Բանակցությունները` փուլայի՞ն տարբերակով

15/02/2009

«Ադրբեջանի զարգացման ամենակարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»,- ռուսական մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Որոշակի հույսեր կան, որ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ ճանապարհով: Խաղաղ բանակցային գործընթացին մեր հավատարմությունը մեր կառուցողական դիրքորոշման մասին խոսող հիմնական փաստարկն է: Որովհետեւ, հակառակ դեպքում` մենք խնդիրը այլ կերպ կլուծեինք»,- ասել է Ալիեւը` հերթական անգամ կրկնելով հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանական տեսակետը։ «Մենք միշտ ասել ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով: Առաջին փուլում պետք է ազատագրվեն ադրբեջանական գրավյալ տարածքները: Դրանք ԼՂ-ն շրջապատող 7 շրջաններն են: Այնտեղ պետք է վերադարձվեն մեր փախստականները եւ ներքին տեղահանվածները: Անհրաժեշտ են այդ տարածքներում ապրող ազգաբնակչության ապահովության միջազգային երաշխիքներ: Հաջորդ փուլում պետք է որոշվի ԼՂ կարգավիճակի հարցը: Այդ կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` հաշվի առնելով ԼՂ բնակչության համար բարձր աստիճանի ինքնուրույնության խնդիրը: Մեզ թվում է, որ բանակցությունների այսօրվա ֆորմատը արտացոլում է այս մոտեցումները: Այսօր Հայաստանում նոր ղեկավար կա, եւ հույս կա, որ Երեւանն այս հարցում ավելի կառուցողական մոտեցում կորդեգրի»,- հայտարարել է Ալիեւը: