«Աճուրդը կարող է անվավեր ճանաչվել»

17/02/2009

Երեկ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿԱԾ)` «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի դրված գույքի իրացման մասին հաղորդագրությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ «ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Լ.Հարությունյանը: Հայտարարությունը տպագրում ենք ամբողջությամբ:

«Էլեկտրոնային լուրերից տեղեկացել ենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` աճուրդի դրված գույքն իրացվել է:

Ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ աճուրդային գործընթացը կազմակերպվել է օրենքի պահանջների խախտմամբ:

Ավելին, այս պահին միայն ՀՀ վարչական դատարանում գտնվում են հետեւյալ գործերը, որոնք կապված են Ընկերության հետ`

1. «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաեւ վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը պարտավորեցնելու պահանջների մասին:

2. «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին (դիմակավորված հարկադիր կատարողներ):

3. «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` աճուրդ նշանակելու մասին 08.12.2008թ. որոշումն անվավեր ճանաչելու եւ մյուս այլ պահանջների մասին:

4. «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` հարկադիր կատարողի «Պարտապանին պատկանող` այլ անձանց մոտ գտնվող գույքի (ներառյալ` գույքային իրավունքներ) վրա արգելանք դնելու մասին» 03.12.2008թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

5. «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` բողոքարկման խորհրդի 08.12.2008թ. թիվ 33/08 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

6. «Բջնի Գրուպ» ՍՊԸ ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` բողոքարկման խորհրդի 08.12.2008թ. թիվ 34/08 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

7. «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` աճուրդ նշանակելու մասին 10.01.2009թ. որոշումն անվավեր ճանաչելու եւ մյուս այլ պահանջների մասին:

8. «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` աճուրդ նշանակելու մասին կրկնաճուրդն արգելելու պահանջի մասին:

Չնայած նրան, որ դատական համակարգն ամեն ինչ արել է, որ այս գործերը շատ դանդաղ ընթացք ստանան, իսկ ներկայացված հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունները մերժվել են, այնուամենայնիվ, Ընկերության գույքը ձեռք բերող անձին հարկ ենք համարում տեղեկացնել իրավական հետեւանքների մասին`

1. աճուրդը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն կազմակերպվել եւ անցկացվել է օրենքի պահանջների խախտմամբ (հիշեցնում ենք, որ կատարողական վարույթը պետք է կասեցվեր, քանի որ լոտի գինը ցածր էր պահանջի չափից, հարկադիր կատարողը հաշվի չէր առել վճարվելիք ավելացված արժեքի հարկը (որը կազմում է 20 տոկոս, իսկ ընդհանուր գումարի մեջ` 16,67 տոկոս).

2. Ընկերության հետ կապված իրադարձությունները հանրահայտ են, եւ յուրաքանչյուր հնարավոր գնորդ տեղեկացված է եղել Ընկերության կողմից վկայակոչված խախտումների մասին.

3. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի ուժով գույքը կարելի է հետ պահանջել նույնիսկ բարեխիղճ ձեռք բերողից (մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ ձեռք բերողը բարեխիղճ չէ), եթե գույքը դուրս է եկել սեփականատիրոջ տիրապետումից անկախ իր կամքից: Ընկերության գույքի օտարմանը մենք միշտ դեմ ենք եղել.

4. ձեռք բերողը խնդիր է ունենալու նաեւ ապրանքային նշանների օգտագործման հետ:

Վերոհիշյալի հիման վրա նախազգուշացնում ենք Ընկերության գույքի հնարավոր գնորդին ձեռնպահ մնալ գումարը եռօրյա ժամկետում մուծելու գործողությունից, քանի որ հակառակ դեպքում վերջինս Ընկերության գույքը հետագայում` դատական կարգով վերադարձնելու է Ընկերությանը եւ հատուցելու է Ընկերության կրած վնասները»:

16.02.2009թ.