Մի օրինագծի պատմություն

17/02/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2008թ. տարեվերջին Ազգային ժողովը արտահերթ նիստով ընդունեց ներմուծվող մի քանի ապրանքների` հիմնականում ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը բարձրացնելու մասին մի քանի պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը:

Նախաձեռնության հեղինակներն էին ԱԺ տարբեր խմբակցությունների` հիմնականում արտադրությամբ զբաղվող ընկերություններ ունեցող 10 պատգամավորներ` այդ թվում գարեջրի գործարանների սեփականատերեր Սամվել Բալասանյանն ու Հակոբ Հակոբյանը, ինչպես նաեւ «Երեւանի շամպայն-գինիների գործարանի» սեփականատեր Վերսանդիկ Հակոբյանը: Դեկտեմբերի 26-ին ընդունված այս օրինագիծը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է այս տարվա հունվարի 15-ին: Նախագահի հաստատումից ընդամենը օրեր հետո ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել այդ օրենքում նոր փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր նախագիծ, որով, փաստորեն, «հետողորմյա» են արվելու տարեվերջյան փոփոխությունները:

2008թ. դեկտեմբերին խորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ օրենսդրական փոփոխության հեղինակներն իրենց առաջարկությունները հիմնավորում էին «հայրենական արտադրողին խրախուսելու եւ պաշտպանելու անհրաժեշտությամբ»: Այսինքն` Հայաստանում արտադրված գինին, օղին ու գարեջուրը պետք է ունենան արտադրության եւ իրացման ավելի արտոնյալ պայմաններ, որպեսզի ավելի շատ սպառվեն: Բարձրացնելով ներկրվող այս ապրանքների ակցիզային հարկը` իշխանությունները մեխանիկորեն թանկացնում էին դրանց վերջնական սպառման գինը: Արդյունքում՝ տեղական արտադրանքը օգտվելու էր ցածր ակցիզային հարկ վճարելու արտոնությունից ու սպառման համեմատաբար ավելի էժան գին էր ունենալու: Ենթադրվում էր, որ այդպիսով հայկական օղին, գինին ու գարեջուրը ավելի շատ կվաճառվեին: Հայտնի է, որ ալկոհոլային այս խմիչքների ու հատկապես օղու դեպքում հայաստանցի սպառողը գերադասում է ներկրվածը, հատկապես ռուսականը: Արժե նաեւ ավելացնել, որ հայ սպառողը ռուսական օղին է գերադասում ոչ թե գնային, այլեւ որակական առավելության պատճառով: Եվ դժվար է կանխատեսել, թե հետագայում առավելությունը կտրվե՞ր տեղական անորակ, բայց էժան օղուն: Այնուամենայնիվ, ԱԺ պատգամավորները փորձում էին ակցիզային հարկը բարձրացնելով` նախընտրելի դարձնել հայկական, այսինքն` իրենց սեփական արտադրությունը: Օրենքը պետք է գործողության մեջ մտներ այս տարվա մարտի 1-ից, բայց գործը դրան չհասավ: Որքան էլ զարմանալի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու անդամ Արմեն Աշոտյանը նախագիծ են պատրաստում ներկրվող օղու, գինու եւ գարեջրի ակցիզային հարկը նվազեցնելու համար: Ինչո՞ւ:

«Մի կողմից՝ պետության քաղաքականությունն ուղղված է տեղական արտադրողին խրախուսելու համար համապատասխան պայմաններ ստեղծելուն, մյուս կողմից՝ խնդիրը չի կարող դրվել գիպերպրոտեկցիոնիզմի մեջ: Մենք հանդես ենք եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով պահպանում ենք տարբերակումը տեղական եւ ներմուծվող ալկոհոլային ապրանքների որոշակի տեսակների միջեւ: Ուղղակի ակցիզային հարկի այդ տարբերությունն առաջարկել ենք նվազեցնել»,- այս կապակցությամբ ասաց Ա. Աշոտյանը:

«Երբ օրենքը հունվարին ընդունեցինք, այլ տնտեսական իրավիճակ էր` կապված տնտեսական ճգնաժամի հետ: Այն ժամանակ դեռեւս ճգնաժամի ամբողջ ծավալները հայտնի չէր: Հետո ես ինքս էլ մտածեցի, որ այս պարագայում միանգամից այդքան ավելացում չէր կարելի: Մանավանդ, երբ պարզեցինք, որ ներկրողների աշխատատեղերի բազան հիմնականում հավասար է արտադրողների բազային: Այստեղ նաեւ աշխատատեղերի կորստի խնդիր կար: Դա էր պատճառը, որ նախաձեռնությամբ հանդես եկանք: Առաջարկել ենք նվազեցնել ոչ ամբողջությամբ, որ ոչ բյուջեն վնասվի, ոչ էլ ներկրողները: Առավելեւս, նման պարագայում, կարծում եմ, որ էապես նույնիսկ ազդեցություն չէր ունենա տեղական արտադրողի համար»,- կարծում է Գ. Սահակյանը:

Տարեվերջին ընդունված նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրվել 2008թ. սկզբին: Այն ժամանակ վարչապետը Սերժ Սարգսյանն էր եւ դեմ էր արտահայտվել ակցիզային հարկը բարձրացնելու առաջարկին: Բայց զարմանալի է, որ նախագահ դառնալուց հետո վավերացրել է: Ինչո՞վ է դա պայմանավորված: «Այն ժամանակ մենք շատ հեռու էինք ճգնաժամից»,- բացատրում է Գ. Սահակյանը` փաստորեն ակցիզային հարկի եւ՛ բարձրացումը, եւ՛ դրան հետեւող իջեցումը կապելով տնտեսական ճգնաժամի հետ:

Իսկ Ս.Սարգսյանը տեղյակ չի՞ եղել արդյոք, թե ԱԺ-ն տարեվերջին ինչ օրենք է ընդունել եւ ուղարկել իրեն` վավերացման համար: «Եթե թիմը ինչ-որ բան է քննարկում, բացառված է, որ չներկայացվի նաեւ կուսակցության նախագահի կարծիքը»,- հակադարձում է Գ. Սահակյանը:

Չի բացառվում, որ ԱԺ-ն այս անգամ իսկապես ինքնագլուխ` առանց կառավարության կամ նախագահին տեղյակ պահելու եւ ալկոհոլային խմիչքների արտադրողների լոբբինգի ազդեցության տակ օրենք է ընդունել: Ընդ որում, ընդունել է քվեարկողների բացարձակ մեծամասնության պայմաններում` դեմ է քվեարկել միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը: Իհարկե, ի վերջո, օրենքը ուժ է ստանում նախագահի վավերացումից հետո, սակայն այս դեպքում էլ Ս.Սարգսյանը չի օգտագործել չվավերացնելու` վետո դնելու իր իրավունքը: Եվ կրկին հարց է առաջանում` ինչո՞ւ է Ս. Սարգսյանը վավերացրել օրենքը, եթե կարճ ժամանակ անց այն պետք է չեղյալ համարվեր: Ընդ որում, այս անգամ նախաձեռնությունը համարվել է հրատապ, եւ օրինագիծը պետք է առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկվի հաջորդ շաբաթ` ԱԺ առաջիկա քառօրյայում: Անկախ նախաձեռնողների վերը նշված կարծիքներից՝ հետաքրքիր է նաեւ, թե Ս. Սարգսյանն ինչո՞ւ է որոշել իջեցնել ներկրվող այս ապրանքների ակցիզային հարկը: Այս հարցի ամենահավանական պատասխանը թերեւս այն է, որ ՀՀ իշխանություններն իրականում խրախուսում են ոչ թե տեղական արտադրողին, այլ` ներկրողին: Հակառակ դեպքում՝ անցած 5 տարիների ընթացքում կրկնակի անգամ չէին արժեզրկի դոլարը: Այս անգամ չի բացառվում, որ խոշոր ներկրողների ճնշումը մեծ է եղել: Կամ գուցե ավելի ուշ հաշվարկել են, որ այդպիսով կնվազի կոնկրետ ներկրողների գրպանները հոսող գերշահույթը: Իսկ ընդամենը 1,5 ամիս առաջ ընդունած օրինագծին ինչպե՞ս կվերաբերվեն այն ժամանակ կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկած խմբակցությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե մինչեւ ԱԺ-ում քննարկում չլինի, չի կարող պատասխանել այդ հարցին: «Ես չեմ կարող այն փաստաթղթին, որի վերաբերյալ արտահայտվել եմ դրական, հիմա հակառակը խոսել: Հաստատ դեմ եմ քվեարկելու այս օրինագծին»,- ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: