Ի՞նչն է հուզում Ռուսաստանի հայ համայնքին

20/02/2009 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

«Անիվ» եւ «Երեւան» ամսագրերին տված իմ մի քանի հարցազրույցները եւ «168 Ժամ» թերթում տպագրված մի շարք հոդվածները հայ ժողովրդի ինքնագիտակցության, նրա բնավորության առանձնահատկությունների ու ներքին կառուցվածքի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչո՞ւ մենք չունենք «Հայաստանի քաղաքական պատմություն» եւ մի շարք այլ հիմնարար հարցերի, այդ թվում եւ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի շուրջ, մեծ հետաքրքրություն են առաջացրել ֆորումներում: Ինձ նաեւ մեծ թվով նամակներ են գրում: Շատ հարցեր կրկնվում են, այդ պատճառով որոշեցի դրանք միավորել եւ մի քանի հիմնական, ակտուալ հարցերի պատասխանել:

Հարց. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ բացատրել Ռուսաստանի հայ համայնքի ոչ արդյունավետությունը Հայաստանի կյանքում»:

Պատասխան. Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ հին եւ նոր սփյուռքը անկախ Հայաստանի հետ շփվելու այնքան էլ մեծ փորձ չունի: Իրականում Ռուսաստանի հայ համայնքում Հայաստանի նկատմամբ մտածված վերաբերմունք ձեւավորված չէ. նրանք հստակ չգիտեն, թե ինչի կարիք ունի Հայաստանը, որոնք են նրա քաղաքական, տնտեսական եւ այլ որոշումների թերությունները… Այս 15-20 տարիների ընթացքում միայն առանձին վերցրած ռուսաստանցի գործարարներ են (նրանք այսօրվա հերոսներն են) փորձեր արել ինչ-որ բան ձեռնարկել Հայաստանում: Սակայն այդ ձեռնարկումները ոչ մի արդյունք չեն տվել: Եվ այստեղ պատճառները բազմաթիվ են: Ամենից առաջ հարկավոր է ոչ թե մի հոգու, այլ բոլորի միասնական կամքը, որը կկենտրոնացնի ու կմոդելավորի սփյուռքի եւ Հայաստանի բոլոր խնդիրները: Եվ իհարկե, հարկավոր է հենց Հայաստանի բարի կամքը: Իսկ Ռուսաստանի հայ համայնքի բոլոր կազմակերպությունները, որոնք ստեղծվել են հետխորհրդային ժամանակաշրջանում, չէին կարող եւ չեն կարող լուծել կարեւորագույն խնդիրը` ստեղծել Սփյուռք-Հայաստան արդյունավետ ու օգտակար մեխանիզմ: Եվ սխալը շատ հասարակ է. նույն այդ հաջողակ, հարուստ եւ ինքնավստահ գործարարները՝ տարբեր «կոնգրեսներ», «հիմնադրամներ» կամ «միություններ» ստեղծելով, գերադասում են մտածել միայն իրենց ինքնահաստատման մասին: Երեւի դա նրանց պակասում է բիզնեսում: Ինչպիսի հարցեր առաջ ես քաշում, այդ հարցերն էլ լուծում ես: Ես տեսնում եմ միայն ինքնասիրահարվածություն, տեսնում եմ կարճատեսություն եւ խնդիրները հասկանալու անկարողություն: Այստեղից էլ գալիս է կարեւորագույն միջպետական հարցերի նկատմամբ ֆորմալ վերաբերմունքը, էլ չեմ խոսում այն հրատապ խնդիրների մասին, որոնք ամեն օր ծառացած են յուրաքանչյուր ընտանիքի առջեւ: Եվ այստեղ բոլորն են մեղավոր` եւ՛ քաղաքական, ինտելեկտուալ ու ֆինանսական էլիտայի ներկայացուցիչները, եւ՛ երիտասարդությունը, մասնավորապես ուսանողությունը, եւ՛ նորաստեղծ ու հաջողակ բիզնեսը… Եվ առաջին հերթին՝ սա վերաբերում է քաղաքացիների մի քանի կատեգորիաների. 1. երիտասարդությունը, որը կարող է կորցնել իր ապագան, 2. գործարարները, որոնք կորցնելու շատ բան ունեն, 3. հասարակ մարդիկ, որոնց իրավունքները ոչ մի կերպ պաշտպանված չեն: Շնորհիվ շատ երկրների փորձի, որոնց սփյուռքը ժամացույցի նման է աշխատում: Նրանք բարենպաստ պայմաններ են ստեղծում յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր մարդու զարգացման համար` նախ բացահայտելով նրա հնարավորությունները, ապա ծառայեցնելով նրան ի շահ ազգային իմիջի: Իսկ սա շատ կարեւոր խնդիր է: Ռուսաստանի հայ համայնքում չկա անգամ մի պրոֆեսիոնալ պատմաբան, որը ռուս-հայկական կապերի գծով խորհրդատու կլիներ: Ամեն ինչ սիրողական մակարդակի ու գավառականության վրա է: Եվ այդ անիմաստ կազմակերպությունները չեն ցանկանում գոնե հիմա մի երիտասարդ մասնագետ պատրաստել: Անգամ Ռուսաստանի պատմության մեջ մեր ազգի ունեցած մեծ ծառայությունները մենք չենք կարողանում պատշաճ ներկայացնել (քանի-քանի անգամ եմ ես դա սրտի ցավով տեսել): Ահա մի վառ օրինակ. այս տարի լրանում է Մ.Լորիս-Մելիքովի 185-ամյակը, որի մեծ ավանդը Ռուսաստանի պատմության մեջ անուրանալի է: Ամենուր, որտեղ նա ծառայել է, Լորիս-Մելիքովն արդարություն եւ կարգուկանոն է բերել (անգամ պատերազմի դաշտո՛ւմ), բարձր կուլտուրա, առաջընթաց ու բարություն է սերմանել: Նա ընտրվել է Վլադիկովկասի, Խարկովի եւ Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի: Ինչո՞ւ Ռուսաստանի հայ համայնքը մի քանի ակցիաներ չի անցկացնում, Պետերբուրգում կամ Վլադիկովկասում նրա հուշարձանը չի կանգնեցնում: Այնինչ նա ժամանակին քիչ բան չի արել հայ համայնքի համար: Նա միշտ էլ իրեն համարել է հայ ժողովրդի իսկական զավակը: Կամ ուրիշ օրինակ. HTB-ով եթեր է հեռարձակվում «Չարախոսության դպրոց» հաղորդաշարը, եւ Ճարտարապետության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը լկտի տոնով բացարձակ սուտ է ասում Գալուստ Գյուլբենկյանի մասին` նրան անվանելով «առեւտրական», «պարսկահայ», «խորհրդային նավթի առեւտրից հարստացած մարդ», խառնելով հորն ու որդուն` վերջինիս «Նուբար» է անվանում… Ի՞նչ նպատակով էր այս ամենն ասում պարոն Դավիթ Սարգսյանը: Ասացե՛ք խնդրեմ, ո՞վ պետք է պատասխան տա այս բացահայտ ստի համար: Ահա այսպիսի մարդիկ նույնպես կան սփյուռքում…

Հարց. «Որո՞նք են գլոբալ ճգնաժամի պատճառները, եւ ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ»:

Պատասխան. «Այս ճգնաժամը նախադեպը չունի: Սա ամենակարեւորն է: Ինձ թվում է` գլոբալ ճգնաժամը մարդկության վերջին ֆլուկտացիան է, որը վերապրել է երկու համաշխարհային պատերազմ, մի քանի տեսակի հեղափոխություններ՝ ինչպես տեխնիկայի, այնպես էլ տեխնոլոգիաների ոլորտում` ավիացիայի զարգացում, հեռուստատեսություն, տիեզերք, միկրոաշխարհ, գենետիկա, գենային ինժեներիա, նանոտեխնոլոգիաներ, եւն: Հաշվի առնենք նաեւ սոցիալական տրանսֆորմացիաները, կրոնի, բարոյականության եւ արվեստի ճգնաժամը… 20-րդ դարի եւ 21-րդի սկզբի այս բոլոր խոշոր ճգնաժամերը ուղեկցվում էին գիտակցության մեջ տեղի ունեցող հսկայական փոփոխություններով բոլոր երկրներում եւ ողջ աշխարհում ընդհանրապես: Այս ամենը հանգեցրեց զանգվածային միգրացիայի, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Ընդ որում` 20-րդ դարում երկրների ու ժողովուրդների թիվը դարավերջին աճել է նույն 20-րդ դարի սկզբի համեմատությամբ: Այն մասին, որ ճգնաժամի բոլոր նախանշանները արդեն կային, խոսում էին, բայց դեռ կիսաձայն, թեեւ տարբեր երկրներում եւ երկրների բլոկներում (այդ թվում եւ սոցճամբարի) կառուցվածքային փոփոխություններն այնքան էական են, որ ֆինանսական գործիքները չեն դիմանում նման փոփոխություններին: Մյուս կողմից` իսկապես հզոր էին դարձել անարդյունավետ, ֆունկցիոնալ առումով իրենց չարդարացրած եւ անգամ կոռումպացված տրանսազգային բանկերն ու կառույցները»:

Ողջ միջազգային տեղեկատվական դաշտը, նրա թափանցիկությունն ու միաժամանակ նրա իսկ ծնած` որոշումներ կայացնելու ակնթարթային արագությունը շատ պետությունների դնում է անհավասար պայմանների մեջ: Եվ այս բոլոր ուղղությունների անհամաչափությունը հանգեցնում է դեֆորմացիայի, իսկ օպերատորները, որոնց ունակություններից է այժմ կախված եթե ոչ ամեն ինչ, ապա շատ ու շատ բաներ, չեն կարողանում մրցակցել տեխնոլոգիական առաջընթացի հետ: Գլոբալ ճգնաժամի այս բոլոր պատճառները պետք է նոր արդյունքների բերեն, այսինքն` ֆինանսական աշխարհում եւ տնտեսության մեջ նոր աշխարհակարգի: Յուրաքանչյուր երկիր պետք է որոշի իր ռեսուրսները եւ դուրս գա փոխհարաբերությունների նոր մակարդակի. շուկան լինելու է երեք տիպի` 1. բարձր ինտելեկտուալ, 2. արդյունաբերական, 3. գյուղատնտեսական: Դեռ պարզ չէ, թե այս շուկաներից որի՞ն են պատկանելու Հայաստանը, Ռուսաստանը, եվրոպական այս կամ այն պետությունը, աշխարհի ցանկացած այլ պետություն` բացի ԱՄՆ-ից. ԱՄՆ-ը լինելու է առաջին շուկայում եւ վերահսկելու է մյուս շուկաները…

Հարց. «Ի՞նչ եք կարծում, հայկական ընտանիքի մոդելը կպահպանի՞ իր դիրքերը Ընտանիք-Ազգ-Պետություն համակարգի ներսում, թե՞ ոչ»:

Պատասխան.
«Կարծում եմ` այս նոր պայմաններում Ընտանիք-Ազգ-Պետություն համակարգում փոփոխություններ տեղի կունենան միայն Հայաստանում: Պետության ներսում ընտանեկան կապերը չպետք է այդքան հզոր լինեն. դա դեֆորմացնում է պետությունը եւ կարող է անգամ այն քայքայել: Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա այստեղ ընտանիքը կպահպանի դիրքերը, թեեւ խառնամուսնությունները նույնպես կարող են հանգեցնել ավելի հանգիստ ներընտանեկան կապերի: Սակայն հայկական ընտանիքը ընդհանուր առմամբ, միեւնույն է, ուժեղ է լինելու եւ՛ ազգից, եւ՛ պետությունից այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել բարգավաճ երկիր: Հենց այդ ժամանակ հայ ընտանիքի ուսերից կընկնի ամենածանր բեռը` ձուլվելու վախը: Իսկ եթե Հայաստանը բարգավաճող երկիր դառնա, այս վտանգը կվերանա: Յուրաքանչյուր մարդ կսկսի հպարտանալ ոչ միայն 5-րդ կամ 10-րդ դարերի վանքերով, շարականներով կամ մանրանկարչությամբ, այլ նաեւ այսօրվա բարեկեցությամբ»: