Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված, համալրված համակարգ» («GSP+») առեւտրային ռեժիմից օգտվելիս Հայաստանը կարող է տարեկան նվազագույնը 100-200 մլն դոլարի օգուտ ունենալ, եթե կարողանա հաղթահարել տեխնիկական բարդությունները եւ օգտվել այդ համակարգի ընձեռած հնարավորություններից: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ըստ որի, այդ համակարգը հատկապես լայն հնարավորություններ է ընձեռում սննդի վերամշակման ոլորտում գործունեության համար, քանի որ Եվրամիությունում այդ ոլորտի համար սահմանված մաքսատուրքերը բավականին նվազում են: Նրա խոսքերով, Հայաստանը «GSP+» համակարգի հնարավորություններից օգտվելու պարագայում դեռ որոշ անելիքներ ունի:
«Մենք կարող ենք զրոյական տարիֆ ունենալ մի երկրի հետ, սակայն որակի անհամապատասխանության առումով չկարողանանք մուտք գործել այդ երկրի շուկա, քանի որ ունենք, այսպես կոչված, «առեւտրի տեխնիկական բարդություններ»: Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ մեր կողմից ներկայում տարվող բանակցությունները նպատակ ունեն վերացնելու այդ բարդությունները»,- ասել է Ն. Երիցյանը: Ըստ նրա` մասնավոր դեպքերում որակի անհամապատասխանությունները վերացնելու համար որոշ քայլեր եւ ներդրումներ են պետք, ինչպես նաեւ՝ ժամանակակից լաբորատորիաներ, բանիմաց կադրեր, որոնք կկարողանան բիզնեսը ղեկավարել: Անհրաժեշտ է նաեւ ենթակառուցվածքների զարգացում, որպեսզի հնարավոր լինի ցանկացած ապրանքի համար ճանապարհ հարթել դեպի այլ երկրների շուկաներ: «Մենք պետք է կարողանանք այդ խնդիրը լուծել ընդհանուր բարեփոխումների շրջանակներում, քանի որ առանձին կազմակերպություններ դա անել չեն կարող. նրանց ծախսերն էապես կավելանան: Հույս ունենք, որ առաջիկա տարիներին այս առումով լուրջ առաջընթաց կունենանք: Միջպետական համաձայնագրերով այդ հարցը չի կարգավորվում, դա զուտ գիտելիքների եւ տեխնիկական հնարավորությունների հարց է»,- ասել է Ն. Երիցյանը:
Նշենք, որ Հայաստանը հունվարի 1-ից օգտվում է Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված, համալրված համակարգ» («GSP+») առեւտրային ռեժիմից, ինչը հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6 հազար 400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով: Մասնավորապես, նախատեսվում է մաքսատուրքերի կրճատում ծխախոտի համար՝ մինչեւ 52, տարբեր բնական հյութերի համար` 30, մրգերի համար` 20, բանջարեղենի համար` 14, ձկնամթերքի համար` 20, մեղրի համար` 17 տոկոսով:
2009թ. հունվարի 1-ից մինչեւ 2011թ. ավարտը «GSP+» համակարգից կօգտվեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պարագվայը, Պերուն, Շրի Լանկան եւ Վենեսուելան: Եվրոպական միության կողմից «GSP+» համակարգից օգտվելու նախապայման է հանդիսացել ՄԱԿ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունած, ինչպես նաեւ միջազգային 27 կոնվենցիաների վավերացման ու արդյունավետ կիրարկման հարցը: