Ինչո՞ւ է աղմկում Բիշարյանը

17/02/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Կիրակի օրը Հանրային հեռուստատեսության «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ ԱԺ «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ընդամենը 3 րոպեանոց ելույթում, բացի Արթուր Բաղդասարյանի ավանդական գովաբանությունից, հասցրեց նաեւ անուղղակիորեն «հաթաթաներ» տալ կոալիցիայի մյուս անդամ կուսակցություններին:

Իսկ Բիշարյանը, ոչ ավել, ոչ պակաս, ասում էր, որ եթե չլինեին Արթուր Բաղդասարյանն ու «Օրինաց երկիրը», Հայաստանը կնմանվեր ջունգլիների, Հայաստանի բնակիչներն էլ` դեռեւս ծառից ծառ թռչելիս կլինեին: Մի խոսքով` հայ ազգի փրկիչը, ըստ Հ. Բիշարյանի` ՕԵԿ-ն է, ի դեմս նրա առաջնորդի: Նա իր այդ երեք րոպեանոց ելույթն այնքան արագ ու վարժ էր կարդում, որ չէր հասցնում նույնիսկ շունչ քաշել: «Հարգելի հայրենակիցներին» նա նախ լուսավորեց, թե շուտով լրանալու է քաղաքական կոալիցիայի մեկ տարին, այնուհետեւ ասաց, թե այսօր արդեն կարող է հետադարձ հայացք նետել եւ որոշ գնահատականներ տալ: Իսկ նրա գնահատականներով` իրենք մաս կազմելով կոալիցիային, «նպաստել են երկրի կայունությանն ու առաջընթացին»: «Մեկ տարի առաջ, երբ Հայաստանում լարված քաղաքական իրավիճակ էր, ՕԵԿ-ից եւ նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանից շատ բան էր կախված. նպաստել զանգվածային անկարգությունների՞ն, լայնածավալ քաղաքացիական բախումներին եւ արյունահեղությա՞նը, թե՞, կազմելով քաղաքական կոալիցիա` նպաստել երկրի կայունությանը եւ առաջընթացին: Այսօր արդեն, երբ աշխարհում մոլեգնում է ֆինանսական ճգնաժամը, ավելի քան կարեւորվում է մեր քաղաքական թիմի որոշման խոհեմությունը, քանի որ մենք գնացինք ոչ թե արկածախնդրության, այլ երկիրը կառուցելու ճանապարհով»,- եթերից բղավում էր տիկին Բիշարյանը: Այնուհետեւ ինքն իրեն հարց տվեց ու պատասխանեց. «Իսկ ի՞նչ է հաջողվել անել մեզ այս մեկ տարվա ընթացքում. բոլորիս է հայտնի, որ ՕԵԿ-ի եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերը գրեթե ամբողջությամբ ընկած են կառավարության ծրագրերի հիմքում, որն էլ հնարավորություն է տալիս մեր ծրագրերն իրականություն դարձնել: Կոալիցիոն կառավարության մշակած ռազմավարության մեջ տեղ գտած մեր ծրագրերի դրույթներից մի քանիսը հնարավորություն ունեցանք իրականություն դարձնելու: Երբ ՕԵԿ-ը եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանն իրենց նախընտրական ծրագրերում առաջարկում էին, որ ծննդաբերությունը պետք է լինի անվճար, որ երրորդ ծնվող երեխային պետությունը պետք է հատկացնի միանվագ մինչեւ 500.000 դրամ, որ կարճ ժամանակում հնարավոր է այլեւս ազատվել աղետի գոտու գաղափարից, որ շարունակական պետք է բարձրացվեն մանկավարժների աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները, որ յուրաքանչյուր տարի բյուջեում պետք է դրվի ավանդների փոխհատուցման գումար, այն էլ` շարունակական մեծացմամբ, շատերն անիրատեսական էին համարում եւ թերահավատորեն էին մոտենում այդ դրույթներին»: Ըստ Հ. Բիշարյանի` եթե չլիներ ճգնաժամը, ապա` «ձեռքբերելիքներն ավելին կլինեին, սպասելիքները` նույնպես: Համոզված եմ, որ այս ամենը կկրի ժամանակավոր բնույթ, եւ մենք հնարավորություն կունենանք մեր ծրագրերը գրեթե ամբողջությամբ իրականություն դարձնելու»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ընդհանրապես ի՞նչ է ՀՀԿ-ն, երբ ամեն ինչ Հայաստանում կատարվում է ՕԵԿ-ի «բարձր հովանու ներքո»: Ի պատասխան, Գ. Սահակյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ավելի հստակ ընդգծված կուսակցական խնդիրներ ունի եւ փորձում է ռեյտինգայնություն ապահովել: Կոալիցիայի շրջանակներում ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը բացարձակ մեծամասնություն ունի եւ կուսակցական խնդիրներից առավել համապետական խնդիրների լուծման բանալին է որոնում: Բնական եմ համարում, որ այս կամ այն կուսակցությունը վերագրումներ կատարի իրեն: Եթե որեւէ մի տեղ ՀՀԿ-ն մի ծառ է տնկում, մյուսները գալիս իրենց դրոշները տնկում են այդ ծառի կողքը, եւ ասում են` սա մեր ծառն է: Սա էլ նույնն է, բայց պետք է ըմբռնումով մոտենանք այդ ամենին»: Իսկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ ասաց. «Չեմ կարծում, որ ընդհանրապես կոռեկտ է կոալիցիոն կառավարության համատեղ, միասնական աշխատանքի ինչ-որ դետալներ որեւէ քաղաքական ուժի կողմից սեփականաշնորհելը: Կա կոալիցիոն կառավարության ծրագիր, որտեղ, այո, ներառված են կոալիցիային մաս կազմող բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերն այս կամ այն չափով: Եվ չնայած կուսակցությունները ստանձնել են պատասխանատվություն որոշակի ոլորտների հանդեպ, այդուհանդերձ, կրկնում եմ, չեմ կարծում, որ ինչ-որ պատասխանատվություն կամ արված աշխատանք շնորհելը ճիշտ է»:

Ի դեպ, Հ. Բիշարյանը նաեւ հայտարարել էր, թե իրենք այդ հարցերը լուծելիս՝ լուրջ պայքար են մղել կոալիցիոն մյուս ուժերի հետ: «Ուզում եմ նշել, որ մեր պայքարի արդյունքում կարողացանք հասնել նրան, որ բյուջեում նախատեսելով համապատասխան գումար, այսօր ծննդաբերությունը սերտիֆիկացման միջոցով դարձել է անվճար: Ավելի բարձրացավ նաեւ բուժաշխատողների աշխատավարձերը, իսկ ծննդօգնության բնագավառում այն կրկնապատկվեց: 2009թ. հունվար ամսից յուրաքանչյուր ծնվող երեխան կստանա 430.000 դրամ` անկախ ընտանիքի սոցիալական վիճակից: Նախորդ տարվա 1 մլրդ 300 մլն դրամի փոխարեն՝ այս տարի ավանդների փոխհատուցման համար տրամադրվել է 1 մլրդ 600 մլն դրամ: Առաջիկա 3 տարիների ընթացքում միայն 77 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտու բնակարանաշինության համար, որի արդյունքում 6800 անօթեւան ընտանիքներ կապահովվեն նորակառույց բնակարաններով: Իհարկե, գոհացուցիչ չէ, որ կենսաթոշակներն ու նպաստները շուրջ 20 տոկոսով է բարձրացել, բայց կարելի է համարել առաջընթաց»,- ասել էր նա:

Մեր հարցին, թե` մի՞թե ՀՀԿ-ն դեմ է եղել կենսաթոշակների, նպաստների բարձրացմանը, ծննդաբերությունը սերտիֆիկացման միջոցով անվճար դարձնելուն, ավանդների վերադարձմանը եւ այլ հարցերի դրական լուծմանը, ինչն ակնարկում է Հ. Բիշարյանը` ասելով, թե իրենք «պայքարի արդյունքում են հասել» դրան, Գ. Սահակյանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, ասաց, թե առանց ՀՀԿ-ի ցանկության` սկսած 1999թ., Հայաստանում ոչինչ տեղի չի ունենում: «Ընդունում եմ ցանկացած պայքար, բայց կոնկրետ դեպքում վերջին տարիներին` սկսած 1999 թվականից, բոլոր այն գործառույթները, որոնք դրական իմպուլսներ են առաջացրել, բնականաբար, ՀՀԿ-ի դերակատարումը դրանում մեծ է եւ ընդգծված: Այլապես՝ ինչքան ուզում ես պայքարի, միեւնույն է` արդյունքներ չեն լինի: Կարծում եմ` դա լավ գործելակերպ չէ, բայցեւ մեզ համար հասկանալի է, որովհետեւ մենք այն կուսակցությունն ենք, որ փորձում է միասնականացնել ամեն ինչ: Եվ նույնիսկ բացարձակ մեծամասնություն ունենալով՝ նորից որեւէ քաղաքական ուժի չենք ձգտել օտարել: Ընդգծված են նաեւ այն խնդիրները, որ բոլոր բացասական երեւույթների կրողը, այսպես թե այնպես, նորից բարդվում է ՀՀԿ-ի ուսերին, իսկ մենք տրամաբանորեն բեռ տանող կուսակցություն ենք: Այնպես որ` հաջողություններով ներքուստ հպարտանում ենք, բայց չենք բավարարվում, որպեսզի նոր հաջողություններ ունենանք»:

Հ.Գ. Ներկոալիցիոն այս «հակասությունները» իրականում պայմանավորված են Երեւանի քաղաքապետի առաջիկայում կայանալիք ընտրություններից հետո կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ Երեւանի թաղային համայնքները բաժանելու առեւտրով: