Ով ինչպես կվարվի

17/02/2009

«Մարտի 1-ին, կարծում եմ, որոշակի ակտիվացում կլինի, բայց չեմ կարծում, որ շարժումը կրկնվի նույն թափով, ինչ թափով եղավ մեկ տարի առաջ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա համոզմամբ` ընդդիմության մեջ կա 2 տեսակետ. առաջին տեսակետի կողմնակիցները կարծում են, որ մարտի 1-ն օգտագործելով, պետք է վերակենդանացնել շարժումը, քանի որ հակառակ պարագայում շարժումն ինֆլյացիայի կենթարկվի: Ըստ երկրորդ տեսակետի կողմնակիցների` քանի որ առաջիկայում չկա ընտրական գործընթաց, ապա շարժման մեկ տարի առաջվա թափը հաղորդելով, արդյունքի հասնել հնարավոր չէ, ու կրկին շարժումն ինֆլյացիա կապրի: Իսկ իշխանության գործելակերպն, ըստ Երվանդ Բոզոյանի, կախված կլինի ընդդիմության գործողություններից:

«Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ՝ մարտի 1-ին կլինի հանրահավաք, որը «փոքր չի լինի», իսկ թե որքանով այն հնարավոր կլինի զարգացնել` կախված կլինի կազմակերպիչներից: Ա. Իսկանդարյանի համոզմամբ` այս իրավիճակում իշխանությունը նոր ընտրությունների չի գնա, քանի որ անգամ նոր ընտրությունների արդյունքում՝ կլինի նույն իրավիճակը, երբ պարտված կողմը չի ճանաչի դրանց արդյունքները: Ա. Իսկանդարյանի կարծիքով՝ ընդդիմության ռեսուրսը այս մեկ տարվա ընթացքում թուլացել է եւ բավարար չէ շարժումը նույն թափով վերակենդանացնելու համար: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Հայաստանի իշխանությունները չեն գնա նոր ընտրությունների, քանի որ իշխանությունը վստահ չէ, որ հաջողությամբ դուրս կգա այդ ընտրություններից: «Բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու առումով կասկածում եմ, բայց «7-ի գործով» անցնող քաղաքական գործիչների մասով շատ հնարավոր է, թեեւ կարող է եւ նման բան չլինել»,- անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի գործով ձերբակալված անձանց հետագա ճակատագրին՝ հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը: «Քաղբանտարկյալների առկայությունը կամ բացակայությունը, դա քաղաքական պայքարի մի մասն է, եւ իշխանությունն ու ընդդիմությունը դրան հենց այդպես էլ վերաբերվում են: Ընդդիմությունն ասում է` չենք ընդունում իշխանությունների լեգիտիմությունը, չենք հարգում դատարանը, իսկ իշխանությունն էլ ասում է՝ մինչեւ չընդունեք մեր լեգիտիմությունը, չհարգեք իշխանությանը, ձեզ հաշվի չենք առնի»,- ասել է նա: Ե. Բոզոյանի համոզմամբ, քաղբանտարկյալները մինչեւ ապրիլ ազատ կարձակվեն։ «Հայաստանի իշխանությունը չունի ներքին լեգիտիմություն, սակայն ունի միջազգային լեգիտիմություն, եւ նա չի ցանկանա քաղբանտարկյալներին պահելով՝ կորցնի լեգիտիմությունը նաեւ միջազգային կառույցների աչքում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը` ավելացնելով, որ իր այդ դիրքորոշման կարծիքի համար հիմք է ծառայում այն, որ իշխանությունն այսօր իրեն ավելի վստահ է զգում, քան ամիսներ առաջ:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները բանտարկյալներին ազատ չարձակեցին Նոր տարուց առաջ, Ե. Բոզոյանը պատասխանել է. «Ես հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու իշխանությունը չարագացրեց այդ լուծումը եւ ազատ չարձակեց քաղբանտարկյալներին»: Իսկ եթե իշխանությունները մինչեւ ապրիլ ազատ չարձակեն քաղբանտարկյալներին, ինչպե՞ս դրան կարձագանքի ԵԽ-ն: «Այդ պարագայում ԵԽ-ն որոշակի քայլերի կգնա, քանի որ Եվրոպայի խորհուրդն էլ իր պահանջների կատարման համար սահման ունի, ու եթե դրանք չկատարվեն` կվարկաբեկվեն այդ որոշումները»,- ասել է Ե. Բոզոյանը: Իսկ Ա. Իսկանդարյանի կարծիքով` ոչինչ էլ տեղի չի ունենա, եթե ՀՀ-ն չկատարի այդ պահանջը. ԵԽ-ն կշարունակի որոշակի ճնշումներով զիջումներ կորզել Հայաստանից, բայց կոնկրետ պատժամիջոցների չի դիմի: