները: Մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես հույները գործիք դարձան հրեաների ձեռքին, եւ Խաչի տոնի ժամանակ հայոց թափորի երթի ժամանակ մի ահավոր ծեծկռտուք սկսվեց: Սակայն դա միշտ էլ տեղի է ունենում այնտեղ, եւ երբ ես այնտեղ էի, միայն թե տեսնեիք, թե հույները ինչ խնդիրներ էին առաջացնում լատինների համար: Այսինքն՝ հույները դարձել են խնդրահարույց կոնֆեսիա եւ դեռեւս տարված են կայսերության այն մտքով, թե՝ եթե այն կառուցվել է Կոնստանտին կայսեր հովանավորությամբ, ուրեմն հունական է: Սակայն Սուրբ Տաճարը իրականում պատկանում է երեք կոնֆեսիաների` լատին, հույն եւ հայ կոնֆեսիաներին եւ եկեղեցիներին: Երբ մտնում ես Սուրբ Հարության տաճար, ուղղակի ձախ կողմում հայկական կետն է, որտեղ կա Աստվածածնի ուշաթափման վայրը, որտեղից այն դուռն է, որը տանում է մեր տեսչարանը վերեւում: Մենք ունենք նաեւ երկրորդ Գողգոթան. երբ 16-րդ դարում մեր Մայր Աթոռը շատ ծանր վիճակում էր, հատկապես օսմանի հարձակումից հետո, երբ մեր հայոց կաթողիկոսները գնացին Արեւմուտք, որպեսզի օգնություն խնդրեն մեր եղբայր կամ քույր քրիստոնյաներից, այդ ժամանակ վրացիները խլեցին Գողգոթան մեր ձեռքից, սակայն հիմա իրենք ոչինչ չունեն Սուրբ երկրում, բայց դա նրանք թողեցին հույներին: Դա է պատճառը, որ ժամանակի սուլթանը մեզ ասաց, որ միեւնույն է՝ ուժեղը հիմա վրացիներն ու հույներն են, ձեզ մեկ ուրիշ տարածք կտան, եւ այն կոչվում է երկրորդ Գողգոթա, եւ գտնվում է հենց Գողգոթայի դիմացը: Դրանք պատմական փաստեր են, եւ այսօր մենք պատարագներ ենք մատուցում այնտեղ, եւ բազում խորաններ կան Սուրբ Հարության տաճարում: Սուրբ Երկրում մենք ունենք բազում սրբություններ: Սրբություններ ունենք նաեւ Օմանում, Պաղեստինյան երկրում պետք է խոսենք Բեթղեհեմի` Հիսուսի Սուրբ ծննդավայրի մասին: Բեթղեհեմյան քարայրի զգալի մասը հայկական է, այնտեղ հայերը եւ հույներն էլ են պատարագ մատուցում: Շնորհակալ պետք է լինենք Պաղեստին երկրին, որ կարողացան պայմաններ ստեղծել հայերի եւ հույների համար` նրանք հատուկ ժամեր նշանակեցին հայերի եւ հույների համար, որպեսզի այն բախումները, որ տեղի են ունեցել տարիների ընթացքում, այլեւս տեղի չունենան: Սակայն նույնը չէի ասի Հարության տաճարի մասին: Հավանական է, որ պետությանը ձեռք է տալիս, որ այսպես իրար խառնվեն, որպեսզի իրենք արանքում օգտվեն: Ծննդյան տոնի ժամանակ, երբ մենք գնացել էինք այնտեղ, Բեթղեհեմի քաղաքապետը եւ Պաղեստինի մի շարք պաշտոնյաներ եկան, խոսք ասացին եւ խոնարհվեցին Սուրբ պատարագի ժամանակ, ինչը շատ կարեւոր է մեզ համար: Այնտեղ Նուրհան Սրբազանն էր հանդիսապետում, կային վարդապետներ եւ եպիսկոպոսներ: Հարկ է նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից երկու եպիսկոպոսներ եւ երկու վարդապետներ նույնպես ներկա էին, որոնք իրենց աղոթքները կարդացին: Գրիգորիս Սրբազանը, ՈՒկրաինայի թեմի առաջնորդը, պատարագ մատուցեց: Մի գիշերվա ընթացքում տեղի ունեցան երեք պատարագներ` առաջինը դա ճրագալույսի Սուրբ պատարագն է, տոնակատարությունն է, եւ երրորդը կոչվում է ՈՒխտավորաց պատարագ, այսինքն՝ հատուկ ուխտավորների համար: Այնտեղ ուխտավորներ կային եւ՛ ԱՄՆ-ից, եւ՛ Կոնստանդնուպոլսից: Հայաստանի Սուրբ Սարգիս եկեղեցու մեր ուխտավորաց դասն էլ էր այնտեղ, Երուսաղեմի տեղի բնակիչներն էլ էին եկել մասնակցելու պատարագին:
– Հայկական Սուրբ վայրերն ի՞նչ վիճակում են:
– Շատ բաներ այլեւս հայերի ձեռքին չեն, ինչպես Համբարձման լեռը, որտեղ դեռ պահպանված են մեր արձանագրությունները: Անցած տարի ջարդեցին: Պետական պայմանագրերի շրջանակներում մենք կարողացանք վերականգնել այդ արձանագրությունները եւ փակցնել նույն տեղում: ՈՒղղակի ջարդում էին, ինչպես որ վրացիներն են պոկում արձանագրությունները. նույն ձեռագիրն է, այսինքն՝ ջնջել հայի հիշատակը, սակայն այդ դեպքում մեր հիշատակը ավելի է ամրագրվում երկնքում: Անցած Համբարձման տոնին, երբ մենք գնացել էինք Համբարձման լեռը, կամ, այլ կերպ ասած, Ձիթենյաց լեռը, այնտեղ կար մի ռուսական կանանց մենաստան: Այնտեղ մեզ ուղղակի ագրեսիայով դիմավորեցին եւ չթողեցին, որ մենք ներս մտնենք: Երբ մեր Հայր Սուրբը բարձրացրեց գորգը, մենք տեսանք 4-րդ դարի արձանագրություն. «Հիշատակ է Հակոբի…»: Այսինքն՝ իրենք վախենում են, գիտեն, որ դա հայկական տարածք է, եւ իրենք չեն կարողանում թաքցնել այդ ագրեսիան: Ունենք հայկական եկեղեցիներ, որոնք արդեն քանդված են, օրինակ՝ Շուշանիկի` Վարդանի դստեր եկեղեցին: Այդ գերեզմանները քանդվում են, կարծես հիշատակները արդեն մարվում են: Մի կարծիք հայտնեմ. տա Աստված, մեր հայոց պետականությունը հզորանա, միայն այդ դեպքում կարող ենք սանձել դիմացինի ախորժակը: Ցավոք սրտի, թուրքական ֆակտորը այնքան մեծ է Իսրայել պետության մեջ, որ Իսրայել պետությունը չի խոստովանում, որ կա հայոց պետականություն, այսինքն՝ այնտեղ նույնիսկ հյուպատոսություն չկա, եւ մենք գնում ենք մեր պատրիարքարանի միջոցով, այն էլ դարերի պարգեւ է մեզ: Ժողովուրդը պետք է առատորեն տեղեկատվություն ստանա, պետք է շատ զորանանք եւ տեղեկացնենք Սուրբ երկրի մասին, որպեսզի մարդիկ իմանան, որ կա Հայոց Երուսաղեմ, այնտեղ հայերեն են խոսում, հայերեն են երգում, պատարագը գրաբարով է մատուցվում. ամեն ինչ ավանդապես պահպանվել է: Հայաստանը միայն այս փոքր տարածքը չէ. մենք ունենք Սրբություններ Ավստրալիայում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Եգիպտոսում, Ալեքսանդրիայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, եւ այլն: Ամեն տեղ ունենք, այսինքն՝ պետք է խորհենք այս մասին: Եվ փառք Աստծո, ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, որը, հուսով եմ, կդառնա այն կապող կայանը, որտեղ կգանք կհանգրվանենք, եւ մեզ համար ճանապարհները բաց կլինեն: Շատ հետաքրքիր աշխատանք է տանում Ռուսաստանը Իսրայելի հետ, ըստ որի, մուտքի արտոնություն ասվածը ռուսների համար վերացավ, այսինքն՝ իրենց համար այլեւս անհրաժեշտություն չկա ավելորդ փաստաթղթեր ներկայացնելու:
– Այս վերջին խումբը մե՞ծ էր: Բացի մեր եկեղեցու սպասավորներից՝ խմբում կայի՞ն այլ քաղաքացիներ:
– Հիմա, եթե դուրս գաս ցանկացած մարդու հարցնես` դու եկեղեցու անդա՞մ ես, անպայման կասի` այո: Իրականում մենք գնացինք Սուրբ Սարգսի համայնքներ, եւ սա առաջին անգամը չէ. չորրորդ անգամն է` որ գնացել ենք: Մենք խմբում ընդգրկել ենք մարդկանց, ում ճանաչում ենք, կան նաեւ աստվածաբանական ֆակուլտետի ուսանողներ, մարդիկ իրենց բարեկամներին են բերում: Այսինքն՝ չի կարելի հայտարարել, թե ամեն պատահական մարդ կարող է միանալ ուխտավորների խմբին եւ գալ այդ երկիր, որովհետեւ կարող են լինել մարդիկ, ովքեր հանդիպելով այդ զարգացած երկրին, գայթակղվեն:
– Ամիսներ առաջ մեր այցելության ընթացքում Սուրբ Հարության եւ Բեթղեհեմի տաճարներում հայկական հատվածներում մենք արժանացանք շատ բարյացակամ վերաբերմունքի: Լինելով հայ, շատ լավ զգացմունքներ եմ ապրել` տեսնելով մեր հայկական եկեղեցու եւ քրիստոնյա Հայաստանի այդչափ հզոր ներկայացված լինելը Սուրբ երկրում: Կխնդրեինք ավելի մանրամասն պատմեք Սբ Հարության եւ Բեթղեհեմի տաճարների, ինչպես նաեւ՝ ուխտավորների խմբի այցելած Սուրբ վայրերի մասին:
– Դրանք երկու սուրբ վայրեր են: Ինչպես Մասիսները մեզ համար, այնպես էլ այդ սուրբ վայրերն են քրիստոնյա աշխարհի համար: Այնտեղ նույնիսկ կարող եք հանդիպել չինացիների, ճապոնացիների, ովքեր գալիս են տեսնելու քրիստոնյա աշխարհի սրբավայրերը: Մենք այցելեցինք նաեւ այլ սրբավայրեր` սկսած Գալիլեայի Ծովակից մինչեւ Գովանի Բարձունքներ, այսինքն` Իսրայել պետության հարավից հյուսիս, եղանք Եղիա մարգարեի տաճարում, այնտեղ, որտեղ նա զոհ մատուցեց եւ չորս հարյուր երեսուն բահաղի մարգարեներ կոտորեց, այն քարայրը, որտեղ ագռավը հաց եւ միս էր բերում Եղիա մարգարեի համար, եղանք նաեւ Հովհաննես Ավետարանիչի ծննդյան վայրում, որտեղ Եքիսապետը հանդիպեց Մարիամին եւ որովայնից որովայն Հովհաննես Մկրտիչը երկրպագեց Հիսուս Քրիստոսին, եղանք նաեւ Երուսաղեմի տարածքում գտնվող բազում վայրերում, այնտեղ մենք ունենք հսկայական հողատարածքներ: Հենց սահմանի մոտ, որը գծված է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ, գտնվում է տասնյակ հեկտարների տարածք, որը կոչվում է Պարոն Տեր հողեր: Դա հենց Գրիգոր Պարոն Տերի մասին է, ում անվանում են նաեւ Շղթայակիր Գրիգոր, ով կարողացավ ետ բերել ամբողջ հարստությունները այն բանից հետո, ինչ եկեղեցին հալածված էր եւ բազում պարտքեր ուներ: Նա իր ճգնավոր կյանքով կարողացավ վերադարձնել այդ հարստությունը: Նաեւ հարկ է նշել, որ կրթական հարցը նույնպես կարեւոր է, այնտեղ սովորում են բազում հայ երիտասարդներ, սակայն դա մեր եկեղեցու քայլն է, եւ դրան հասել ենք մեր Վեհափառի ջանքերի շնորհիվ: Նաեւ Վեհափառի գիտությամբ վարդապետներ են գնում Երուսաղեմ եւ այնտեղից վարդապետներ են գալիս Էջմիածին, այսինքն՝ սա փորձի փոխանակում է` պատրիարքության եւ կաթողիկոսության մերձեցում ավելի հոգեւոր առումով, եւ կարծում եմ, որ այն շատ դրական արդյունքների կբերի:
– Ի՞նչը կարող է օգնել Սուրբ Երկրում հայերին, ի՞նչ աջակցություն կամ քայլ կարելի է ակնկալել մեզանից, մեր երկրից:
– Կոչ եմ անում գործարարներին, մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն եւ ուզում են բիզնես ստեղծել, թող այցելեն հայոց պատրիարքությանը եւ պայմանագրով աշխատեն Իսրայել պետության հետ պատրիարքարանի միջոցով, քանի որ չկա հյուպատոսարան: Մեր հոգեւորականները սպասում են իրենց: Այնտեղ մենք ունենք տարածքներ, որտեղ ամայություն է տիրում, այդտեղ կարող են հրաշալի հյուրանոցային համալիրներ լինել: Չնայած այդ Գազայի պատերազմին, այնտեղ տուրիզմը աճում է, եւ այն ծաղկող պետություն է: Այնպես որ, լավ կլինի, որ գնան եւ իրենց ներդրումները կատարեն եւ համոզված լինեն, որ իրենց գործը պտղաբեր կլինի, եւ նաեւ ուղղակի կծաղկի հայոց պատրիարքությունը:
Կամո ՄԱՅԻԼՅԱՆ, Մերի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ