«ԼՂՀ հարցով բանակցություններն այսօր ընթանում են հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն այս պահին չկա, իսկ համաձայնագրի մասին խոսելն ընդհանրապես վաղաժամ է»,- այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` հակադարձելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, թե առաջիկայում կողմերը մոտեցել են ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ համաձայնագրի մշակմանը, որը պետք է բխի տարածքային ամբողջականության սկզբունքից` ընդգրկելով ինքնորոշման իրավունքի ու ուժի չկիրառման հայեցակետերը: «Հասկանալի չէ, ո՞րն է այս հայտարարության նպատակը, բայց տպավորություն է ստեղծվում, որ նման մեկնաբանություն կարելի էր անել միայն խանգարելու համար բանակցային գործընթացին, որն ընթանում է մադրիդյան առաջարկությունների շուրջ: Այդ առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի երեք հավասարազոր սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն,- ասել է նա` ավելացնելով,- Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հակամարտության առանցքային հարցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրականացումն է»: Ի դեպ, APA գործակալությանը տված հարցազրույցում Մ.Բրայզան անդրադարձել է Պետդեպում իր պաշտոնի առաջիկա փոփոխության վերաբերյալ լուրերին` նշելով, թե պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կզբաղվի այդ հարցով, երբ հարկ կհամարի: «Գիտեմ, որ պետք է զբաղվեմ այլ աշխատանքով, սակայն, ինչպիսին կլինի այն եւ երբ տեղի կունենա դա` դեռ չգիտեմ»,- ասել է արդեն 4 տարի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը զբաղեցնող Բրայզան` ավելացնելով, որ «դա համարվում է մեծ ժամկետ նման աշխատանքի համար, արտասովոր երկար ժամկետ»: «Դա անսովոր մոդել է ԱՄՆ-ի համար: Սակայն ես սիրում եմ իմ աշխատանքը»,- հայտարարել է նա: