Երկու այլընտրանքային տարբերակ

17/02/2009

ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը երեկ ավարտել է աշխատանքները: Ըստ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի, այլընտրանքային կարգով Քրեական օրենսգրքի` «Իշխանությունը յուրացնելը» (300) հոդվածի երկու տարբերակներ կներկայացվեն: Իր առաջարկած տարբերակով` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով: Նախատեսվում է հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից: Դ. Հարությունյանի ասելով, օրենսդրորեն նախապատրաստության եւ հանցափորձի փուլերը տարանջատված են, ուստի «3-րդ կետը տարակարծությունների առիթ չի տա»: «Քանի որ պահանջվել է պատժամիջոցների մասով հստակեցումներ կատարել, ուստի ամրագրվել են օրենսդրությունում գործող պատժամիջոցները: Իշխանությունը պահելուն վերաբերող կետում առաջարկվում է ՀՀ նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժել ազատազրկմամբ»: Ավելացված` «Սահմանադրական կարգը տապալելը» (300/1) հոդվածով եւս նախատեսվում է ազատազրկում 10-15 տարի ժամկետով: Մեկ այլ` «Տարածքային ամբողջականությունը խախտելը» (300/2) հոդվածով` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելիս եւս նախատեսվում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում:

Ինչ վերաբերում է ՔՕ 225` «Զանգվածային անկարգություններ» հոդվածին, ապա այդ հոդվածով` բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված եւ հասարակական անվտանգությանը սպառնացող խմբային գործողություններ կազմակերպելը պատժվում է ազատազրկմամբ: