Երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ներկայացրեց Ռուսաստանի ՆԳՆ Փորձաքրեագիտական կենտրոնից ստացած ԿՍ-23 տեսակի զենքի եւ ժամկետանց «Չերյոմուխա 7» գազային նռնակի նույնականացմանը վերաբերող պատասխանը:
Իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր, որպեսզի ռուս փորձագետները պատասխանեն, որ նույնականացում հնարավոր չէ: Հենց դա էլ արել են մեր ռազմավարական գործընկերոջ համապատասխան ծառայությունները: Այսպիսով, ռուս փորձագետները պատասխանել են, որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ ո՞ր զենքից են արձակվել մարտի 1-ի գիշերը սպանված 3 անձանց եւ վիրավորների մարմիններից հանված «Չերյոմուխա 7» նռնակները: Արդեն հայտնի է, որ հատուկ միջոց կիրառել են Ոստիկանության Ներքին զորքերի 4 ծառայողներ, սակայն առայժմ հայտնի չէ, թե նրանցից կոնկրետ որի՞ արձակած կրակոցից կամ կրակոցներից են վիրավորվել կամ զոհվել ցուցարարները: ՌԴ-ից եկած պատասխանում գրված է, որ կրակող զենքի փողանցքից նռնակների վրա հետքեր չեն արտացոլվել, որովհետեւ «գազային նռնակների պատյանի մակերեսի եւ փողանցքի ներքին մակերեսի միջեւ չկա ուղղակի հպում, քանի որ պատյանի վրա երկու կողմից հագցված են պոլիմերային նյութից խցակներ»: Իսկ խցակների վրա եղած հետքերն էլ նույնականացման համար պիտանի չեն եղել: «Նույնաբովանդակ եզրակացության էին հանգել նաեւ մեր Փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները` նոյեմբերի 10-ին»,- հայտարարեց Վ.Հարությունյանը եւ ավելացրեց, որ ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական կենտրոնի այդ պատասխանը՝ սպանվածների մարմիններից հանված նռնակների հետ միասին, ուղարկվել է Ռուսաստան: Այսինքն՝ մարտի 1-ից մեկ տարի հետո էլ նախաքննական մարմինը չի կարողացել, իսկ որ շատ հավանական է, չի ցանկացել պարզել, թե ովքեր են կրակել ոչ միայն բոլոր 10, այլեւ ոստիկանների հատուկ միջոցներից զոհված 3 ցուցարարների վրա: Եթե սպանության մեջ հնարավոր չէ մեղադրել հատուկ միջոց կիրառած 4 ոստիկաններին, այդ դեպքում ինչո՞ւ նույն վերաբերմունքը չի դրսեւորվում «7-ի գործով» մեղադրվողների նկատմամբ, որոնց դեպքում նույնիսկ կոնկրետ մեղադրանքների ապացույցներ չկան: Այս հարցը նիստի ընթացքում հնչեցրեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` նշելով, որ, փաստորեն, նախաքննական մարմինն անուն-ազգանունով գիտի, թե ովքե՞ր են մահացու կրակոցներն արձակած 4 ոստիկանները, բայց դա չի խանգարում, որ նրանք այսօր էլ ոչ միայն ազատության մեջ լինեն, այլ շարունակեն ծառայել Ներքին զորքերում: Իսկ 7 քաղբանտարկյալները, որոնց վերագրվել են այդ սպանությունները, բայց ապացուցող փաստեր չեն ներկայացվել, 1 տարի շարունակ մնում են անազատության մեջ: Վ.Հարությունյանը օմբուդսմենի հարցին պատասխանեց անուղղակիորեն: Շրջանցելով հավասար վերաբերմունքի մասը՝ Վ. Հարությունյանն ասաց. «Կազմակերպիչները չեն մեղադրվում սպանության համար, նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք զուգորդվել են սպանություններով: Այսինքն՝ նրանց ուղղակի դիտավորությունը սպանությունների նկատմամբ բացարձակ տվյալ հանցակազմի դեպքում պարտադիր չէ, նրանք ուղղակի պարտավոր էին դա կանխատեսել եւ թույլ չտալ»:
«Մենք չենք կարողանում նույնականացման հարցը լուծել, բայց նրանք պետք է կանխատեսեին, որ տվյալ դեպքում այդ հնացած միջոցների պատճառով կարո՞ղ էին մարդիկ մեռնել: Դուք իրավաբան եք, գիտեք, որ մահն ու սպանությունները իրավաբանական տարբեր կատեգորիաներ են, դուք մահը դեռ իրավաբանական կատեգորիայից սպանության չեք վերածել, բայց նրանց դրա համար մեղադրում եք: Եթե այնտեղ «մահ» գրած լիներ, կհասկանայինք, բայց գրված է` սպանություններով զուգորդված»,- հակադարձեց Ա.Հարությունյանը: «Այո, մենք չգիտենք, թե ովքեր են կատարել սպանությունները: Տվյալ պահին չունենք սպանություններ կատարողներին, եւ պարտադիր չէ՝ կատարողի ու կազմակերպչի միջեւ համաձայնություն լինի»,- պատասխանեց քննիչը: Փաստորեն, 7 քաղբանտարկյալները մարդ չեն սպանել, չեն էլ կարգադրել, որ մյուսները սպանեն, բայց Հատուկ քննչական ծառայությանը դա չի խանգարում, որ նրանց սպանության մեջ մեղադրի: Մյուս կողմից՝ միամտություն կլինի կարծել, որ մինչեւ հիմա նախաքննական մարմինը չգիտի, թե այդ չորս ոստիկաններից ո՞վ կամ ովքե՞ր են սպանել ու վիրավորել ցուցարարներին: Իսկ նրանց ինքնությունը չի բացահայտվում, քանի որ այդ ոստիկաններն էլ իրենց ցուցմունքներում շատ ավելի «հեռուն» գնացող բացահայտումներ կարող են անել: Հանձնաժողովի անդամներն էլ հավանաբար գիտակցում են դա, բայց իրենց դերին հավատարիմ մնալով` երեկ հերթով կարծիքներ հայտնեցին ու հարցեր ուղղեցին Վ.Հարությունյանին: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը թեեւ դեմ է, բայց կարծում է, որ հին ավանդական մեթոդներով, հավանաբար՝ ծեծելով եւ այլ ճնշում գործադրելով, հնարավոր կլինի պարզել, թե 4 ոստիկաններից ովքեր են սպանել կամ վիրավորել ցուցարարներին: «Որ 4-ին էլ բռնեն ու ասեն՝ ձեզ կախելու ենք, կասեն, թե կոնկրետ որ մեկն է սպանել»,- կեսկատակ ասաց օմբուդսմենը: «Լավ, բա ի՞նչ անենք: Փաստորեն, քրեագիտության մեջ այսպիսի փակուղային իրավիճակ է ստեղծվել: Ի՞նչ անենք, որ հետագայում նմանատիպ բան չկրկնվի: Բա որ նույն իրավիճակը լինի, ու նույն կարաբիններով ծառայողներին հանեն ժողովրդի դեմ: Թող ինչ-որ բան ձեռնարկվի` ասենք՝ էդ պլաստմասսե խցակը ներկվի մի գույնի, թե որը որ զենքից է կրակվել: Կամ էլ արգելեք այդ զենքի կիրառումը, որ հնարավոր չէ նույնականացնել: Սա ապտակ է հայկական պետականությանը: Հայկական պետությունը կարողացավ ժամանակակից քրեագիտության մեջ նոր էջ բացի: Սա վիրավորական է բոլորիս համար: Մի փորձեք սահմանափակվել այդ եզրակացությամբ, թե հնարավոր չէ նույնականացնելը»,- ասաց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին էլ հետաքրքրում էր, թե նախաքննական մարմինն ինչո՞ւ է նույնականացման փորձաքննությունն այդքան ուշ պատվիրել: Կամ` նոյեմբերի 10-ին, երբ Հայաստանում կատարված փորձաքննության արդյունքում պարզվեց, որ այստեղ հնարավոր չէ նույնականացնել, ինչո՞ւ միանգամից չդիմեցին ՌԴ համապատասխան կենտրոններին եւ դա արեցին շատ ավելի ուշ` դեկտեմբերի վերջին: Ի պատասխան՝ Վ.Հարությունյանն ընդամենն ասաց, թե համաձայն չէ, որ 10 ամիս հետո դիմելը ուշացած է: Ա.Կարապետյանին հետաքրքրում էր նաեւ, թե սպանությունների դեպքում հատուկ միջոցի կրակոցները դիմահա՞ր են եղել, դա տեղի է ունեցել «ռեկաշետի» արդյունքո՞ւմ: Վ.Հարությունյանը պատասխանեց, որ դա էլ հնարավոր չի եղել պարզել` ասելով, թե սպանվածների մարմնին հպվելուց հետո էլ հնարավոր է՝ գազային նռնակների գլխիկներին հետքեր մնան: Քննչական խմբի ղեկավարը, իր ասելով, հետաքրքրվել է, բայց չի կարողացել պարզել, թե մինչեւ հիմա աշխարհում հատուկ միջոցից վիրավորված կամ սպանված մարդիկ եղե՞լ են: Վ.Հարությունյանը նաեւ ավելացրեց, որ նույնիսկ մի իռլանդացի փորձագետի է դիմել եւ բացասական պատասխան ստացել: «Լիարժեք բացահայտում ունենալու համար տեխնիկական մասով փորձաքննությունն այս պահին սպառված է, եւ միմիայն զուտ քննության ու օպերատիվ ճանապարհով տվյալներ ստանալու դեպքում հնարավոր կլինի ունենալ պատկեր, թե ինչ է տեղի ունեցել»,- ավելացրեց քննիչը եւ այդպիսով հասկացնելով, որ փակվում է սպանությունների մեջ որեւէ ոստիկանի մեղադրելու թեման:
«Փաստորեն, մենք կարող ենք թեման փակել եւ երբեւէ չստանալ 3 զոհերի մահվան պատճառների պատասխանը: Միջազգային փորձաքննության ի՞նչ հնարավորություն եք տեսնում, որ մենք կարող ենք դիմել եւ նույնացման պատասխանը ստանալ, թե՞ ընդհանրապես ձեր խոսքերից զգացվում է, որ փորձագիտական առկա ռեսուրսը չի կարող տալ այդ հարցի պատասխանը: Մենք երբեւէ չե՞նք կարող գտնել այդ 3 հոգուն սպանողներին: Պետք է պատասխան տան մարդիկ, որոնց գործողությունների արդյունքում մարդ է սպանվել»,- ասաց հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը: Իհարկե, Վ.Հարությունյանն ավելացրեց, որ թեեւ առայժմ այդ ռեսուրսը չկա, բայց չի բացառում, որ հանկարծ օտարերկրյա ինչ-որ կազմակերպություն հայտարարի, որ կարող է որոշել, թե արձակած նռնակները ո՞ր զենքից են դուրս եկել: Քննիչը այս առումով նաեւ զգուշացում արեց լրագրողներին. «Իմ ասածը չաղավաղեք, չծռեք, որովհետեւ հիմա շահարկումներ կլինեն, թե չենք ցանկանում եւ այլն»: Հանձնաժողովը ՀՀ Ոստիկանապետից նաեւ պատասխան է ստացել, որ այդ ժամկետանց «Չերյոմուխա 7» հատուկ միջոցը ոչ թե Հատուկ հանձնաժողովի փորձաքննության, այլ ամենամյա զորավարժության արդյունքում են փորձարկել: «Արդեն այդ ժամանակ մարդիկ սխալ են թույլ տվել»,- ասաց հանձնաժողովի ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: Հնչեցին նաեւ «Չերյոմուխա 7»-ը կիրառությունից հանելու մասին կարծիքներ: Ա.Մինասյանը նաեւ ուզում էր իմանալ, թե 10 սպանությունների հետ կապված արդյո՞ք առանձին քրեական գործ հարուցվել է: Եվ արդյո՞ք չեն ցանկանում հատուկ միջոց օգտագործած 4 ոստիկանների աշխատանքը գոնե ժամանակավոր կասեցնել: «Արդյո՞ք վտանգ չի սպառնում հասարակությանը, որ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանները, որոնց գործողությունների արդյունքում զոհվել են 3 քաղաքացիներ, դեռեւս շարունակում են աշխատել իրավապահ համակարգում»,- հարցրեց պատգամավորը: Վ.Հարությունյանը պատասխանեց, որ զոհվածների մասով առանձին գործ հարուցված չէ, դրանք բոլորը քննվում են 1 ընդհանուր գործի շրջանակում, իսկ քանի դեռ ոստիկաններից որեւէ մեկի նկատմամբ կոնկրետ մեղադրանք առաջադրված չէ, նրանց աշխատանքից ազատելը նպատակահարմար չէ: Ու այդպիսով Վ.Հարությունյանը երկրորդ անգամ հաստատեց, որ 3 հոգուն սպանած ոստիկանները ոչ միայն չեն բացահայտվելու եւ չեն ձերբակալվելու, այլեւ շարունակելու են կատարել իրենց գործը:
Իհարկե, հնչեցին նաեւ ուղղորդող կամ որոշակիորեն իրադարձությունների հետագա սցենարներ ուրվագծող հարցեր: Օրինակ, ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը կարծիք հայտնեց, թե միգուցե այդ ոստիկանների անզգույշ կամ օրինական գործողությունների՞ արդյունքում են ցուցարարները զոհվել: Միգուցե կարելի է հայտնել, որ այս դեպքում թեթեւ պատիժ է սպասվում եւ կրակող ոստիկաններն ինքնակա՞մ խոստովանեն: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էլ հակասություն էր տեսել հատուկ միջոց օգտագործած ոստիկանների ցուցմունքների եւ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի խոսքերի միջեւ: Նրա ասելով՝ բոլոր ոստիկանները գրել են, թե 45 աստիճանի անկյան տակ են կրակել, իսկ Գ.Գրիգորյանը պատմել է, որ ոստիկանը կրակ է արձակել իրենց շարասյան մեջ մխրճվող ավտոբուսի վարորդի ուղղությամբ: Այդ հակասությունը Ս. Նիկոյանը ներկայացրեց թերեւս հետեւյալ հարցը հնչեցնելու նպատակով` գուցե ոստիկանը օրինաչա՞փ գործողության արդյունքում է սպանել վարորդին: Վ.Հարությունյանը ծանոթ է այդ դրվագին, բայց հակասություն չի տեսնում, որովհետեւ ոստիկանների զեկուցագրերում հստակ մանրամասներ չկան: Իսկ վարորդը, նրա խոսքերով, փախչելուց առաջ վառված գազի 3 լիտրանոց բալոն է նետել ոստիկանների ուղղությամբ: Ըստ Վ.Հարությունյանի, բալոնը եղել է ավտոբուսի մեջ, որով ոստիկաններն իրենց համար սնունդ են պատրաստել: «Ես այս էքսպերտիզաներին չեմ վստահում: Չեմ վստահում, որ 4 հոգի են եւ 3 սպանված, ու այդ պայմաններում հնարավոր չի գտնել ու պարզել, թե ո՞վ է սպանությունների համար մեղավոր: Ես մնում եմ նույն կարծիքին, որ սիմետրիկությունը չի պահպանվել: Այսինքն, երբ իրավապահների մեղավորության մասին է խոսքը` բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք հնարավորություն չեն տալիս կողմնորոշվելու համար, բայց հենց գործը հասնում է ընդդիմադիրներին, պարզվում է՝ ամեն ինչ շատ պարզ է: Այս ոչ սիմետրիկ, միակողմանի գործունեությունը անվստահության հիմք է ստեղծում»,- հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանը: «Փաստորեն մեր երկրում անպաշտպանություն է, ժողովուրդ: Պետք է դուք հուսադրող ինչ-որ մի բան ասեք, հակառակ դեպքում այսօր հույսներս կտրեցինք: 11 ամիս քննություն է գնում, հասարակությանը հուսադրող բաներ պետք է ասենք, պարոն Հարությունյան»,- քննիչին դիմելով` ասաց Ա.Մինասյանը: «Փաստորեն, մարդը եկավ, ասեց, թե՝ մեզ վրա հույս չդնեք»,- ավելացրեց Ա.Կարապետյանը: