Ինչը եւ պահանջվում էր ապացուցել

17/02/2009

Անցած շաբաթ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ հրապարակեց Ռուսաստանի ՆԳՆ Փորձաքրեագիտական կենտրոնից ստացած ԿՍ-23 տեսակի զենքի եւ ժամկետանց «Չերյոմուխա 7» գազային նռնակի նույնականացմանը վերաբերող պատասխանը:

Այդ տեղեկանքի համաձայն՝ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ զենքից են արձակվել մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ից զոհված 3 ցուցարարների մարմիններից հանված նռնակները: «Լիարժեք բացահայտում ունենալու համար տեխնիկական մասով փորձաքննությունն այս պահին սպառված է»,- հայտարարեց Վ.Հարությունյանը: Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովի խնդիրներից մեկը զոհերի մահվան հանգամանքների բացահայտումն է, ինչը ոչ մի կերպ չի հաջողվում: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից փորձեցինք պարզել, թե բավարարվելո՞ւ է այս պատասխաններով: Արդյոք հանձնաժողովը մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու համար այլ քայլեր չի՞ ձեռնարկելու:

«Ինձ համար տհաճ անակնկալ էր այն հանգամանքը, որ հնարավոր չէ նույնականացումը: Ես հավատում էի, որ այդ փորձաքննության արդյունքում մենք կարող էինք հասնել արդյունքի: Այդ երեքի դեպքում թվում էր, թե բացահայտումն ավելի հեշտ էր, որովհետեւ կան օգտագործված զենքերը, կան այն Ոստիկանության Ներքին զորքերի 4 ծառայողները, ովքեր օգտագործել են, եւ կան այն կապսուլաները, որոնք մահվան պատճառ են հանդիսացել: Մնում էր պարզել, թե որ հրազենից արձակված կապսուլաներից են զոհվել: Թվում էր, թե մենք բավականին մոտ էինք բացահայտմանը, բայց պարզվեց, որ մենք շատ հեռու ենք, միգուցե` եւ անհասանելի: Այդ պատասխանից հետո հանձնաժողովը շատ վատ իրավիճակում է հայտնվել: Իսկ եթե նախաքննական մարմինն այդ հարցում հաջողություն չունի, պարզ է, որ հանձնաժողովն էլ չունի»,- ասում է Ս.Նիկոյանը:

Այդ դեպքում հանձնաժողովն էլ նախաքննական մարմնի նման սահմանափակվելու է ստացված պատասխանով եւ իր գործն ավարտվա՞ծ է համարելու:

«Մենք կփորձենք փորձաքննության հնարավորություն գտնել որեւէ այլ երկրում, որտեղ հնարավոր է, նման կենտրոններ կլինեն: Մինչեւ հիմա միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ես դիմել եւ խնդրել եմ օժանդակել մեզ, որ իրականացվի այդ փորձաքննությունը: Ես նիստերից մեկի ժամանակ հայտարարել եմ, թե դիմել եմ ԱՄՆ դեսպանատանը, եւ հարց հնչեց, թե ինչո՞ւ ԱՄՆ-ին եւ ոչ՝ Ռուսաստանին: Եվ այդպես առաջացավ ՌԴ-ին դիմելու միտքը»,- ասում է պարոն Նիկոյանը:

Բոլոր դեպքերում, հանձնաժողովը բավարարվա՞ծ է նախաքննական մարմնի աշխատանքներից, չի՞ պատրաստվում գնահատական տալ ՀՔԾ աշխատանքի արդյունավետությանը: Ս.Նիկոյանը գնահատականով հանդես գալու հնարավորությունը չի բացառում, սակայն` միայն նախաքննության ավարտից հետո: Ի դեպ, Վ.Հարությունյանն անցած շաբաթ հայտարարեց, որ մարտի 1-ի քրեական գործը չի կարճվելու, եւ չբացառեց, որ քննությունը կարող է շատ երկար տեւել: «Տրամաբանական ժամանակ կա հանձնաժողովի համար, եթե փաստահավաք խումբը իր զեկույցը ներկայացնի, կարծում եմ՝ դա կլինի նաեւ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու ժամանակ»,- այս կապակցությամբ ասաց Ս.Նիկոյանը:

Հայտնի է, որ մարտի 1-ին ոստիկաններն օգտագործել են ժամկետանց եւ չփորձարկված հատուկ միջոցներ: Արդյո՞ք այս խախտման կամ «անփութության» համար 4 ոստիկաններից բացի՝ պատասխանատու չեն նաեւ Ոստիկանության համապատասխան պաշտոնյաները: «Եթե ուշադիր լինեք` Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են եղել: Իմ խորին համոզմամբ, դրանք այս ամենի արդյունք են»,- պատասխանեց Ս.Նիկոյանը` չմանրամասնելով, թե հատկապես այս խնդրի հետ կապված ի՞նչ փոփոխություն է իրականացվել: