Օրենքը սիրուհի չէ

15/02/2009

«Ես չգիտեմ, թե ո՞րն է օրենքները փոխելու իրական նպատակը: Ցավոք սրտի, ես այնքան էլ հակված չեմ մտածելու, թե օրենքը փոխվում է հենց նրա համար, որ հաջողված չէ,- անդրադառնալով ՔՕ 225 եւ 300 հոդվածները փոփոխելու իշխանությունների քայլերին, մեր թղթակցի հետ զրույցում ասել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, ում իշխանությունները դատական համակարգից հեռացրեցին «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին արդարացնող վճիռ ընդունելու համար: «Ակնհայտ է նույնիսկ ոչ իրավաբանի համար, որ այստեղ քաղաքական նպատակ է հետապնդվում, դեռ կերեւա: Նույնիսկ երաշխիքներ են տվել Եվրախորհրդին, որ փոխելու իմաստը քաղբանտարկյալների հարցի լուծումն է: Բայց ես այն կարծիքին եմ, որ օրենքները չի կարելի հաճախակի փոխել: Օրենքը դա հումորով ասված սիրուհի չէ, որ փոխես, կոստյում չէ, որ հարմարեցնես քո վրա, կամ` մեքենա չէ, որ թյունինգ անես: Օրենքը պետք է կիրառվի, ընդ որում, անխտիր պետք է կիրառվի, որի դեպքում նույնիսկ ամենաանհաջող օրենքը դրական էֆեկտ կունենա: Թե չէ պիտի սպասեն, որ «7-ի» դատավարության կամ մարտի 1-ի նման մի բան լինի, որ իմանան, թե այս կամ այն օրենքը ինչ-որ հարցեր էր հարուցում»,- ասում է նա: Իսկ անցած շաբաթ այդ օրենքները փոխելու համար ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն իր հայտարարություններից մեկում, ըստ էության, այն միտքն էր հայտնել, թե օրենքները միշտ պետք է հարմարեցվեն ժամանակի պահանջներին: «Վատ չի ասված, բայց ես չգիտեմ, թե մեր էս ժամանակի հետ ի՞նչ է տեղի ունեցել, որ հիմա մենք պետք է օրենք հարմարեցնենք: Գուցե Դ.Հարությունյանը բացատրե՞ր, թե ժամանակն ինչով է փոխվել: Ինչ-որ հասարակա՞րգ է փոխվել, թե՞ մեկ ուրիշ բան: Ես միշտ հիշում եմ այն առակը, թե՝ աղվեսի դունչը որ խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է: Երբ ինչ-որ մի բան փակուղի է մտնում, ինչ-որ մի բան չենք կարողանում անել, ասում ենք՝ օրենքն է մեղավոր, ու սկսում ենք օրենքը փոխել: Կամ էլ դատական համակարգը` արդարադատություն չկա, դատարան չկա, անկախություն չկա, բոլորը ծախված են, բոլորը պատվեր են կատարում, ասում ենք, թե օրենքներն են վատը»,- ասում է Պ.Օհանյանը: Նրա հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ մեր թերթի հաջորդ համարում: