«Սերժ Սարգսյանի մյունհենյան ելույթը որեւէ բովանդակային քաղաքական շեշտադրումներ, ուղղություններ չէր պարունակում: Բամբ ձայնով ելույթները դեռ ոչինչ չեն նշանակում: Պատմությունը շատ օրինակներ ունի, թե ինչպես են խրոխտ հայացքով ու բամբ ձայնով խոսում եւ հետո գնում ստորագրում ոչ շահեկան պայմանագրեր: Որեւէ բովանդակություն չտեսա նաեւ երեկվա ԲՀԿ համագումարի նրա ելույթում: Օրինակ` ԼՂ հարցում խոսում էր ինքնորոշման իրավունքն ապացուցել-չապացուցելու, ինչ-որ ընդդիմախոսների մասին. պարզ չէ` ում նկատի ուներ: Այդպես կարելի է ժամերով ելույթ ունենալ եւ տպավորություն ստեղծել, թե խոսում է ԼՂ հարցի մասին»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման ելույթ ունեցավ ԲՀԿ համագումարում: «Ես կարծում եմ, որ դրանով նա ուզեց ցույց տալ, թե ում է պատկանում ԲՀԿ-ն, կամ էլ` թե ում չի պատկանում այն: Միանձնյա ղեկավար երեւալու խնդիր Ս. Սարգսյանը ունի եւ ունենալու է: Եթե 2005-2007թթ. իշխանական համակարգը մոնոլիտ բուրգ էր, ապա դա այսօր ճաքեր է տվել: Իշխանության ներսում հակասությունները գնալով խորանալու են, դուք կտեսնեք դրանց ցայտուն դրսեւորումները, մեկին արդեն ականատես եղաք մոտ մի շաբաթ առաջ»,- պատասխանեց Ա. Մուսինյանը` նկատի ունենալով փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը:
Նա անդրադարձավ նաեւ «Յոթի գործով» դատավարությանը: Ըստ նրա` նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վերջնականապես «փարատվեցին այն կասկածները», թե ում է ձեռնտու դատավարության հետաձգումը: «Դատավորը երբ ներս մտավ ու տեսավ մեր ընկերներին ոտքի կանգնած, շփոթվեց եւ արհեստականորեն դատը ձախողեց, որովհետեւ այդ մասին հրահանգ ուներ»,- նշեց մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է Հայ Ազգային կոնգրեսի հետագա անելիքներին, ապա, ըստ նրա, ՀԱԿ-ն ունի մի քանի ռազմավարություն, սակայն թե դրանցից որը կընտրվի` կախված է քաղաքական իրավիճակից: «Հանրահավաքային պայքարի դադարը իրեն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ արդարացրեց, ընդ որում, ոչ միայն ԼՂ հարցի առումով: Այսօր մենք ներքին կազմակերպական կառուցվածքով շատ ավելի ուժեղ ենք: Քաղաքական ակտիվությունն էլ հասարակությունում աճել է` պայմանավորված ինչպես ՀԱԿ-ի ակտիվիստների ու ժողովրդի պերմանենտ շփումներով, այնպես էլ` այս իշխանությունների ապաշնորհությամբ»,- հայտարարեց Ա. Մուսինյանը:
Ի դեպ, երեկ նա նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ-ն անպայման մասնակցելու է Երեւանի քաղաքապետի ընտրություններին: «Մենք անպայման մասնակցելու ենք երկրում ընթացող բոլոր քաղաքական պրոցեսներին, բայց, քանի որ ընտրությունների ոչ օրը, ոչ էլ ժամկետները նախանշված չեն, այդ հարցը Կոնգրեսի օրակարգում չկա»,- նշեց Ա. Մուսինյանը: Հարց հնչեց նաեւ երրորդ ուժի ձեւավորման հավանականության մասին: «Եթե որեւէ ուժ դուրս կգա անկեղծ պայքարի այս բռնապետական-բանդիտական ռեժիմի դեմ, մենք կողջունենք: Բայց եթե լինելու է մի ուժ, որն իր առջեւ դնի կեղծ նպատակներ եւ փորձի ընդդիմություն խաղալ, կարծում եմ՝ հասարակությունը այնքան է հասունացել, որ այդ խայծը չի ուտի, եւ այդ ընդդիմությունը շատ կարճ կյանք կունենա»,- պատասխանեց Մուսինյանը: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանում տնտեսական ճգնաժամի ազդեցությանն ու հետեւանքներին: «Ակնհայտ երեւում է, որ այս իշխանությունները ադեկվատ չեն արձագանքում խորացող տնտեսական ճգնաժամին: Սա կարող է ծանրագույն տնտեսական հետեւանքներ ունենալ: Իհարկե, որոշ առումով սա
ՀԱԿ-ի պայքարին աջակցող գործոն է, բայց մենք կփորձենք ոչ թե օգտագործել այդ գործոնը, այլ այդ դժգոհ զանգվածի հետ մտնել երկխոսության մեջ: Կփորձենք հասկանալ նրանց խնդիրները եւ ամեն կերպ օժանդակել, որ լուծումներ գտնեն»,- ասաց նա:
Իսկ հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը ի վերջո դառնա կուսակցություն: Այս հարցի առնչությամբ էլ Մուսինյանն ասաց, թե ՀԱԿ-ը կուսակցություն դառնալու խնդիր չունի: Ըստ նրա` այն քաղաքական ուժերի կոնսոլիդացված միավոր է, «որոնք համախմբվել են մի քանի գաղափարի շուրջ եւ այլ հարցերում ունեն տարակարծություններ: Դա շատ բնական է եւ դա մեր առավելությունն է, մեր հարստությունն է, ինչն ապահովում է շատ ավելի խորը բովանդակային քննարկումներ Կոնգրեսի ներսում»: