Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հերքել է հայկական մամուլում հրապարակված այն լուրերը, որոնց համաձայն` 2007թ. եւ 2008թ. ՀՀ ընտրություններից առաջ մի քանի հարյուր հազար կեղծ անձնագրեր են տպագրվել ՌԴ-ում ապրող հայերի համար: Նա նաեւ նշել է, որ կեղծ անձնագրերի վերաբերյալ ՌԴ իրավապահ մարմինները ոչ մի հարցում չեն ուղղել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, վերջերս սպանված Գեւորգ Մհերյանին: «Եթե դուք ինձ չհարցնեիք, ես այդ մասին ոչինչ էլ չէի իմանա: Այդ մասին առաջին անգամ եմ լսում եւ հավատացնում, որ այդ ուղղությամբ ոչ մի խնդիր չի ծագել երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ»,- ասել է Յու. Չայկան: Բնականաբար, այդ հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` մամուլի այդ հրապարակումները որակելով՝ որպես «մտածված ապատեղեկատվություն»: «Վերջին ժամանակահատվածում մենք ականատես ենք լինում ակնհայտորեն սուտ հրապարակումների: Դրա նպատակը ընդամենը նեղ շրջանի մարդկանց հավատ ներշնչելն է»,- ասել է նա: Վերջինս երեկ Չայկայի հետ ստորագրել է ՀՀ եւ ՌԴ Գլխավոր դատախազությունների միջեւ հուշագիր` 2008-2011թթ. համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ: Հուշագրի համաձայն` 2009-2011թթ. 2 գերատեսչությունների համար համագործակցության առաջնային ոլորտ են լինելու մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, կոռուպցիայի կանխարգելումը, պայքարը ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործությունների, մարդկանց առեւտրի, զենքի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ եւ այլն: Սա կողմերի միջեւ ստորագրված երրորդ փաստաթուղթն է: Նշենք, որ Չայկային երեկ ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: