Կհարկվեն միայն խոշորնե՞րը

17/02/2009

Առեւտրի համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների համաձայն` այս տարվա հունվարի 1-ից գյուղատնտեսական մթերքներ արտադրողները եւս հարկվելու են ավելացված արժեքի հարկով: Սակայն, քանի որ, ըստ «ԱԱՀ-ի մասին օրենքի»՝ 58 մլն 350 հազար դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները ազատված են ԱԱՀ-ից, գյուղացիական տնտեսությունները եւս հարկվելու են միայն այդ շեմը գերազանցելու դեպքում: Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը եւ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: «58.35 մլն դրամի շեմը չգերազանցող գյուղատնտեսական մթերքներ արտադրողները, ինչպես նախկինում չէին վճարում ո՛չ ԱԱՀ, ո՛չ եկամտահարկ, ո՛չ էլ շահութահարկ, այնպես էլ այսուհետ չեն վճարելու: Փոփոխությունը վերաբերելու է մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություններից ընդամենը մի քանի հարյուրին (այդ թիվը դեռ հստակ չէ, այս պահին հանրապետության տարբեր ոլորտներում մոնիտորինգ է իրականացվում, որի արդյունքների մի մասը հայտնի կդառնա առաջին եռամսյակի ավարտին), որոնք կվճարեն ԱԱՀ, բայց դարձյալ չեն վճարի եկամտահարկ ու շահութահարկ: Դա վերաբերում է, օրինակ, խոշոր թռչնաֆաբրիկաներին, մսամթերք արտադրողներին, արհեստական ձկնաբուծությամբ զբաղվողներին եւ այլն»,- նշեց Ա. Ալավերդյանը: