Երեկ առավոտյան Մոսկվայում կողոպտվել է ժողովրդականություն վայելող կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ավագ եղբոր՝ Դավիթ Քեոսայանի՝ արվեստը գնահատողների շրջանում հայտնի «Բազար» արտ-ստուդիայի տնօրենի բնակարանը: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Մոսկվայի Ներքին գործերի վարչության Տեղեկատվության վարչության ներկայացուցիչը: Նա նշել է, որ արտակարգ պատահարն առավոտյան ժամը 4-ին տեղի է ունեցել Երկրորդ մոսֆիլմյան նրբանցքի տներից մեկում: «Երեք անհայտ դիմակավորներ ներխուժել են բնակարան, երբ այնտեղ եղել են արտ-ստուդիայի տնօրենի կինն ու դուստրը: Սպառնալով ատրճանակով՝ հանցագործները տարել են տանը եղած փողերը, ոսկեղենը ու կենցաղային տեխնիկան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա նշել է, որ հարձակման հետեւանքով Քեոսայանի հարազատները չեն տուժել: «Պատճառված վնասի չափը պարզվում է: Վճռվում է քրեական գործ հարուցելու հարցը»,- ասել է ՆԳ վարչության ներկայացուցիչը:
Տիգրան Քեոսայանն, ինչպես եւ իր եղբայրը, հրաժարվել է ՌԻԱ «Նովոստիին» մեկնաբանել միջադեպը: «Ես հրաժարվում եմ խոսել այդ թեմայով, մի խանգարեք մարդկանց աշխատել»,- ասել է ռեժիսորը:
Դավիթ Քեոսայանը դերասան է, բեմադրիչ, պրոդյուսեր: Նկարահանվել է «Անորսալի վրիժառուներ» ֆիլմում, որպես բեմադրիչ աշխատել «Սիրուհին» եւ «Երեք կիսագեղուհիներ» ֆիլմերում, եղել է «Խեղճ Սաշա», «Պրեզիդենտը եւ նրա թոռնուհին», «Տղամարդու աշխատանք» ժապավենների, «Տուրեցկու քայլերգ» սերիալի եւ այլ կինոնկարների պրոդյուսերը: «Բազար» արտ-ստուդիայի գլխավոր տնօրենն է: