Եվ այսպես. կառավարությունը որոշել է Հայաստան ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերը բարձրացնել 5%-ով (դարձնելով 15%)։ Որոշել է՝ հանուն… հայրենական արտադրողի։ Այսինքն, որոշել են թանկացնել արտասահմանյան արտադրության այն ապրանքները, որոնք արտադրվում են նաեւ Հայաստանում։ Որպեսզի «ֆիրմա» գնողը 5% թանկացման պատճառով երես թեքի դրանից ու «գնի մերը»։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն էլ հանձնարարվել է ճշտել ներկրվող այն ապրանքների ցանկը, որոնք արտադրվում են նաեւ Հայաստանում եւ ենթակա են փաստացի թանկացման։ Առաջին հայացքից շատ հեշտ խնդիր է. Հայաստանում շատ քիչ բան է արտադրվում։ Բայց դա՝ միայն առաջին հայացքից, որովհետեւ նախարարությունը պետք է «պեղի» այնպիսի ապրանքներ, որոնց 5%-անոց թանկացումը կարող է սպառողներին թեքել դեպի հայրենական արտադրանքը։ Անկեղծ ասած՝ երկար մտածեցինք՝ ո՞ր ապրանքատեսակը դա կարող է լինել։ Առաջարկում ենք ընթերցողներին փորձել մտաբերել՝ այդ ո՞ր արտասահմանյան ապրանքն է, որ 5% թանկանալու դեպքում կհրաժարվեք ու կգնեք հայկականը։ Էժան ապրանքների դեպքում 5%թանկացումը չնչին է լինելու եւ բավարար խթան չի կարող լինել։ Եթե մարդը նախընտրում է 500 դրամանոց «Marlboro»-ն, ապա 5%-ով թանկ՝ 525 դրամի դեպքում դժվար թե սկսի ծխել «Գրանդ Տոբակոյի» ծխախոտները։ Նույնը կարելի է ասել ոգելից խմիչքների մասին։ Սննդամթերքի դեպքում հայրենական արտադրանքին նախապատվություն տվողները շատ են, եւ դա պայմանավորված է ոչ թե գնով, այլ որակով, թարմությամբ, գուցե երբեմն էլ՝ հայրենասիրության զգացումով։ Եվ ընդհանրապես, առաջին անհրաժեշտության, ոչ թանկարժեք ապրանքների դեպքում, այն, ինչ տնտեսագիտության մեջ կոչվում է գնային էլաստիկություն, ցածր է (գնի փոփոխությունը պահանջարկի վրա էական ազդեցություն չունի)։ Այստեղ ավելի շատ այլ գործոններ են դեր խաղում՝ որակ, մտածելակերպ եւ այլն։ Եթե մարդը կիլոգրամը 3000 դրամ արժեցող «ռուսական» կոնֆետը նախընտրում է 1000 դրամանոց հայկականից, ապա 3150 դրամանոց ռուսականից էլ չի հրաժարվի։ Գնային առումով միջին կարգի ոչ պարենային ապրանքների դեպքում նույնպես շատ բան սպասել չի կարելի. արտասահմանյան կոշիկ գնողը 5%-անոց թանկացման դեպքում երբեք չի գնա «Գումի շուկա»։ Հագուստի դեպքում նույնն է։ Միջին կարգի գներ ունեցող այլ ապրանքներ էլ Հայաստանում չեն արտադրվում (օրինակ, բջջային կամ սովորական հեռախոսներ)։ Իսկ թանկարժեք ապրանքների դեպքում ընդհանրապես ծիծաղելի է մտածել, որ 5%-անոց թանկացումը կարող է օգնել տեղական արտադրողին։ Հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան կամ ավտոմեքենա Հայաստանում առաջիկա տարիներին կամ տասնամյակներին դժվար թե արտադրվի, անգամ, եթե դրանց մաքսատուրքերը բարձրացվեն մի քանի անգամ։ Իսկ պերճանքի առարկաների դեպքում 5%-անոց թանկացումը ոչինչ չի փոխի։ Շեֆի ծննդյան օրը 1000 դոլարանոց «Parker» գրիչ գնել ցանկացողն իր միտքը չի փոխի, եթե այն թանկանա 50 դոլարով։
Մի խոսքով, հայկական եւ ներմուծվող ապրանքները շատ տարբեր գնորդներ ունեն։ Դրանք համարժեք չեն ո՛չ գնով, ո՛չ որակով, ո՛չ էլ իրենց նշանակությամբ։ Եվ կառավարության պնդումները, թե դա առաջին հերթին արվում է տեղական արտադրողներին օգնելու համար, արժանահավատ չեն թվում։ Տեղական արտադրողին օգնելն առաջին հերթին նշանակում է նրան դարձնել ավելի մրցունակ արտաքին շուկայում, որպեսզի կարողանա արտահանել արտադրանքը։ Իսկ ներմուծման տոկոսադրույքի բարձրացումը արտահանողին չի օգնում։ Նրան օգնում է իր սեփական բիզնեսի մրցունակությունը, հարկերի թեթեւացումը։ «Ապրանքների ընտրությունը կատարվել է հետեւյալ տրամաբանությամբ՝ պաշտպանել մեր արտադրողին, որպեսզի կարողանանք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի մեղմ հաղթահարել»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հետաքրքիրն այն է, որ ապրանքների ընտրությունը երեկվա դրությամբ դեռ չէր որոշվել, չնայած փետրվարի 12-ի նիստում կառավարությունը 1 օր ժամկետ էր տվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարին՝ հստակեցնելու վերջնական քննարկման անհրաժեշտություն ներկայացնող ապրանքախմբերի ցանկը։
Հովանավորչական նման քայլերի գնում են այն երկրները, որոնք ունեն կայացած արտադրություն եւ այն պաշտպանելու խնդիր։ Իսկ Հայաստանում արտադրություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Եթե սրան գումարենք բազմիցս ապացուցված այն հանգամանքը, որ ներկրվող ցանկացած ապրանքի թանկացման հետ մեկտեղ՝ միանգամից թանկանում են նաեւ հայկական արտադրության ապրանքները, ապա պարզ է դառնում, որ «տեղական արտադրանքի խթանումը» կառավարության հերթական «հեռուստաշոուն» է։ Եվ այսպիսով, ո՞րն է մաքսատուրքը բարձրացնելու հիմնական պատճառը։ Այս առումով բոլորից անկեղծ է գտնվել Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ նշելով, որ ներկրվող ապրանքատեսակների վրա հարկերի բարձրացումը կարող է լուրջ հարկաբյուջետային խնդիրներ լուծել։ Այլ կերպ ասած, այս ամենը արվում է բյուջեն լցնելու համար։ Ինչպես նշեցինք, 500 դրամանոց «Marlboro» ծխողի վրա 5%-անոց թանկացումը չի ազդի։ Հետեւաբար՝ չի ազդի նաեւ հայրենական սիգարետ արտադրողի վրա։ Սակայն 4 միլիարդ դոլարից ավելի ներմուծում ունեցող երկրի համար մաքսատուրքի 5%-անոց բարձրացումը կարող է մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավելացնել բյուջետային մուտքերը` բնականաբար եւ ինչպես միշտ, շարքային սպառողների հաշվին։ Մնում է միայն զարմանալ՝ ինչո՞ւ այսքան ժամանակ չէին մտածում տեղական արտադրողին նման ձեւով «խթանելու» մասին։ Երեւի շինարարությամբ էին տարված։