«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Մանե Հակոբյանի գրած «Նոր պար» երգով (գործիքավորումը՝ Արա Թորոսյանի, բառերը` Վարդան Զադոյանի ու Ավետ Բարսեղյանի):
Աշխույժ պարային ռիթմերով համեմված, երկլեզու` հայերեն ու անգլերեն հնչող այդ երգը կկատարեն Ինգա եւ Անուշ Արշակյանները, որոնք հաղթող ճանաչվեցին նախընտրական մրցույթում՝ պրոֆեսիոնալ ժյուրիի ու շարքային հայաստանցիների «sms»-ների միջոցով կատարված ընտրության արդյունքում։ Ընդ որում՝ մասնակիցների շարքերում էին Ռուսաստանի, Արցախի ու Իրանի քաղաքացիները: Ռուսաստանցի երգիչ Մհերը, ով «անսեռ» կերպար է ստեղծում բեմում, ու երգչուհի Շպռօտը, որը հանդես եկավ՝ որպես կիսով չափ կին, կիսով չափ տղամարդ, ինչպեսեւ շատ այլ երգիչներ զիջեցին Արշակյան քույրերին։ «Եվրատեսիլին» կարող էր մասնակցել յուրաքանչյուր երգիչ, ով նոր երգ ունի ու ներկայացրել է այն եվրոպական մրցույթի կանոնների համաձայն։ Այնպես որ, մասնակիցների քանակը (21) հասկանալի էր, իսկ որակը շատ դեպքերում սիրողական էր։
«Եվրատեսիլին» հատկապես մեծ ուշադրություն են դարձնում նախկին խորհրդային միություններում, որոնց ներկայացուցիչները կամ փորձում են փոփ-երաժշտության կանոնների համաձայն ստեղծված «հիթ» կատարել, կամ էլ` զարմացնել լսարանին ուշադրություն գրավող որեւէ հնարքով` արտաքին տեսքով, երգի արտառոց մատուցմամբ: Ուշագրավ է, որ «Եվրատեսիլին» արդեն չորրորդ անգամ մասնակցող Հայաստանն այս անգամ «գործուղում» է այնպիսի երգչուհիների, որոնց թեկնածությունը ոչ միայն վիճահարույց չէ, այլ` ընդունվում է գրեթե բոլորի կողմից: Համաձայնեք, դա շատ հազվադեպ է պատահում: Նրանց ներկայացրած երգը էթնո տարրեր ունի («ջան-ջան» բառերը երգի միջով որպես «կարմիր թել» են անցնում)։ Ինգա եւ Անուշ Արշակյանները «Նոր պարը» բնութագրում են որպես «էթնո-փոփ»: Երգչուհիները, որոնց պրոդյուսերը «Շարմ» ընկերությունն է, հաջող «գովազդվելու» ու ներկայանալու հնարավորություն ունեն, քանի որ մրցույթը տեղի է ունենալու Մոսկվայում, իսկ «Շարմի» կապերն ու «PR» քայլերը Ռուսաստանի մայրաքաղաքում կարող են շատ արդյունավետ լինել: Հայաստանը կարող է եւ հաղթել: Վերջիվերջո, մենք արդեն վերակառուցված Մարզահամերգային համալիր ունենք եւ հանգիստ սրտով կարող ենք ընդունել «Եվրատեսիլ 2010»-ը մեր հարկի տակ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ։