Լեհաստան-Չեխիա

17/02/2009

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան: Այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Սեյմի եւ Սենատի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Բոգդան Բորուսեւիչի, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ: Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները հուշագիր կստորագրեն եվրաինտեգրման հարցերով համագործակցության վերաբերյալ: Այսօր Նալբանդյանը Լեհաստանից կմեկնի Չեխիա, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ հնարավոր է` քննարկվեն նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր: Նախատեսված են Է. Նալբանդյանի հանդիպումները Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի եւ Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ: Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության ծրագիրն առաջարկում է խորացնել Եվրամիության կապերը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հետ: