Ծաղկային էթիկետ

20/02/2009

Դեռեւս հին ժամանակներից ծաղիկները նույնացվել են ինչ-որ սիմվոլների հետ: Իսկ երբեմն էլ ծաղիկներն ավելին կարող էին ասել, քան շատ գեղեցիկ խոսքերով արտահայտված մտքերը:

Ծաղիկների լեզուն ծնունդ է առել Հին Արեւելքում եւ ստացել սելամ անվանումը: Սելամի համաձայն՝ յուրաքանչյուր ծաղիկ եւ բույր ունեցել է իր սիմվոլիկ նշանակությունը: Օրինակ` վարդը Արեւելքում համարվում էր սիրո խորհրդանիշ, իսկ Հունաստանում` անմար կրքի խորհրդանիշ: Իսպանիայում կրքի խորհրդանիշ համարվում էր մեխակը:

Շատ հետաքրքիր է, բայց ծիրանի ծաղիկը վկայում է մարդու անկեղծ ընկերական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, ադոնիսը` շողավարդը, սիրո խոստովանության խորհուրդ ունի: Սերկեւիլի ծաղիկը անսահման հավատարմության խորհրդանիշն է, իսկ դեղին եւ ճերմակ ակացիան վկայում են պլատոնական սիրո մասին:

Անյուտայի աչիկներ ծաղիկը դեռեւս միջնադարում համարվել է Սուրբ Երրորդության ծաղիկ: Բանն այն է, որ ծաղկի մեջ գտնվող մուգ բծի վրա քրիստոնյաները տեսնում էին եռանկյունի եւ համեմատում այն Սուրբ Երրորդության հետ: Իսկ ահա Ֆրանսիայում սպիտակ անյուտայի աչիկները խորհրդանշում էին մահ, այդ պատճառով էլ միմյանց չէին նվիրում: Իսկ այլ երկրներում դրանք համարվում էին հավատարմության ու սիրո խորհրդանիշ: Աստղածաղիկը գրեթե բոլորի մոտ տխրության խորհուրդ ունի:

Կարմիր գույնի մեխակը Ֆրանսիայում մեծ հեղափոխության ժամանակ թագավորի կողմնակիցների խորհրդանիշն էր: Կարմիր գույնը խոսում էր նրանց թափած արյան մասին: Երիտասարդ աղջիկները պատերազմ գնալուց առաջ իրենց սիրեցյալներին ճանապարհում էին կարմիր մեխակներով, քանի որ գտնում էին, որ այն կօգնի նրանց հաղթանակով վերադառնալուն: Սպիտակ մեխակը վկայում է տխրության մասին, դեղինը` ատելության: Ձնծաղիկը միշտ խորհրդանշում է մարդու՝ կյանքի հանդեպ ունեցած լավատեսությունը: Եղրեւանին` յասամանը, խոսում է անմեղ ու քնքուշ սիրո մասին, իսկ մանուշակը անմեղություն խորհրդանշող ծաղիկ է: