Հայկական դիվանագիտության հերթական պիրուետը

17/02/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Ի տարբերություն մեր հարեւանների` չունենք բնական հարստություն, փոխարենը՝ ունենք հզոր Սփյուռք: Մեր հայրենակիցները մեր ոսկե ֆոնդն են, հուսալի ներուժը: Նման արտահայտություններ կարելի է լսել եւ՛ կենցաղային զրույցներում, եւ՛ պետական այրերի պաշտոնական խոսքում: Մյուս կողմից` Սփյուռքի նշանակությունը Հայաստանի համար շահարկում են թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենաները` ակնհայտորեն գերագնահատելով մեր հայրենակիցների հնարավորությունները: Սա բնական, հարեւան պետությունների հակոտնյա շահերի բախման արդյունք է: Բայց մենք` գործ ունենալով ճակատագրի բերումով հայրենիքից դուրս հայտնված մեր հայրենակիցների հետ, սխալվելու իրավունք չունենք: Իրավունք չունենք ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել Սփյուռքը եւ սփյուռքահային` ազգի ներկա եւ ապագա զարգացման գործընթացներում:

Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները նոր չեն ծնվել: Դրանք գոյություն ունեին խորհրդային տարիներին եւս: Սակայն կար բնագավառ, որը համարվում էր տաբու` արգելք արտասահմանում ծնված եւ մեծացած, այնտեղ ապրող հայի համար: Խոսքը պետական կառավարման համակարգի մասին է, ուր ներգաղթած հայերը նույնպես մուտք չունեին: Անկախությունից անմիջապես հետո նորաստեղծ Արտգործնախարարության եւ նրա արտասահմանյան ներկայացուցչությունների առաջ դրվեց դրսում ապրող հայերին ներգրավելու գաղափարը, որը շատ նուրբ խնդիր էր, եթե հաշվի առնելու լինենք, որ գործ ունեինք օտար երկրների քաղաքացիների հետ: Սկսվեց կադրերի «հավաքագրումը»: Ես այստեղ չեմ անդրադառնում ՀՀ ԱԳՆ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի պարագային, որն առանձին թեմա է: Իսկ այն մասին, թե ինչ կատարվեց եւ ինչ է կատարվում ԱԳՆ-ի ավելի ցածր օղակներում, բոլորը համեստաբար լռում են, մանավանդ պաշտոնական մակարդակով: Հայաստանը, օրինակ, տասը երկար տարիներ Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ) ունեցավ ներկայացուցիչ, դիվանագիտությունից հեռու մարդ, Ֆրանսիայի քաղաքացի, որն այսօր էլ կարգին չի խոսում հայերեն: Նույն կարողությունների տեր եւ նույն ժամկետներով, բայց այս անգամ ԱՄՆ-ից Վիեննա ժամանած մեր հայրենակիցը ներկայացրեց Հայաստանը ԵԱՀԿ-ում: Ցավը նրանում է, որ ԱԳՆ-ի կադրային քաղաքականությունը, մասնավորապես, սփյուռքահայերի առումով, վարվում է անձնական նկատառումների տեսանկյունից, թանձր վարագույրի հետեւում: Ես այստեղ, առաջին հերթին, նկատի ունեմ պատվո հյուպատոսների ինստիտուտը, որը կարծես լրիվ փակ թեմա է հասարակ մահկանացուների համար: Ի՞նչ կառույց է սա: Ի տարբերություն դիվանագիտական ներկայացուցչությունների, որտեղ տեղացիներն իրավունք չունեն աշխատել, պատվո հյուպատոս են նշանակվում ոչ թե Հայաստանի` այլ տվյալ երկրի քաղաքացիները: Օրինակ, մեր պատվո հյուպատոս Ֆրանսիայում նշանակվում է ֆրանսիացին: Ֆրանսիայի մեկ այլ քաղաքացի կարող է Հայաստանի պատվո հյուպատոս լինել նաեւ երրորդ երկրում: Ազգությունը նշանակություն չունի: Պատվո հյուպատոսը չի ներկայացնում իրեն նշանակած երկիրը, չունի դիվանագիտական աստիճան եւ անձեռնմխելիություն: Բայց նպաստում է երկու երկրների տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացմանը, անհրաժեշտության դեպքում` պաշտպանում իրեն նշանակած երկրի եւ նրա իրավական անձանց շահերը: Հայաստանի պատվո հյուպատոսների աշխարհագրությունը հեռավոր արտասահմանում հրամցնում է հետաքրքիր պատկեր: 2008թ. դեկտեմբերի դրությամբ մենք պատվո հյուպատոսներ ունենք տարբեր մայրցամաքների 18 երկրներում, որոնց կեսից ավելին` 12-ը, մեր հայրենակիցներն են: Արդ, Հայաստանի Արտգործնախարարությունը ի՞նչ սկզբունքով է որոշում` ո՞ր երկրում եւ ո՞վ պետք է լինի պատվո հյուպատոսը: Թե ի՞նչ հետաքրքրություններ կարող է ունենալ Հայաստանը, ասենք, Բենինում եւ Փղոսկրե Ափում, դժվարանում եմ ասել, բայց այդ հեռավոր աֆրիկյան երկրներում մենք ունենք պատվո հյուպատոսներ, որոնցից մեկը փարիզաբնակ է: Մի քիչ դժվար է հասկանալ նաեւ երկու պատվո հյուպատոսների անհրաժեշտությունը Լիսաբոնում եւ Պորտոյում, թեպետ Պորտուգալիան լավ երկիր է: Պատվո հյուպատոսները, սովորաբար, լինում են գործարար մարդիկ, բիզնեսմեններ, որոնք հերթ են կանգնում այդ տիտղոսին արժանանալու համար. դիվանագիտական կորպուսին մոտ կանգնելը ձգողական ուժ ունի, եւ էլի շատ արտոնություններ: Արդ, ինչով բացատրել, որ վերը նշված թվաքանակի դիմաց Ռուսաստանում մենք ունենք պատվո հյուպատոսներ ընդամենը չորս քաղաքներում, եթե այդ քաղաքներից յուրաքանչյուրում հայերի ավելի մեծ կուտակում կա, քան վերոբերյալ 18 կետերում միասին վերցրած: Չհաշված այն բազմաթիվ դժվարությունները, որոնց հետ բախվում են այնտեղ մեր հայրենակիցները: Ողբերգական դեպքերի մասին չեմ խոսում: Մի խոսքով, սա բարդ թվաբանություն է: Մեր դիվանագիտական ծառայությունը աշխատում է այնպիսի չափանիշներով, որի նույնատիպը` անալոգը, դժվար է գտնել այլ երկրների դիվանագիտական պրակտիկայում: Օրինակ, քաղաքական հայացքների համար դեսպանը կարող է զրկվել իր կոչումից, որը միջազգային կոնվենցիաների եւ օրենքների խախտում է միասին վերցրած, ինչը Ռուսաստանը չարեց անգամ ԳԿՉՊ-ն պաշտպանած դեսպանների նկատմամբ: Մենք կարող ենք ամբողջ մի աշխարհամասի տարածքային դեսպան նշանակել սկսնակ մի դիվանագետի, իսկ մեկ ուրիշ դեսպանի ծերացնել արտասահմանում: Մենք կարող ենք բարձր դիվանագիտական աշխատանքի գործուղել պատահական մարդկանց: Խորհրդային տարիներին Հայաստանում կապի նախարարներից մեկի մասին կար անեկդոտ, որ նա հեռախոսն առաջին անգամ տեսնում է իր առանձնասենյակում: Տարիներ անց, երեւի, պատմեն, որ մեր որոշ դեսպաններ կյանքում առաջին անգամ են ոտք դնում դեսպանության շենք, այն էլ՝ որպես դեսպան: Բայց սա անեկդոտ չի լինի: Կարծում եմ, վաղուց ժամանակն է դեսպանի ինստիտուտը կարգավորել օրենսդրական ակտով, որը մենք չունենք: Այն հիմա ամբողջովին նախագահի մենաշնորհն է: Իսկ հայտնի է, որ եթե նախագահներն անգամ զերծ են սխալվելու ունակությունից, երբեմն ունենում են շատ խելոք խորհրդականներ եւ էլ ավելի խելոք խորհրդատուներ:

Ընդհանրապես, պետք է ասել, որ հայկական դիվանագիտությունը «Հազար ու մի գիշեր» է: Եվ այդ գիշերների ամենազմայլելի հեքիաթը կպատմվի մոտ օրերս` Շառլ Ազնավուրի Շվեյցարիայում դեսպան դառնալով: Երբ լսեցի, որ նա հրաժարվել է առաջարկից, մտածեցի, որ այդպես էլ պետք է լիներ: Ախր, նրա հոգեկերտվածքը ունեցող, նրա կյանքը ապրած մարդը ոչ մի կերպ չի կարող հարմարվել ծառայողական չորս պատերի ձեւաչափին: Թերթեցի Շառլի մի քանի երգ-բանաստեղծությունների` տարիներ առաջ իմ սիրողական թարգմանությունները: «Մի պարսավեք ինձ, այլ դիմեք սրտիս, //Ես շատ եմ տարբեր, ցեղս է ուրիշ: // Թափառական արտիստն է փայլում, //Միայն բեմում եմ ես ինձ լավ զգում: //Դեկորների մեջ, անդ, կյանք եմ առնում, //Ուր երեք զարկով զանգն է ինձ կանչում//: Այսպես է երգել նա իր «Թափառաշրջիկը»: Հետո Ազնավուրը հայտարարեց, որ համաձայն է նշանակվել դեսպան: Ափսոս: Սակայն անկեղծ լինելու համար ասեմ, որ եղել է մի պահ, երբ համակրանքս Շառլի նկատմամբ տատանվել է: Հանրահայտ է, որ մեր իշխանավորները սիրում են «ընկերություն» անել Պառնասի բնակիչների՝ այսինքն՝ մեծ արվեստագետների հետ, եւ, հավանաբար, ընդօրինակելով չեխովյան «Հարսանյաց գեներալին»՝ նրանց ի ցույց են դնում ռեստորանի հաճախորդներին: Սա պայմանավորված է նրանց թերարժեքության բարդույթով: Եվ երբ սրճարաններից մեկում շանսոնյեի հարեւանությամբ շանսատակ արվեց մարդ-արարածը, այնպես, ինչպես վարձու լանդսկնեխտներն էին անում XV դարում, Ազնավուրը լռեց: Կարծում էի՝ այլեւս Հայաստան չի գա: Հետո, երբ կրկին հայտնվեց, մտածեցի` երեւի զգացմունքը տեղի է տվել հայրենասիրությանը, նախագահներն անցողիկ են, ազգը` մնայուն: Ժամանակը, երեւի, հանդարտեցնելու հատկանիշ ունի: Ինչ որ է:

Անկախ նրանից, թե ում գլխում է փայլատակել մեծ երգահանին դեսպան ձեւակերպելու օրգինալ միտքը, անկախ նրանից, թե ինչպիսիք են դրա հեղինակի բարի ցանկություններն ու դրդապատճառները` մոտիվները, իմ կարծիքով, ի սկզբանե խոտոր են, մատնված ձախողման: Իսկ հետեւանքները կմնան նրա` այդ հեղինակի խղճին:

1. Շառլ Ազնավուրի նշանակումը դրսում կունենա որոշ պրոպագանդիստական հնչեղություն, բլիցէֆեկտ, մասնավորապես, դիվանագիտական շրջանակներում, եւ նույն արագությամբ էլ կմարի: Հայաստանյան առումով, նա կարճ ժամանակ կշեղի ժողովրդի ուշադրությունը ցավոտ պրոբլեմներից (հեղինակի հաշվարկներից մեկը):

2. Ազնավուրը որեւէ դեր չի խաղա եւ չի կարող խաղալ ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Ընդհակառակը, պաշտոնական ստատուսն ավելի կկրճատի նրա գործողությունների եւ հեղինակության շառավիղը, քան կային, երբ ազատ արվեստագետ էր: Ի դեպ, մինչ օրս Շառլը որեւէ հայտարարություն կամ դեմարշ այդ ուղղությամբ չի արել: Համենայնդեպս, ինձ դրանք հայտնի չեն: Սա խոսում է նրա ապաքաղաքական դիրքորոշման մասին:

3. ԱԳՆ-ն դասեր չի քաղում վրիպումներից: 15 տարի առաջ Ազնավուրը նշանակվեց Հայաստանի մշտական ներկայացուցիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որի նստավայրը Փարիզի սրտում է: Եվ ի՞նչ դա տվեց հանրապետությանը: Միգուցե ազերիները դադարեցի՞ն ոչնչացնել մեր խաչքարերն ու պատմական հուշարձանները, իսկ վրաց բարեկամները` հայկական եկեղեցիները յուրացնե՞լը, գուցե ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական արվեստները դրեց առաջին պլանի վրա եւ մեզ խնկարկո՞ւմ է: Կամ, Հայաստանը ստացավ գիտական եւ կրթական բազմաթիվ գրանտնե՞ր: Ոչինչ` zero: Սկզբում վարձված էր գրասենյակ, կար քարտուղարուհի: Հետո դա էլ վերացավ, խնայողության հարցեր կան: Այդ ներկայացուցչությունից մնացել են Շառլի լոկ դիվանագիտական անձնագիրը եւ ավտոմեքենայի դիվանագիտական համարը:

4. Եթե հանրապետության ղեկավարությունը, իրոք, համոզված է, որ Ազնավուրը մեծապես նպաստելու է իր դիվանագիտության վերելքին, մի՞թե ավելի նպատակահարմար չէր լինի նրան նշանակել այնպիսի մի կետում, օրինակ, Վրաստանում, որտեղ, իսկապես, խնդիրներ կան լուծելու: Մանավանդ, որ ծնողները, պապն ու տատը Ախալցխայից են: Ի՞նչ ենք կորցրել Շվեյցարիայում, որի հետ մեր հարաբերությունները կրում են խորհրդանշական` սիմվոլիկ բնույթ:

5. Շառլի դեսպան դառնալը նոր զարգացում չի հաղորդելու հայ-ֆրանսիական հարաբերություններին: Ֆրանսիացիները պահպանողական` կոնսերվատիվ մարդիկ են: Իսկ որպես շանսոնյե՝ Ազնավուրը կարող է ինչ-որ մի տեղ անգամ կորցնել իր հմայքը: Համենայն դեպս, ստատուսի փոփոխությունը հազիվ թե խոսի նրա օգտին:

6. Լավ սովորող դպրոցականն անգամ գիտի, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է եւ կոչված է նրա իրագործմանը: Իսկ ներքին քաղաքականությանը ծանոթ է նա, ով ներսից է: Շառլը չգիտի Հայաստանը եւ չի էլ իմանալու:

7. Ազնավուրը չի կարող նստել Ժնեւում եւ ղեկավարել դեսպանությունը: Դրա համար, ինչպես ասացի, նա նախ պետք է լավ ծանոթ լինի Հայաստանին, տիրապետի հայերենին եւ դիվանագիտական արվեստին: Թերեւս նա հույսեր է կապում իր իմպրեսարիո Լեւոն Սայանի (նույն ինքը` Սանոսյան) հետ, որը Շվեյցարիայում` Լոզանում, արդեն քանի տարի է` ՀՀ պատվո հյուպատոսն է` նույն օգտակար գործողության գործակցով, ինչպես մյուս սփյուռքահայ դիվանագետները: Ստացվում է Ազնավուր-Սայան տանդեմ: Գեղեցիկ է, չէ՞:

8. Դիվանագիտական պատմությանը հայտնի են դեպքեր, երբ արվեստի եւ գրչի մարդիկ ծառայել են իրենց հայրենիքի արտաքին քաղաքականությանը` Դանթե, Պետրարկա, Տյուտչեւ, Գրիբոյեդով եւ ուրիշներ: Բայց նրանք գործել են այլ ժամանակներում, միանգամայն այլ պայմաններում: Այսօր արագության եւ բարձր տեխնոլոգիաների 21-րդ դաժան դարն է: Շառլին` դիվանագիտության միայն հիմնարար եւ օրենսդրապայմանագրային փաստաթղթերի հետ ընդհանուր ծանոթության համար առնվազն պետք կլիներ տասը տարի, մի այդքան էլ` միջազգային հարաբերությունների «կուրսի մեջ մտնելու» համար: Այնպես որ, արվածը աստվածահաճո գործ չէ. մարդը` 85 է: Եվ սպասել, թե Շառլ Ազնավուրը կդառնա Շառլ Թալեյրան եւ կհանի հայկական դիվանագիտությունը փակուղուց, սին հույսեր են` ինքնախաբեություն:

Ես այս ամենը գրում եմ ցավով, քանզի եղել եւ մնում եմ Շառլի երկրպագուն, սիրել եմ ոչ միայն նրա երաժշտությունը, այլեւ պոեզիան, որը մտնելու է Ֆրանսիայի պատմության մեջ: Այդ իսկ պատճառով՝ չէի ցանկանա, որ մեծ արտիստը հիասթափություն ապրեր եւ ցավ զգար այս անտակտ եւ կասկածելի դիվանագիտական խաղի ձախողման արդյունքում, որի անխուսափելիությանը գրեթե չեմ կասկածում: Բայց կասկածում եմ, որ սա հերթական բանանի կեղեւ է` դրված գործող նախագահի ոտքի տակ: