Մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիներից առնվազն երեքը սպանվել են Ոստիկանության 4 ծառայողների կողմից հատուկ միջոցների կամ չարաբաստիկ «Չերյոմուխա 7»-ի կիրառման արդյունքում: Նույնիսկ պաշտոնապես արձանագրված այս փաստը հաշվի առնելով` որոշ լավատեսներ ենթադրում էին, թե քննչական մարմնին հայտնի կոնկրետ 4 ոստիկանները գոնե ձեւականորեն պատասխանատվության կենթարկվեն: Սակայն, փաստորեն, 4 մարդասպան ոստիկանները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվելու, այլեւ մինչեւ օրս շարունակում են աշխատել Ոստիկանության համակարգում: Այդ մասին երեկ ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում հայտարարել է «Մարտի 1-ի» քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Վերջինս հրապարակել է «Չերյոմուխա 7»-ի վերաբերյալ իշխանությունների համար այդքան ցանկալի ռուս փորձագետների պատասխանը, ըստ որի` մարտի 1-ին զոհված քաղաքացիների մարմիններից հանված բեկորները հնարավոր չէ նույնականացնել այն զենքերի հետ, որոնցից արձակվել են կրակոցները: Այսինքն` հայտնի է, որ կոնկրետ ոստիկաններ սպանել են կոնկրետ մարդկանց, սակայն, քանի որ հայտնի չէ, թե հատկապես որ ոստիկանի զենքից արձակված որ կրակոցից ով է սպանվել, նրանք շարունակում են «իրենց գործը» Ոստիկանության համակարգում: