Ռուբեն Հայրապետյանը գնեց «Բջնին»

17/02/2009

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքի ու գույքային իրավունքների կրկնակի աճուրդի վերջնաժամկետի ավարտից րոպեներ առաջ` երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարել է, որ ստացել է գնման մեկ հայտ: Գնորդը, ըստ ԴԱՀԿ-ի, առաջարկել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ, որը պարտավոր է վճարել աճուրդի ավարտից հետո` 3 բանկային օրվա ընթացքում: ԴԱՀԿ-ն գնորդի ով լինելը չի հրապարակել, չնայած շրջանառվող այն լուրերին, որ աճուրդի միակ մասնակիցը եւ գնորդը ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է գնել «Բջնին»` առայժմ հրաժարվելով այլ մեկնաբանությունից: «Պետությունը հանել է աճուրդի, ես էլ գնել եմ»,- ասել է Ռ. Հայրապետյանը, ով երեկ բացակայում էր Հայաստանից: Իսկ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանը երեկ աճուրդի ավարտից հետո տարածել է հայտարարություն, որում մանրամասն ներկայացված են օրենքի այն պահանջները, որոնք խախտվել են աճուրդի կազմակերպման գործընթացում` այն դարձնելով ապօրինի: Հայտարարության մեջ կետ առ կետ նշված են նաեւ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքները: «Նախազգուշացնում ենք Ընկերության գույքի հնարավոր գնորդին ձեռնպահ մնալ գումարը եռօրյա ժամկետում մուծելու գործողությունից, քանի որ հակառակ դեպքում վերջինս Ընկերության գույքը հետագայում` դատական կարգով վերադարձնելու է Ընկերությանը եւ հատուցելու է Ընկերության կրած վնասները»,- նշված է «Բջնիի» գլխավոր տնօրենի հայտարարության մեջ: